Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Մարգըրեթ Էթվուդի «Կույր մարդասպանը»

Էթվուդի «Կույր մարդասպանը» հորս խորհրդով կարդացի։ Հետո, Էթվուդը նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյին ուղղված բաց նամակը ստորագրողներից էր, որում պահանջում էին միջոցներ ձեռնարկել, որ Թուրքիան դադարեցնի իր մասնակցությունը պատերազմին։

The Blind Assassin by Margaret Atwood: 9780385720953 |  PenguinRandomHouse.com: Books

«Կույր մարդասպանը» բավական բարդ գիրք է այս ժամանակներում կարդալու համար․ երբ կենտրոնացումդ հազիվ հինգ րոպե է, ու անընդհատ լուրերն ես ստուգում, երբ մի քանի էջ կարդում ես՝ առանց ուշադրություն դարձնելու բովանդակությանը, երբ ամեն օր մի նոր ահավոր լուր նորից քեզ ներվայնացնում է, գիրք կարդալն ահավոր դժվար մի գործ է դառնում։ Ու առավել դժվար է «Կույր մարդասպանը»։

Վեպը բավական բարդ կառուցվածք ունի։ Այնտեղ կա պատմություն պատմության մեջ, որի մեջ նույնպես պատմություն կա, ու պիտի ուշադրությունդ լարես, որ էս բոլորը կարողանաս ուղեղիդ մեջ պահել։ Գիրքը սկսվում է պատմողի քրոջ՝ Լաուրա Չեյսի մահվամբ, որ հավանաբար ինքնասպանություն է։ Այնուհետև պատմողը՝ Իրիսը, ընթերցողին տանում է դեպի իր մանկություն քսաներորդ դարասկզբին, Տորոնտոյից ոչ հեռու մի հորինված քաղաքում ու պատմում իր ընտանիքի, իր քրոջ մասին, անցնում երկու համաշխարհային պատերազմներով՝ ներկայացնելով բոլոր դեպքերը, որոնք բերեցին քրոջ մահվանը։

Այս պատմությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է Լաուրա Չեյսի՝ հետմահու հրատարակված «Կույր մարդասպանը» վեպից հատվածներով երկու սիրահարների մասին։ Այստեղ էլ կերպարներից մեկն իր հերթին մի այլ պատմություն է պատմում կույր մարդասպանի մասին։ Վեպը կարդալու ընթացքում կամաց-կամաց հասկանում ես, թե հիմնական պատմությունն ինչ կապ ունի այս «վեպի մեջ վեպի» հետ։

Էթվուդն ուղղակի վարպետորեն է գրել վեպը։ Կտոր-կտոր իրականությունը բացահայտելով՝ ուշադիր ընթերցողին պարգևատրում է ավարտին հասնելուց շատ առաջ։ Եթե ուշադիր ընթերցող ես և եթե հետ ես գնում, սկզբի որոշ հատվածներ վերընթերցում, որոշ բաներ հասկանում ես շատ ավելի շուտ, քան դրանց մասին բացահայտ գրվում է։ Հետևաբար, վերջի սյուժեի շրջադարձն իրականում շրջադարձ չէ, այլ մի բան, որ հեղինակը քեզ արդեն ասել է։

Մի բան, որ այդպես էլ չի բացահայտվում, այդպես էլ կերպարներից ոչ ոք չի իմանում, բայց կարծես բանից տեղյակ ընթերցողն ինքը հասկանում է, կերպարներից մեկի՝ Ալեքս Թոմասի ազգությունն է։ Ալեքսը որբ է լինում, կենսաբանական ծնողներին չի հիշում։ Կանադա բերված է լինում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նրան գտել են այրված տան փլատակներում, որտեղ բոլորը մահացած են լինում։ Հարցին, թե որտեղ են գտել նրան, Ալեքսը պատասխանում է․ «Չգիտեն։ Ֆրանսիան կամ Գերմանիան չէր։ Դրանից արևելք, այն փոքր պետություններից մեկում»։ Հետո գրքում մի քանի անգամ հղում է արվում նաև Ալեքսի մգոտ մաշկին։ Գիտենք նաև, որ պրեսբիտերականներն են նրան որդեգրել ու Կանադա բերել։

Գրքում սկզբում աղջիկների մայրը, իսկ նրա մահվանից հետո՝ նրանց խնամող աղախինը, երբ աղջիկներն ուտելիքը կիսատ էին թողնում, ասում էին․ «Հիշիր սոված հայերին»։ Հետո, մեկ այլ կոնտեքստում, երբ աղջիկներն ուտելիք էին հասցնում Ալեքսին, Իրիսն ասաց․ «Ալեքս Թոմասը պիտի որ սոված հայերը լինի»։ Իսկ Լաուրայի համար դա ծիծաղելի չէր, այլ ճշմարտություն։ Ընթերցողն էլ այս բոլոր կտորները միացնելով մտածում է, որ հավանաբար Ալեքսը հայ է։

Հետաքրքիր է նաև, թե ով է իրականում կույր մարդասպանը։ Իհարկե, վեպի միջի վեպի պատմության մեջ կա հենց բառի ամենաուղղակի իմաստով կույր մարդասպան, բայց փոխաբերական իմաստով կարծես վեպում մեկ ուրիշին էլ է վերաբերում կույր մարդասպան լինելը, բայց դա թողնում եմ ընթերցողին, որ ինքներդ պարզեք։

«Կույր մարդասպանը» բուքերյան մրցանակի է արժանացել։ Հետաքրքիրն այն է, որ այն շատ նման է տարիներ անց բուքերյան մրցանակ ստացած մեկ այլ վեպի՝ Ջուլիան Բարնսի «Վերջի զգացմանը» (նկատեցի, որ վերջինիս երբևէ չեմ անդրադարձել բլոգումս, չգիտեմ ինչու)։ Երկուսի պատմողներն էլ ծեր մարդիկ են, մի դեպքում կին, մյուսում՝ տղամարդ։ Երկուսն էլ հետ են գնում դեպի անցյալում կատարված դեպքերի ու երկուսում վերջում էլ սյուժեի շրջադարձ կա։ Բայց Բարնսի համեմատ Էթվուդը շատ ավելի մեծ վարպետությամբ է գրել վեպը․ նախ «Կույր մարդասպանի» կառուցվածքն է բարդ, երկրորդ ուշադիր ընթերցողին հուշումներ միայն Էթվուդն է տալիս, իսկ Բարնսը ստիպում է, որ «սպասես» վերջին, որ իմանաս ինչն ինչոց է (բայց հանուն արդարության դնում է կերպարի մաշկի մեջ, քանի որ նա էլ է վերջում ամեն ինչ իմանում)։

Գիտեմ, որ շատերիդ Էթվուդը «Աղախնի պատմությունով» է հայտնի։ Վերջերս, ի դեպ, հայերեն թարգմանությունն է լույս տեսել։ Չնայած որ «Կույր մարդասպանով» իրոք հիացած եմ, չգիտեմ՝ երբևէ Էթվուդից ևս մեկ գիրք կկարդա՞մ։ Ամեն դեպքում, «Կույր մարդասպանը» խորհուրդ եմ տալիս, չնայած չեմ կարող ասել, թե ինչքանով է «Աղախնի պատմությանը» նման, ավելի լավը կամ ավելի վատը։

Tags: Գրականություն
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments