Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

  • Music:

Պատմություն հեծանիվի կողպեք ճարելու մասին

Ինչքան էլ ծանր ու դժվար լիներ Յոենսուում հեծանիվ գտնելը, ավելի զարմանալի էր դրա այդ նույն հեծանիվի համար հուսալի կողպեք ճարելը:

Դասերից հետո Մարկի կողպեքը դրեցինք այնտեղ, որտեղ պատվիրել էր, վերցրինք մեր հեծանիվները ու գնացինք սուպերմարկետ կողպեք գնելու: Քանի որ հեծանիվներից երկուսը կողպեք չունեին, որոշվեց, որ մեկս պիտի դրսում մնա, հեծանիվներին նայի, մյուսները մտնեն խանութ: Ըստ էության, քանի որ Վանեսայի հեծանիվը կողպեք ուներ, պետք է որ ինքը դրսում մնար, բայց որովհետև մեջներից հարիֆը ես եմ, որովհետև արագ-արագ սկսեցին թվարկել, թե ինչ է իրենց պետք (իսկ ինձ միայն կողպեք էր պետք), ինձ թողեցին դրսում ու հարցրին՝ ինչ բերեն:
- Կողպեք... տասը եվրոյի սահմաններում: Էն ստիցներից չբերեք:

Կես ժամ սպասեցի: Լիքը մարդիկ եկան, մտան սուպերմարկետ, դուրս եկան, իսկ համակուրսեցիներս չկային: Շուտով հայտնվեցին՝ ձեռքներին երկու կողպեք: Դրանցից վատը պարզում են ինձ.
- Մտածեցինք՝ էս հաստը կարմիրին, բարակը՝ քեզ:
Իհարկե, նրանք ավելի թանկ էին վճարել մյուս հեծանիվի համար, ու ուզում էին պաշտպանել այն, բայց դա չէր նշանակում, որ ես չէի ուզում՝ հեծանիվս ապահով լինի: Ինձ տվեցին այն կողպեքներից, որ ասում էինք՝ սովորական դանակով ցանկացած մարդ էլ կկտրի: Տվեցին ու ասացին, որ ութ եվրո արժեր: Էստեղ լրիվ գժվեցի, որովհետև այդ ստից կողպեքները սովորաբար երկու-երեք անգամ դրանից ավելի էժան են: Ուղղակի էս մեկն ավելի երկար էր, իմ ասած գնին էլ մոտ էր, բռնել-բերել էին: Մտքիս մեջ հա քֆրտում էի՝ լավ, չէի՞ն կարող զանգել, ասել, որ ներս գնամ կամ դուրս գային, ասեին՝ դու գնա, նայի:

...
Էսօր էլի պիտի Մարկին հանդիպեի, որովհետև արգելակելիս հեծանիվս զզվելի ձայներ էր հանում, ինչից բոլորը վեր էին թռնում, ես էլ հետները: Իսկ Մարկը պատրաստակամություն էր հայտնել ցանկացած խնդրի դեպքում անվճար նորոգել:

Մոտեցավ հեծանիվիս, վերևից նայեց, ներքևից նայեց, քշեց, արգելակեց, ասաց, որ քանի դեռ անձրևում է, խնդիրը չի վերանա: Եթե շատ եմ նեղվում, կարող եմ հետևի արգելակով բավարարվել: Հակառակ դեպքում պետք է ուղղակի վարժվել ձայնին: Ու մեկ էլ կողպեքն աչքով ընկավ:
- Սա այնքան էլ հուսալի չէ,- մրթմրթաց:
- Իսկ որտեղի՞ց կարող եմ շղթա գնել,- անմիջապես հարցրի:
- Գործիքների խանութից,- ասաց:
- Որտե՞ղ կա:
- Արի քեզ տանեմ:
Հանեց այփեդը, գուգլեց, գտավ խանութի հասցեն ու աշխատանքային ժամերը, ասաց՝ նստիր հեծանիվդ, գնացինք:

Ու տարավ ինձ: Արդեն մթնում էր: Մտանք մութ անտառներ: Սիրտս կանգնեց: Չլինի՞ մանյակ է: Բա որ տանի, գլուխս ուտի: Բայց չէ, էս մարդուն ամբողջ Յոենսուն գիտի: Համ էլ ասում են՝ ապահով քաղաք է, էստեղ վախենալու բաներ չեն լինում: Բա որ ես նրա առաջին զոհը լինե՞մ:

Էդպես ինձ ու ինձ մտածում էի, մեկ էլ դուրս եկանք անտառից ու մտանք մի խանութ, որտեղ ամոթխած հայ աղջիկը ոտք չի դնում: Էլ մեխեր, էլ մուրճեր, էլ զանազան գործիքներ, որոնց անուններն էլ չգիտեմ: Էդպես գնացինք, ընտրեցի մի սովորական կողպեք, հետո տարավ շղթաների մոտ:

Շղթաներ մի ասա, մի բեթար ասա: Դրանք մետրով էին, ինչպես սովորաբար կտորն է վաճառվում: Ու դրանք կտրել էր պետք: Դա հաստատ իմ խելքի բանը չէր: Լուրջ ֆիզիկական ուժ էր պահանջում: Մարկը վերցրեց կտրելու համար նախատեսված գործիքներից մեկը: Փորձարկեց: Չեղավ: Գնաց վաճառքի դրվածներից մի ուրիշը բերեց: Դրանով էլ չեղավ: Երրորդը բերեց, որ ահագին մեծ էր:
- Սա շատ լավն է, կուզեի իմ արհեստանոցում սրանից ուզենալ,- ասաց ու կտրեց շղթան:

Հետո զեղչի քարտը հանեց, քսան տոկոս զեղչով գնեցի շղթան ու կողպեքը: Դեռ քաղաքի կենտրոնի ճանապարհն էլ ցույց տվեց, որ չմոլորվեմ: Ու ես անընդհատ հարց էի տալիս՝ ինչու՞ է ինձ օգնում: Մի տեսակ անամոթավարի չէի հավատում, որ կարող էր հենց էնպես, ուղղակի, բարեսրտորեն օգնում էր:

Ավելի ուշ համակուրսեցիներիս ասացի, որ արդեն շղթա ու կողպեք ունեմ: Էդ պահին ամեն ինչ կտային դրանք ինձնից գողանալու համար:
Tags: Ֆինլանդիա
Subscribe

Recent Posts from This Journal

  • Կոպենհագենի հարատևությունը

    Կոպենհագենը տարօրինակ քաղաք է։ Հարատևությունն ու ժամանակավորությունն էստեղ միախառնվում են իրար, ու դու անընդհատ մեկից մյուսն ես ընկնում՝…

  • Համայնքներ

    Սկանդինավյան հոկտեմբերը դեպրեսիայի բուն է։ Կարծես արդեն իմ ռիտուալն ունենամ. օրերի կարճանալու ու ցրտելու հետ մեկտեղ սկսում եմ Ջուլյա Սթոուն լսել ու…

  • Նոր տեսակի սոցիալիզացիա

    Չէ՜, համավարակը չէր պատճառը, որ Դանիայի իմ գրեթե բոլոր սոցիալական կապերն անհետացան։ Մի կողմից, մի քաղաքում ապրել, մյուսում աշխատելս էր, որ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments