?

Log in

No account? Create an account

Նախորդը | Հաջորդը

Գրական փառատոնների լավն այն է, որ կարդացածդ հեղինակներին բեմի վրա տեսնում ես իրենց սեփական գործերի մասին հարցազրույցներում։ Բայց լավ է նաև այն, որ նոր հեղինակների ես բացահայտում. ծրագիրը փորփրում ես, գնում ես հարցազրույցը լսելու։ Դուրդ եկավ, կարող ես կարդալ։

Շվեդ գրող Լինդա Բոստրյոմ Կնաուսգորդը հենց այդ հեղինակներից էր։ Երբ Օրհուսի LiteraturExchange փառատոնի ծրագիրն էինք փորփրում, որ որոշենք՝ որ միջոցառմանը ներկայանանք, որին՝ ոչ, հանկարծ Լինդա Բոստրյոմ Կնաուսգորդի լուսանկարն աչքներովս ընկավ։

Image result for linda boström knausgård

Առաջին միտքն էր՝ սիրուն ու հետաքրքիր արտաքինով կին է։ Գուգլեցի, որ տեսնեմ, թե ինչ գրքեր է գրել։ Ահագին զարմացա, երբ հայտնաբերեցի, որ Լինդան հիմա քառասունյոթ տարեկան է ու այլ տեսք ունի, իսկ այս լուսանկարնը հավանաբար առնվազն քսան տարվա հնություն ունի։ Ու այդտեղից էլ հետաքրքրություն առաջացավ. ինչու՞ է հեղինակն այսքան հին նկարով ներկայանում։

Ռումմեյթս՝ Բիրգիթը, որ շվեդական գրականության գիտակ է, ծանոթ էր Լինդա Բոստրյոմ Կնաուսգորդի գործերին, բայց առանձնապես հիացած չէր։ Ինքն այդ նույն ժամին զուգահեռ ուրիշ միջոցառման էր գնալու։ Բայց քանի որ զուգահեռ միջոցառման մեկ այլ շվեդ հեղինակը բավական անհետաքրքիր թվաց, որոշեցինք այնուամենայնիվ գնալ Լինդա Բոստրյոմ Կնաուսգորդին տեսնելու. պետք է խոսեր իր «Բարի գալուստ Ամերիկա» վիպակի մասին։

Մինչ հարցազրույցը մի քանի դետալ էլ պարզեցի հեղինակի մասին. հայտնի նորվեգացի գրող Կառլ Օվե Կնաուսգորդի նախկին կինն է։ Կառլ Օվե Կնաուսգորդը «Իմ պայքարը» վեց հատորանոց ինքնագեղարվեստական գրքի հեղինակն է։ Վեցերորդ հատորում մանրամասն ներկայացրել է դեռ այն ժամանակ իր կնոջ՝ Լինդա Բոստրյոմ Կնաուսգորդի հոգեկան հիվանդությունն ու հոսպիտալացվելը։ Հենց էդպես վերցրել ու կնոջ կյանքը բացեիբաց դարձրել է իր գրքի մի մասը՝ նրան դարձնելով անչափ խոցելի։

Հարցազրույցը շվեդերեն֊դանիերեն էր. մոդերատորը դանիերեն հարցեր էր տալիս, Լինդան շվեդերեն պատասխանում էր։ Ինձ համար ահագին դժվար էր շվեդերեն հասկանալը, հազիվ առանձին բառեր էի որսում։ Բայց արտաքինից կարելի էր ասել, որ ահագին փակված էր ինքն իր մեջ, ու շատ հարցերի խուսափողական պատասխան էր տալիս։ Տեղ֊տեղ էլ աչքերը լցվեցին։

Գրքից հատվածներ կարդացին։ Էլի շվեդերենը հազիվ էի հասկանում, բայց լեզուն ուժեղ էր թվում։ Վերջում Մորթենն էլ հաստատեց, որ վիպակի լեզուն հզոր էր։ Էդպես հանուն լեզվի որոշեցի ամեն դեպքում կարդալ գրքի դանիերեն թարգմանությունը։

https://imgcdn.saxo.com/_9788711840429/0x500

Երբ իսպաներենից անգլերեն կամ անգլերենից հայերեն թարգմանություն ես կարդում, գիտես, որ թարգմանություն է, օրիգինալը չէ։ Իսկ ի՞նչ է շվեդերենից դանիերեն թարգմանությունը։ Ի՞նչ է անում թարգմանիչը։ Միայն ուղղագրությու՞նն է փոխում ու տեղ֊տեղ խիստ անհարմար բառերը դանիերեն համարժեքներով փոխարինում, թե՞ ավելի շատ աշխատանք կա անելու ճիշտ էնպես, ինչպես մյուս թարգմանությունների դեպքում է։ Չգիտեմ։ Դրա համար չեմ կարող ասել՝ «Բարի գալուստ Ամերիկայի» օրիգինա՞լն եմ կարդացել, թե՞ թարգմանությունը, թե՞ արանքում մի ինչ֊որ տարբերակ։ Բայց հաստատ կարող եմ ասել, որ լեզուն իրոք ուժեղ էր։

«Բարի գալուստ Ամերիկան» մի տասներկուամյա աղջկա մենախոսություն կամ ավելի ճիշտ մենագրություն է։ Աղջիկը հոր մահվանից հետո որոշել է չխոսել։ Հենց էդպես, վերցնում է ու մի օր սկսում է այլևս ոչինչ չասել։ Անգամ գրելով ու ժեստերով չի հաղորդակցվում (մի քանի անգամ բլոկնոտում գրած մի երկու արտահայտությունը չհաշված)։ Սկզբում կարելի է կարծել, որ համրանալը պարզապես վշտի դրսևորում է։

Բայց գրքի ընթացքում իմանում ենք, որ աղջիկն ինքն անընդհատ ուզել է, որ հայրը մեռնի, անգամ աղոթել է դրա համար։ Իմանում ենք նաև, որ գնալով հեռանում է իր ընտանիքից՝ մորից ու եղբորից։ Սկսում է իրեն միայնակ զգալ, փորձում է նորից մոր և եղբորը մոտենալ, բայց չխոսելը խանգարում է։ Իսկ մայրը կարծես նրա թիմակիցը լինի ու շատ չի անհանգստանում, որ դուստրը չի խոսում։

Աղջկա պատմածից իմանում ենք, որ այս սովորական երջանիկ թվացող շվեդական ընտանիքում ամեն ինչ այնքան էլ կատարյալ չէ, ինչքան կարելի է պատկերացնել։ Հայրը հոգեկան հիվանդ էր, մոր վրա ձեռք էր բարձրացնում, մի քանի անգամ էլ կյանքի համար վտանգավոր բաներ է արել։ Աղջիկը եզրակացնում է, որ հոր մահը բոլորի համար ձեռնտու է։ Միևնույն ժամանակ զարմանում է, որ հոր մահվանից հետո կյանքը նորմալ հունով շարունակվում է։

Հերոսուհին հարցականի տակ է դնում իր ինքնությունը. ինքը չգիտի՝ մեծահասակ է, թե երեխա։ Որոշ տեղերում նաև խեղաթյուրվում է իրականությունը, հայրը հայտնվում է։ Ու չգիտի՝ դա իրեն դուր է գալիս, թե չէ։ Միայն մի բան հաստատ գիտի. ուզում է, որ մայրը երջանիկ լինի։

Հարցազրույցներից մեկում Լինդա Բոստրյոմ Կնաուսգորդն ասել է, որ փոքր ժամանակ ինքն էլ էր սիրում չխոսել, բայց դա ամենաշատը երկու օր էր տևում։ Ասում էր՝ չխոսելն իր համար ինքնապաշտպանություն էր։ Ու էդպիսով ստեղծել է այս կերպարը, որն ավելի կատարյալ է, ավելի հաստատակամ, էդպիսով վերլուծել է, թե ինչպիսին է չխոսողի առօրյան, ինչ մտքեր ու ինչ անհագստություններ ունի։

Գրքի անգլերեն թարգմանությունն էլ կա։ Եթե աչքներովդ ընկնի, անպայման կարդացեք։

Պիտակներ:

Flag Counter

Բլոգատեր

byurie
Բյուրակն

Latest Month

November 2019
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Պիտակներ

Powered by LiveJournal.com