Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Կիրակնօրյա

Ականջակալներս դնում եմ ու դուրս գալիս վազելու։ Ես ո՞ր օրվա դրսում վազողն եմ։ Փողոցի ծայրին հասնելուն պես անցնում եմ քայլելուն։ Վազել չի ստացվում։ Ոչ թե հոգնում եմ, շունչս է կտրվում, այլ ներսից ինչ-որ արգելակ կա, որ հրամայում է՝ մի՛ վազի։ Մարդկանց հայացքնե՞րն են։ Անհարմար հագու՞ստս։ Վազելուն ոչ հարիր դանդաղ երաժշտությու՞նը։

Մեր թաղամասի այգին

Զբոսնում եմ մոտակա այգում՝ մեր թաղամասի միակ կանաչ տարածությունում, որը ցանկացած ոչ անձրևոտ օր մարդաշատ է։ Հենց նախատեսածս տասնհինգ րոպեն լրանում է, տուն եմ գնում՝ էդպես էլ առաջին մի րոպեից հետո ոչ մի վայրկյան չվազելով։ Ավելի ուշ Մորթենի հետ եմ տնից դուրս գալիս, գնում ենք մոտակա խանութից բանջարեղեն գնելու։ Հերթի մեջ էինք կանգնած, երբ Էնջըլից էսէմէս եմ ստանում․ «Տա՞նն ես։ Քնա՞ծ ես։ Որոշեցի առանց զանգելու գալ։ Ուղղակի ուզում էի գիրքդ վերադարձնել»։ Մորթենին թողնում եմ հերթի մեջ, ինքս տուն գնում՝ Էնջըլին դիմավորում։
— Գիտեմ, որ անքաղաքավարի եմ,- բացատրում է Էնջըլը,- ուղղակի տանն էլ չէի դիմանում, որոշեցի դուրս գալ, քայլել։
Զարմացել էի, որովհետև դեռ երեկ գրել էր, որ սկեսրոջ տուն է գնալու։ Բացատրեց, որ ի վերջո չգնաց, որովհետև հինգ հոգին արդեն հավաքվել էին, ինքը վեցերորդն էր լինելու։ Դրա համար ամուսնուն ուղարկեց, ինքը մնաց։

Քայլեցի Էնջըլի հետ, գնացինք իր գրասենյակ, որտեղ պիտի ինչ-որ լար թողներ։ Լրիվ դատարկ շենքի միջով քայլելն ինչ-որ ապոկալիպտիկ շունչ ուներ։ Ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր, ամեն տեղ դիմակ կրելու զգուշացումներ էին ու ձեռքերն արտահանող միջոց, բայց ոչ մի մարդկային շունչ չկար։

Հետո գալիս ենք մեր տուն թեյ խմելու։ Վալերիա Լուիզելլիի «Կորած երեխաների արխիվից» ու պոլարոիդներից ենք խոսում։ Էնջըլը Բոլանյոյի «2666»-ն է խնդրում։
— Նկատե՞լ ես, «Կորած երեխաների արխիվում» հղում կա գրքին։
Էնջըլը նկատած չի լինում։
— Երրորդ արկղում է՝ ճամփորդում է հետները։ Հետո էլ․․․ հեռավոր կապ ունի «Կորած երեխաների» թեմատիկայի հետ։
Մոռացա ասել նաև, որ Լուիզելլիի սիրած գիրքն է։

Երեկոյան Մորթենի հետ սկսում ենք Էթվուդի մաստերկլասը նայել։ Էթվուդը գրելու պրոցեսից է խոսում։ Էնքա՜ն գիտակ է, էնքա՜ն ինտելեկտուալ։ Դրանից հետո Մորթենն ուղարկում է ինձ գրելու․
— Ուզում եմ կարդալ այդ վեպդ,- ասում է։
Երևանում էլ շատերին հանդիպելիս հարցնում էին՝ վե՞պդ ինչ եղավ։ Բոլորին խոստացել եմ, որ ինձնից կախված մասը 2021-ին կավարտեմ, ինչպես մի տարի առաջ խոստացել էի 2020-ին ավարտել։ Խոստացել եմ, բայց ոչինչ չեմ անում էդ ուղղությամբ․ ուշադրությունս ահավոր վատ է, երկու-երեք րոպեից երկար չեմ կարողանում որևէ բանի վրա կենտրոնանալ։ Էթվուդն ասում է՝ եթե չես կարողանում սկսել գրել, ուրեմն ինչ-որ բանից վախենում ես։ Ինչի՞ց եմ վախենում։

Մորթենն ինձ խոհանոցում մենակ է թողնում, որ գրեմ։ Ականջակալներս դնում եմ, սկսում եմ գրել, փորձում եմ կերպարիս հետ կապ ստեղծել։ Ահավոր բարդ է, կարծես կորցրել եմ նրան, բայց կարողանում եմ 741 բառ էկրանին հանձնել․ արդեն 35 էջ ունեմ։ Հետո սահուն անցում եմ կատարում բլոգիս ու գրում այն, ինչ գիտեմ։ Գրելը վազելու նման չէ․ տասնհինգ րոպեն անցնում է, իսկ ես դեռ գրում ու գրում եմ։

Tags: Ծակ մտքեր
Subscribe

  • Շնորհավոր Սուրբ Ծնունդ

    Պարզվում է` Ծննդյան տոներին նվիրված հայտնի երգերը ժամանակին հայերեն թարգմանողներ եղել են: Իսկ հիմա կատարողներ են պետք: Շնորհավոր Սուրբ Ծնունդ

  • Հիսուսը, անդամալույծը և կոնվերսիոն խանգարումը

    Մարկոս 2:1-12 հատվածը սովորաբար մեկնաբանում են այսպես. անդամալույծին բերում են Հիսուսի մոտ բժշկելու, բայց նա տեսնում է ավելի խորքային խնդիրը՝ ասելով…

  • Եկել է հարության ժամանակը

    Կյանքում մտքովս չէր անցնի Ցեղասպանությունն ու քրիստոնեությունը համեմատել, եթե Սուրբ Զատիկն ապրիլի 24-ին չլիներ: Ի դեպ, առնվազն 1900 թվից մինչև հիմա…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments