Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Սամանթա Շվեբլինի «Փոքրիկ աչքերը»

Սամանթա Շվեբլինի «Փոքրիկ աչքերը» (իսպաներեն վերնագիրը՝ «Կենտուկիներ») այս տարվա Բուքերյան մրցանակի լոնգլիսթում է:



Գրքի բովանդակությունը կառուցված է կենտուկի կոչվող խաղալիքի վրա․ կենտուկին փափուկ խաղալիքի տեսքով թվային սարք է, որ կարող ես գնել ու տանը պահել։ Կենտուկին կառավարում է մեկ ուրիշը իրա տանը նստած՝ համակարգչով կամ տաբլետով։ Այսպիսով, կառավարողը տեսնում ու լսում է կենտուկիի տիրոջ տան անցուդարձը, բայց կենտուկիի տերը գաղափար չունի, թե ով է ու որտեղից է այն կառավարում, եթե, իհարկե, հաղորդակցման հնարամիտ միջոցներ չի գտնում։


«Փոքրիկ աչքերի» հերոսները աշխարհի տարբեր հատվածներում բնակվող, տարբեր տարիքի, սեռի ու ազգության մարդիկ են, որոնց մի բան է միավորում․ միայնությունն ու այլ մարդկանց հետ մտերմանալու ուժեղ ցանկությունը։ Կենտուկին կարծես պետք է որ այդ բացը լրացնի, բայց միակողմանի հաղորդակցությունը շատ դժվար է, ու բոլորն էլ փորձում են այլընտրանքային կապ հաստատել մյուս կողմի հետ։


Գիրքը լրացուցիչ իմաստ է ստանում այն ժամանակներում, երբ բոլորս ֆիզիկապես կտրված ենք մեր ընկերներից ու հարազատներից, երբ կապի միակ միջոցն ինտերնետն է, ու տեսախցիկներով ու միկրոֆոններով մտնում ենք միմյանց տներ։ Կենտուկին այս ամենից մի քայլ այն կողմ է․ նույնը, բայց միակողմանի, բայց անծանոթի հետ։ Ի՞նչն է մարդկանց դրդում անծանոթներին թույլ տալ իրենց տուն մտնել կամ ի՞նչն է դրդում ուզենալ անծանոթի կյանքին հետևել։ «Փոքրիկ աչքերում» Շվեբլինն այս հարցերն է քննում՝ տարբեր կերպարների խիստ տարբեր մոտիվացիաներն առաջ քաշելով։ Բայց գրեթե բոլորին միավորում է մի բան․ նրանք փորձում են իրենց իրականությունից փախչել ու այլ իրականության մեջ մտերմություն գտնել։


Թվում է՝ կենտուկիների գոյությունը կարող են աշխարհը քաոսի վերածել։ Բայց իրականում բոլոր պատմությունները առօրեական են, մարդկային ու իրական, իսկ չարաշահումները, դրանցից մի քանիսն ինչքան էլ ահավոր լինեն, զարմանալի չեն ու լրիվ տեղավորվում են մարդկային հասարակության տրամաբանության մեջ՝ թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։


Վերջում Շվեբլինը քննում է նաև արվեստ-իրականություն խնդիրը․ ի՞նչ կլինի, եթե կենտուկին արվեստագետի ձեռքն ընկնի։ Որտե՞ղ է արվեստի ու իրականության սահմանը։ Կարո՞ղ է արդյոք արվեստագետը ուրիշի պատմությունն առանց հարցնելու արվեստի գործ դարձնել։ Իրավունք ունի՞ արվեստագետն ուրիշին հենց այդպես մերկացնել հանդիսատեսի առաջ։ Արժե՞ անձի զգացմունքները զոհել հանուն արվեստի։


Ինչպես «Տենդային երազում» Շվեբլինը կոտրում էր սարսափի սահմանները, «Փոքրիկ աչքերում» էլ կոտրում է գիտաֆանտաստիկի սահմանները՝ պատմելով այնպիսի սարքերի մասին, որոնք ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում կարող են հանգիստ գոյություն ունենալ, բայց քանի չկան, ուրեմն ֆանտաստիկ են։

Tags: Գրականություն
Subscribe

Recent Posts from This Journal

  • Արտոնյալ լինելու մասին

    Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակն» եմ կարդում։ Դեռ հազիվ մեկ երրորդին եմ հասել, ու գրքին առանձին կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ վեպի…

  • Թոնի Մորիսոնի «Սիրեցյալը»

    Black Lives Matter շարժման ժամանակ իրենց առաջադեմ համարող բազմաթիվ սպիտակներ իրենց նետեցին գրախանութները ու սկսեցին ռասիզմի մասին գրքեր փնտրել։…

  • Թովե Դիթլևսենն ու նրա մանկության փողոցը

    Թովե Դիթլևսենը Մեր դիմացի մայթին մի մանկապարտեզ կա, որ կոչվում է «Մանկության փողոց»։ Մոտակա փողոցներից մեկի մայթին սալիկներ կան՝…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments