Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Ֆեյսբուքիս ֆիդում որտեղից որտեղ գովազդ հայտնվեց, թե՝ մայիսի 18֊ին Վեգայում Any Other֊ը համերգ է տալու։ Անունը կյանքում չէի լսել, բայց կատարողի արտաքին տեսքից ենթադրեցի, որ հավանաբար դուրս կգա, սկսեցի փորփրել։ Առաջին երգը, որ աչքովս ընկավ Something֊ն էր.

Երգը լրիվ 90֊ականների երաժշտությունն էր հիշեցնում։ Ու էնքան դուրս եկավ, որ շարունակեցի փորփրել, որ տեսնեմ՝ արժե՞ համերգին գնալ։

Պարզեցի. Any Other֊ը իտալացի երգչուհի֊երգահան Ադել Նիգրոյի նախագիծն է։ Մինչև այժմ երկու ալբոմ ունեն թողարկած, որոնցից առաջինը թողարկվել է, երբ Ադելը դեռ քսանմեկ տարեկան էր, իսկ երեկ արդեն քսանհինգ դարձավ։

Երաժշտական քննադատներն Any Other֊ը համեմատում են 90֊ականների ինդի հնչողության ու ժամանակակից Վաքսահաչիի գրչի հետ (հանուն արդարության ասեմ, որ Վաքսահաչին էլ 90֊ականների հնչողություն ունի, մի օր էլ առանձին նրա մասին կգրեմ)։

Any Other֊ն իտալական երաժշտական աշխարհից առանձնանում է նրանով, որ երգերը բացառապես անգլերեն են, ազդեցությունն էլ անգլո֊ամերիկյան է։ Այնուամենայնիվ, Ադել Նիգրոն նաև իր ուրույն ձայնն ունի. երգերը անկեղծ են ու հուզական, հաճախ շատ ուղիղ, երեսին շրմփացնող բառերով։ Կատարելիս Ադելը չի խնայում հույզերը ու ամբողջությամբ դրանք փոխանցում է վոկալով։

Անցյալ տարի թողարկվել է Any Other֊ի երկրորդ ալբոմը՝ Two, Geography։ Թեև նույն անկեղծությունն ու հուզականությունը պահպանված է, բայց հնչողությունը մի քիչ փոխվել է. ավելի շատ գործիքներ ու ջազային տարրեր են ավելացել (ալբոմային տարբերակում, ի դեպ, բոլոր գործիքներն Ադելն ինքն է նվագում)։

Ներքևում Two, Geography ալբոմի առաջին սինգլն է՝ Walkthrough։ Բավական միօրինակ տողերով, որտեղ միայն ձայն ինտոնացիան է փոխվում, երգչուհին ունկնդրին է փոխանցում դեպրեսիայի ողջ ողբերգությունը՝ ոչինչ չզգալու առաջացրած անտանելի ցավը։

Any Other֊ի գործունեությունն էդպես մանրամասնորեն ուսումնասիրելուց հետո որոշեցի. մայիսի 18֊ի մնացած բոլոր պլաններս թողնում եմ մի կողմ ու գնում համերգին։

Իսկ Վեգայի ամենափոքր համերգասրահում հազիվ երեսուն հոգի կլիներ, որոնցից շատերը համերգը բացող դանիացի Սարա Լյուին լսելու էին եկել։ Any Other֊ը լրիվ անծանոթ էր դանիական հանդիսատեսին, իսկ օրն այնքան էլ հարմար չէր. Վեգայի մյուս երկու դահլիճներում էլ համերգ կար, իսկ որ երաժշտասերներն էլ համերգ չէին գնացել, «Եվրատեսիլով» էին խառը։ Բայց դա չխանգարեց, որ Any Other֊ը հոյակապ համերգ տա։ Ադել Նիգրոն նույն ձայնային ելևէջներն օգտագործում էր նաև բեմի վրա՝ դահլիճին փոխանցելով ամենաուժեղ հույզերը, այն աստիճանի, որ դրանցից պաշտպանվելու համար հանդիսատեսը կամաց֊կամաց հեռանում էր բեմից։

Բավական կարճ տևած համերգի ընթացքում կատարեցին հիմնականում հենց երկրորդ ալբոմի երգերը ու վերջում միայն անդրադարձան երկու հին երգերի։ Դրանցից մեկը Something֊ն էր, որը վերևում տեղադրել եմ, մյուսը՝ Sonnet #4֊ը։ Վերջինիս ժամանակ խմբի բոլոր երաժիշտները հեռացան բեմից, ու Ադել Նիգրոն միայնակ կատարեց այն՝ ակուստիկ կիթառով։

Համերգից հետո երկու ալբոմների վինիլները գնեցինք ու մի երկու բառ փոխանակեցինք Ադելի հետ։ Մորթենն է ասում է՝ չեմ հավատում, թե իտալացի է, շատ ամերիկյան էր շարժուձևը։ Բայց Ադել Նիգրոն մաքուր իտալացի է, Իտալիայում մեծացած։ Ասում եմ՝ երևի այն ինտրովերտ երեխաներից է, որ ամբողջ պատանեկությունն անց է կացրել անգլոամերիկյան ռոք լսելով։

Ու հիմա ուզում է Իտալիայի սահմաններից դուրս գա։ Եվ արդեն ստացվում է։

Tags: 90-ականներ, Երաժշտական
Subscribe

  • Մագալի Միշո

    Կինոթատրոնում հերթ էինք կանգնել, որ ֆիլմից առաջ խմելու բան գնեն. ֆրանսիական ֆիլմի երկուշաբթին էր, որ սիրում ենք հաճախել։ Մեկ էլ մի կին մոտեցավ մեզ,…

  • Անահորիշ

    Անահորիշ իռլանդերենից թարգմանաբար նշանակում է պարզ ջրերի տեղ։ Իռլանդացի պոետ, նոբելյան մրցանակակիր Շիմըս Հինիի բանաստեղծություններից մեկն է, որը…

  • Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 9, Կապույտ երազ

    Յոենսուի լավ կողմերից մեկն այն է, որ քանի որ քաղաքում ոչինչ չի կատարվում, ամեն հետաքրքիր բան իրականացնելը քեզ վրա է։ Կարող ես զբաղվել էնպիսի…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments