Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Վալերիա Լուիզելիի «Կորած երեխաների արխիվը»

Լուիզելիի «Կորած երեխաների արխիվը» վաղուց էր գրապահարանումս ինձ սպասում․ Մորթենն արդեն կարդացել էր, ուզում էր կարծիքս իմանալ, իսկ Էնջըլն արդեն քանի ամիս է անընդհատ խորհուրդ է տալիս։ Ես ինքս էլ դեռ Լուիզանայի գրական փառատոնից սպասում էի այս գրքին․ հարցազրույցի ժամանակ Լուիզելին ասել էր, որ ԱՄՆ-ի փախստական երեխաների համար թարգմանիչ է աշխատում ու ուզում է այդ թեմայով գիրք գրել։

Lost Children Archive by Valeria Luiselli — Lonesome Reader

«Կորած երեխաների արխիվն» ԱՄՆ-ում մեքենայով ճամփորդության դուրս եկած մի ընտանիքի պատմություն է՝ հայր, մայր, որդի և դուստր։ Հայրն ու մայրը վավերագրողներ են։ Մայրը խիստ հետաքրքրված է Կենտրոնական Ամերիկայից եկած ԱՄՆ-ի սահմանը հատող փախստական երեխաների ճակատագրով, հայրը՝ ապաչների պատմությամբ։ Էսպիսով, թեև տարբեր պատճառներով, երկուսին էլ հետաքրքրում է ԱՄՆ-ի հարավային սահման գնալը։

Գրքի կենտրոնում ընտանեկան դրաման է․ տղամարդն ու կինը բաժանման եզրին են, ու գուցե վերջին անգամ են միասին ճամփորդում։ Մենք ականատես ենք լինում նրանց հարաբերությունների փլվելուն, ու թե ինչպես է դա ազդում երեխաների վրա։ Բայց այս ամենին միախառնված են նաև այլ՝ կորած երեխաները, որ մեն-մենակ սահման են հատում, բռնվում, հայտնվում փախստականների ճամբարում՝ բավական դաժան պայմաններում, ու մեծ մասամբ հետ ուղարկվում այնտեղ, որտեղից եկել են, հաճախ անհետանում, կորում անապատում։ Իսկ կորած երեխաների պատմությանը միահյուսվում է նաև ապաչների պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ բանակը տեղահանել բնիկ ամերիկացի ապաչներին իրենց բնակավայրերից։

Ամբողջ գիրքը լի է «ձայնային էֆեկտներով»։ Կինն էլ, տղամարդն էլ ձայնագրիչներով են ամեն տեղ գնում։ Մենք լսում ենք բնության ձայները, լսում ենք իրենց փախստական հարազատներին կանչողների ձայները, ապաչների՝ անցյալից եկող ձայները, լեռներում ընտանիքի անդամների ձայնի արձագանքները։ Լսում ենք նաև երգեր ու աուդիո գրքեր, որոնք միացնում են մեքենայով շարժվելիս։

«Կորած երեխաների արխիվը» հիմնականում պատմվում է ընտանիքի մոր, մի քիչ էլ որդու տեսանկյունից։ Ընտանիքի մոր համար գերխնդիր է փախստական երեխաներին օգնել ապաստան ստանալ։ Դրա համար վավերագրում է ու ռադիոյի համար նյութ պատրաստում այդ թեմայով։ Բայց նաև հարցեր է տալիս․ «Ինչպե՞ս կարող է ռադիո վավերագրությունն օգնել, որ ավելի շատ անփաստաթուղթ երեխաներ ապաստարան ստանան։ Մյուս կողմից, ինչու՞ պետք է որևէ ձայնային գործ կամ պատմություն պատմելու այլ ձև որևէ հատուկ նպատակի ծառայի»։ Շարունակելով հարցերի շարանը՝ անդրադառնում է նաև էթիկական խնդրին․ «Եվ ինչու՞ եմ ընդհանրապես կարծում, թե ուրիշի տառապանքով պետո է արվեստ ստեղծեմ»։ Այստեղ Լուիզելին կերպարի ձայնով կարևոր հարց է բարձրացնում ուրիշի տառապանքով արվեստ ստեղծելու մասին, մի բան, որ հենց ինքն անում է այս գրքով, անում է, որովհետև փախստական երեխաների թեման ուղղակի իրեն հանգիստ չէր տալիս տարիներ շարունակ, անգամ այդ թեմայով մեկ այլ՝ ոչ գեղարվեստական գիրք գրելուց հետո («Ասա ինձ, թե ինչպես է այն ավարտվում․ 40 հարցով էսսե»)։

Վեպի ողջ ընթացքում հղումներ են կատարվում տարբեր գրքերի։ Դրանք կարդացած լինելն ընթերցողին օգնում է «Կորած երեխաների արխիվն» ավելի լավ հասկանալ։ Հիշատակվում է, օրինակ, Բոլանյոյի «2666»-ը (ի դեպ, Բոլանյոն Լուիզելիի սիրած գրողն է)։ Պետք է գրքին ծանոթ լինես, որ հասկանաս, թե կորած երեխաներն ինչից կարող են փախչելիս լինել, ինչու է նրանց համար այդքան կարևոր նման վտանգավոր ճամփորդության գնալ ու ԱՄՆ սահմանը հատել։ Պետք է Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» կարդացած լինես, որ հետևես առաջարկվող այլընտրանքին՝ իրական կորած, առանց մեծահասակների մնացած երեխաներին։ Պետք է Սամանթա Շվեբլինի «Տենդային երազի» բովանդակությունն իմանաս, որ նկատես «փրկարարական հեռավորության» հիշատակումը, ու թե ինչ կատարվի, երբ երեխաները դրանից այն կողմ անցնեն։

Ինչպես «Դեմքեր ամբոխի մեջ վեպում», այնպես էլ «Կորած երեխաների արխիվում» Լուիզելին նույն հնարքին է դիմում․ այստեղ նույնպես կա գիրք գրքի մեջ, որը հետագայում առարկայանում, միաձուլվում է իրականությանը, կորում է անցյալի ու ներկայի միջև սահմանը։ Այս հնարքով Լուիզելին փորձում է ընթերցողին մոտեցնել կորած երեխաների ողբերգությանը, որին միջին վիճակագրական ամերիկացին խիստ անհաղորդ է։

«Կորած երեխաների արխիվում» ընտանիքի փոքրիկ տղան պոլարոիդներով լուսանկարներ է անում, որոնք պահում է կարմիր գրքի մեջ։ Գրքի վերջում տեղադրված են այդ լուսանկարները՝ որպես լրացուցիչ վավերագրական նյութ կորած երեխաների մասին։

Ընդհանուր առմամբ, այս վեպում Լուիզելին նախկինի համեմատ ավելի համարձակ քայլերի է դիմում․ տեքստից բացի գործածում է նաև այլ միջոցներ՝ ձայն, պատկեր, արկղեր իրենց պարունակությամբ։ Վեպի միջի վեպն ավելի շատ տեղ է զբաղեցնում։ Փորձարկում է նաև բոլանյոական հնարք՝ տասնյոթ էջանոց նախադասություն։ Տեղ-տեղ այս փորձերը ձախողվում են։ Մասնավորապես, գրքի միջի՝ կորած երեխաների մասին պատմող գիրքը, դժվարությամբ է իր նկատմամբ հետաքրքրություն առաջացնում, քանի որ խիստ անդեմ ու անանձնական է, ի տարբերություն հենց վեպի միջի երեխաների՝ ընտանիքի մոր ընկերուհի Մանուելայի երկու դստրերի պատմության։

«Կորած երեխաների արխիվը» Լուիզելիի առաջին վեպն է անգլերեն։ Կարելի է հարցնել, թե ինչու է այս անգամ նախընտրել ոչ թե իսպաներեն, այլ անգլերեն գրել։ Այստեղ, կարծում եմ, բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ գիրքը հենց ամերիկացիներին է ուղղված՝ նրանց, ում քթի տակ փախստական երեխաներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում, ու ովքեր ամեն օր լսում են լուրերը կորած երեխաների մասին, հետո հանգիստ շարունակում իրենց կյանքը, ասես ոչին չի պատահել։

Tags: Գրականություն
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments