byurie

Սամանթա Շվեբլինի «Տենդային երազը»

Արգենտինացի գրող Սամանթա Շվեբլինի «Տենդային երազը» վիպակում հիվանդանոցում մեռնող Ամանդան իր կյանքի վերջին օրերի պատմությունն է պատմում մահճակալին նստած փոքրիկ Դավիթին։ Ամանդան Դավիթի մայրը չէ, բայց Դավիթն այնտեղ է ու պնդում է, որ Ամանդան ամենայն մանրամասնությամբ պատմի իր կյանքի վերջին օրերի պատմությունը։

Ամբողջ պատմությունը լսում ենք Ամանդայից, երբեմն Դավիթն օգնում է (կամ խանգարում)։ Ամանդան դստեր հետ Բուենոս Այրեսից գալիս է այս հեռավոր գյուղը հանգստանալու, որտեղ ծանոթանում է Դավթի մոր՝ Կառլայի հետ։ Կառլան պատմում է, որ տարիներ առաջ Դավիթը թունավորվել է, ու կանաչ տանն ապրող էքստրասենց կինը Դավթի կյանքը փրկելու համար նրա հոգու մի մասը տեղափոխում է ուրիշ մարմին։ Այդ օրվանից Դավիթը նույնը չի լինում։

Շվեբլինի վիպակը շունչդ պահած ես կարդում։ Սկզբում ահավոր վախենում ես, հետո դրան գումարվում են բազմաթիվ այլ զգացողություններ։ Գիրքը վայր դնել չի լինում ու չպիտի վայր դնես, որովհետև եթե կիսատ թողեցիր, հաջորդ օրը շարունակեցիր, որոշ մանրամասներ բաց կթողնես ու վերջում չես հասկանա, թե վիպակն ինչի մասին էր կամ ինչ էր կատարվել։

Իրականում ինչի մասին լինելը ես բաց թողեցի, չնայած որ հեղինակը բավական տեսանելի հուշումներ էր անում։ Մի տեղ կարդացի, որ Արգենտինայի գյուղական բնակավայրերում թունաքիմիկատների մասին է, ու թե ինչպես են տեղի բնակիչները դրանց ձեռքին տանջվում. երեխաների մի մասը խնդիրներով են ծնվում, մի մասը հետագայում են խնդիրներ ձեռք բերում։

Բայց վիպակը նաև գյուղի ու քաղաքի հակադրության մասին էր։ Գյուղում բժիշկ չկա, էքստրասենսի հույսին են։ Գյուղում կոպիտ, ոչ օրգանիկ սիսեռ են ուտում, որից Ամանդան երբեք չի առնում։ 

Վիպակը նաև ծնողի անհանգստությունների մասին է. Ամանդան ու Նինան միմյանց կապված են անտեսանելի մի թելով, որ Ամանդան փրկարարական հեռավորություն է անվանում, այսինքն՝այն նվազագույն հեռավորությունը, որ Նինային վատ բան պատահելու դեպքում Ամանդան կարող է փրկել նրան։ Այդ հեռավորությունը տարբեր հանգամանքներից կախված կարող է մեծանալ ու փոքրանալ։ Ու որպես ընթերցող մենք հաղորդակից են դառնում Ամանդայի բոլոր զգացողություններին։

Պատմելու ընթացքում Ամանդան հաճախ որոշակի մանրամասների վրա է կենտրոնանում, իսկ Դավիթն ասում է՝ դա կարևոր չէ։ Միայն մի քանի տեղ շեշտում է, որ այ դա կարևոր է։ Էդպես էլ չհասկացա, թե ինչն էր կարևոր, ինչը՝ չէ։ Բայց հենց դրա համար պիտի նորից կարդամ, որ ոչ մի բան բաց չթողնեմ։

«Տենդային երազը» նաև ահագին հետաքրքիր կառուցվածք ունի։ Ծայրից ծայր Ամանդայի ու Դավիթի երկխոսությունն է, ու թե Ամանդան կարծես ժամանակագրական հերթականությամբ պատմում է վերջին օրերին տեղի ունեցածը, բայց նաև ժամանակային թռիչքներ են տեղի ունենում։ Հիման ու անցյալը երբեմն ձուլվում են իրար, իսկ վերջում նաև ապագան է ձուլվում հիմային։

Իսկ ու՞ր է Նինան այդ պահին, երբ Ամանդան հիվանդանոցում է։ Վիպակի ողջ ընթացքում հարցը մի քանի անգամ կրկնում է Ամանդան, ընթերցողը լարված սպասում է պատասխանի։ Վերջում պատասխանը ստանում է. Նինան էլ է թունավորվել, ու էքստրասենսը նրա հոգին էլ է տեղափոխում։ Բայց վերջում նաև հասկանում ես, որ Նինայի ինչ֊որ մասնիկ Դավթի մեջ էլ կա։ Բայց դա միայն ապագայի՞ Դավիթն է, թե՞ նաև ներկայինը, որը զրուցում է մեռնող Ամանդայի հետ։

Ընդհանրապես, անցյալ տարի Օրհուսի գրական փառատոնի ժամանակ Սամանթա Շվեբլինը որպես սարսափ ժանրի գրող էր գովազդվում, բայց Շվեբլինն իրականում սարսափ գրող չէ. «Տենդային երազով» կոտրում է սարսափի սահմանները, ցույց տալիս, որ ամենավախենալուն ոչ թե ուրվականներն ու վամպիրներն են, այլ պարզ ու հասարակ փրկարարական պարանի պոկվելը։ Գրքի օրիգինալ վերնագիրը, ի դեպ, «Փրկարարական հեռավորություն է»։

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.