?

Log in

No account? Create an account

Նախորդը | Հաջորդը

Անսովոր մի բան էր երեկվա երեկոն։ Գրական փառատոնի մի հատված էր, եզակի անգլալեզու միջոցառումներից մեկը։ Վենդին էր կազմակերպել։ Փառատոնից մի քանի ամիս առաջ հարցրել էր, թե արդյոք կուզենամ միջոցառմանը որևէ բան ներկայացնել։ Համաձայնել էի։ Մորթենին էլ էր հարցրել։ Ինքն էլ էր համաձայնել։ Ֆորմատը սթորիթելինգ էր լայն իմաստով, այսինքն՝ ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հեղինակ պիտի բեմից ներկայացներ իր գործերից ինչ ուզում էր. իրական կամ հորինված պատմություն, բանաստեղծություն, պատմվածք, երգ, պիես և այլն։

Ու էդպես երեկ երեկոյան հավաքվել էինք։ Եղանակը վատն էր։ Դրա համար խարույկի միտքը չեղարկվեց։ Փոխարենը ներսում տեղի ունեցավ միջոցառումը։ Վախենում էինք՝ հեղինակներից բացի ոչ ոք չի գա։ Բայց դահլիճը լրիվ լցվել էր, նստելու տեղ էլ չկար։ Ելույթ ունեցող հեղինակներից շատերին ճանաչում էի. մի մասին Օրհուսի գրող կանանց խմբից գիտեի, մի քանիսին՝ Օրհուսի անգլալեզու գրողների խմբից, իսկ մի փոքր խմբի գործի տեղից։

Ամենահետաքրքիրն էն էր, որ գրողների ու հանդիսատեսի ճնշող մեծամասնությունը համալսարանում ակադեմիական հաստիքներ զբաղեցնողներ էին։ Ու ասենք միջոցառումը համալսարանի հետ ընդհանրապես կապ չուներ, Վենդին ինքն էլ համալսարանի հետ երբևէ գործ չի բռնել։ Բայց այ էստեղ են արվեստն ու գիտությունը էդպես հեշտությամբ հատվում։ Արվեստն ու գիտությունը միշտ էլ ձեռք ձեռքի տված են առաջ գնում։

Բեմում ժանրային բազմազանությունն ու կատարումների որակն ուղղակի շշմեցուցիչ էր։ Շատ հազվադեպ էր լինում, որ որևէ մեկը ձանձրացներ, դրանք էլ միայն նրանք էին, ովքեր ուրիշի գրած գործեր էին բերել իրենց սեփականի փոխարեն։ Պոեզիայից մինչև իրապատումներ, կատակերգություններից մինչև հեքիաթներ, ամեն ինչ կար։

Իմ նյութը ինքնագեղարվեստական ժանրից էր։ Հատուկ այս միջոցառման համար էի գրել ու հատուկ որևէ այլ հարթակում չտեղադրելու նպատակով։ Տեքստը Մորթենի օգնությամբ հղկել էի, կատարման վրա էլ քիչ էի աշխատել։ Վախենում էի՝ բեմի վրա կհուզվեմ ու տեքստս ռոբոտի նման կկարդամ։ Բայց չգիտեմ՝ հանդիսատեսի բարեհամբույր ներկայությու՞նն էր, թե՞ կես շիշ գարեջուրը։ Ամեն դեպքում բեմի վրա լրիվ դերի մեջ մտա։ Էն կարգի, որ միջոցառումից հետո շատերը մոտենում էին ու ասում՝ ինչ հրաշալի գործ էր, ուզում էին տպագրված տեսնել։ Ոմանք էլ հարցնում էին, թե արդյոք իրականություն էր պատմածս, թե չէ։ Ես էլ չէի պատասխանում։

Մորթենն էլ քաղաքական երգիծանք էր բեմադրել։ Իհարկե, քանի որ ներկաներից շատերը դանիացի չէին, մեծմասամբ չհասկացան, թե ինչի մասին է։ Բայց ով էլ հասկացավ, մի լավ ծիծաղեց։ Մորթենի պիեսում Դանիայի արդեն նախկին վարչապետի տողերը ես էի կարդում։ Չգիտեմ՝ ինչ էր խելքիս փչել, բայց հենց էդ դերը ուզեցի վերցնել։ Այ սա ավելի շատ էի փորձել, քան իմ տեքստը։ Ու էդ փորձերը մի գերագույն հաճույք էին։

Միջոցառումից հետո էլ մի քանի հոգով նստեցինք գետի ափին գարեջրով ու ջին֊տոնիկով։ Ուշ էր՝ կեսգիշերն անց։ Էնքա՜ն ջերմություն, էնքա՜ն հարազատություն կար։ Օրհուսի շրջապատս մի յուրահատուկ ձևով եմ սիրում։ Էստեղ մենք իրար հաճախ չենք տեսնում, բայց երբ էլ տեսնում ենք, ժամերն էնպես են թռնում, որ չենք նկատում։ Օրհուսն էն քաղաքներից է, որտեղ ամեն օր լիքը բաներ են խմորվում, լիքը գաղափարներ են առաջ գալիս ու դրանք իրագործվում են։ Երեկվա միջոցառումն էլ դրանցից մեկն էր։ Ու գիտեմ՝ էլի նորերը կլինեն։ 

Flag Counter

Բլոգատեր

byurie
Բյուրակն

Latest Month

November 2019
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Պիտակներ

Powered by LiveJournal.com