byurie

Listens: Julia Stone memory machine

Համայնքներ

Սկանդինավյան հոկտեմբերը դեպրեսիայի բուն է։ Կարծես արդեն իմ ռիտուալն ունենամ. օրերի կարճանալու ու ցրտելու հետ մեկտեղ սկսում եմ Ջուլյա Սթոուն լսել ու հիշողությունների գիրկն ընկնել, մինչև հոկտեմբերը վերջանում է, ու սկսվում է ձմեռային ժամանակին անցնելու պատճառով առաջացած անքնության դեմ պայքարը։

Այս տարի հոկտեմբերի առաջին մեկ երրորդը Կանադայում անցկացնե՞լս էր պատճառը, թե՞ ուրիշ գործոններ էլ կային։ Ամեն դեպքում, հոկտեմբերյան մելանխոլիան ուշանում էր, ու միայն այսօր ինձ այցելեց։ Միացրեցի Ջուլյա Սթոունը ու սկսեցի անցնել Դանիայում ապրածս երկարուձիգ յոթուկես տարիների վրայով։ Ի՞նչն է փոխվել հիմա, ի՞նչն էր ուրիշ։

Ժամանակին համայնքներ ունեի. մարդկանց խմբեր, որոնց հետ կանոնավոր կերպով հանդիպում էի։ Դանիերենի խումբս կար, որոնց հետ ամեն երեքշաբթի դասից հետո գնում էինք գարեջրվելու։ Գրողների խումբը կար, ու միասին գրում էինք, հույզեր դուրս թափում, զրուցում մինչև ուշ գիշեր։ Կար նաև բուսակերների խումբը, որի ղեկավարներից Ադամն իր տանը պարբերաբար հավաքույթներ էր անում։ Գործում էր և ՊհԴ-ակումբը, որի շրջանակներում ամիսը մեկ հավաքվում ու մեր ակադեմիական դարդերից էինք խոսում։ Տարբեր միթափներ կային, որոնց միջոցառումներին պարբերաբար գնում էի։ Ընթերցանության խումբը կար։

Հետո Օրհուսը եկավ, սոցիալական կյանքս էնտեղ տեղափոխվեց։ Եվ էնտեղ էլ կին գրողների խումբ ունեինք, յոգայի ակումբ ունեինք, կոլեգաներիս հետ պարբերաբար ընթրիքներ էինք կազմակերպում։

Հիմա ոչինչ չկա։ Իհարկե, Կոպենհագենում բազմաթիվ ընկերներ ունեմ, բայց նրանցից բոլորի հետ առանձին-առանձին եմ հանդիպում. իրար չեն ճանաչում։ Դանիերենիս խմբից միայն Անդրեասն է Դանիայում մնացել, մեկ էլ Օլիվիան, որին մի վեց կարի կլինի՝ չեմ տեսել։ Ադամը գնաց Դանիայից, ու էդպես վերացավ նաև բուսակերների խումբը։ ՊհԴ-ակումբը փակվեց մեր ավարտելու հետ։ Մի երկու անգամ փորձեցի դեռ Կոպենհագենի համալսարանում մնացած, պոստդոկ անողներին իրար գլխի հավաքել, չստացվեց, բոլորը վերջին վայրկյանին ավելի կարևոր գործեր ունեին։ Միթափը լրիվ մեռած տարածք է դարձել։ Ընթերցանության խումբը կորոնայի հետ ցրվեց, ու հիմա տիտանական ջանքեր եմ թափում այն վերականգնելու համար. առաջին հանդիպումը լավ է անցել։ Գրողների խումբն էլ անհետ կորավ. հավաքվելու բոլոր հաղորդագրություններս անարձագանք են մնում։ Տիտանական ջանքեր եմ թափում նաև գրողների նոր խումբ ստեղծելու համար, որն էլ ավելի դժվար է։

Էս ֆոնին կարոտում եմ անցած տարիները, կարոտում եմ նաև Օրհուսը։ Օրհուսում էնքան ոչինչ չէր կատարվում, որ ցանկացած միջոցառում միշտ մարդաշատ էր անցնում։ Էնտեղի բնակիչներն էին նաև տարբեր. շատ ավելի հեշտ էր մարդկանց հետ մտերմանալ, հոգեկան կապ հաստատել։ Կոպենհագենում մարդիկ կարծես նման բան չեն փնտրում. մեծ նպատակների հետևից եկել են մայրաքաղաք։ 

Իհարկե, տարիքն էլ մեծ դեր ունի։ Իմ տարիքի մարդիկ արդեն երեխաներ ունեն ու ստեղծել են ծնողական իրենց համայնքները։ 

Ու կարոտում եմ համայնքները, կարոտում եմ ռիտուալները։ Կարոտում եմ այն ժամանակները, երբ գլուխ չէի ջարդում, թե ում հետ դուրս գամ ուրբաթ երեկոյան։ 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.