byurie

Կոպենհագենի հարատևությունը

Կոպենհագենը տարօրինակ քաղաք է։ Հարատևությունն ու ժամանակավորությունն էստեղ միախառնվում են իրար, ու դու անընդհատ մեկից մյուսն ես ընկնում՝ չհասկանալով, թե ինչպես է դա ստացվում։

Հարատևը վայրերն են, սովորությունները, տոներն ու իրադարձությունները, որ տարիներ շարունակ վայրկյանների ճշգրտությամբ կրկնվում են, ու շատ դեպքերում նույնիսկ համավարակն ի վիճակի չէր կանգնեցնել այդ բոլորը։ Հարատևը նաև մարդիկ են, որոնք բոլորն իրենց տեղերում են՝ նույն թաղամասերում, աշխատավայրերում, սրճարաններում։ Բայց միևնույն ժամանակ մարդիկ նաև ժամանակավոր են․ շատերն անվերադարձ հեռանում են քաղաքից, ու ստիպված ես անընդհատ նորերին որոնել։ Ոմանք էլ հեռանում են քեզնից, ու թեև նույն քաղաքում եք ապրում, համարձակությունդ չի ներում գրել, ասել՝ արի հանդիպենք։

Ժամանակավոր են նաև բնակարանները։ Մարդիկ անընդհատ տեղից տեղ են տեղափոխվում, մինչև գտնում են իրենց երազանքների բնակարանը, որն էդպես էլ հարատև չի դառնում։ Դու հազվադեպ կտեսնես մարդկանց, որոնք տասնյակ տարիներ նույն բնակարանում են ապրում։

Այս բոլորի արդյունքում նրանք, ովքեր օտար են այստեղ, բայց եկել են հարատևության հույսով, վաղ թե ուշ հանդիպում են իրար ու ցանց կազմում։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս մարդկանց ճանապարհները տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ հատվում են․ նույն միջոցառումներին են մասնակցում, նույն սրճարաններն են գնում, նույն փաբերում են գարեջուր խմում, նույն թաղամասերում են ապրում, նույն գրադարաններն են այցելում, ֆեյսբուքի նույն խմբերում են պոստում։ Բայց տարօրինակն այն է, որ երբեմն պիտի տարիներ անցնեն, մինչև անընդհատ տարբեր իրավիճակներում հանդիպածդ մարդկանց հետ իսկապես ծանոթանաս․ կարծես հարատևության քննությունն են հանձնում։ Այն նախորդ անգամները, երբ գտնվել ենք համալսարանի նույն լսարանում կամ խմել եք նույն փաբում կամ միմյանց պատասխանել եք ֆեյսբուքի նույն պոստի տակ, դեռ չեք իմացել, որ երկուսդ էլ հարատև եք, որ արժե հուզական ներդրում անել։ 

Կոպենհագենում հուզական ներդրումները թանկ արժեն։

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.