Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Պատմություն հեծանիվ ճարելու մասին

Յոենսուում շատերս բնակվում ենք մի թաղամասում, որը հեռու է քաղաքի կենտրոնից ու համալսարանից: Նման փոքր քաղաքի համար դա շատ վատ է, որովհետև գրեթե ամեն ինչ քաղաքի կենտրոնում է, իսկ համալսարանն էլ դրանից հեռու չէ: Ամեն անգամ էնտեղ հասնելն էլ մի պատմություն է: Ավտոբուսներն աշխատում են ժամը մի անգամ ու սարսափելի թանկ են, իսկ քայլելու համար բավական մեծ հեռավորություն է (4-5կմ): Դրա համար տրանսպորտի ամենահարմար միջոցը հեծանիվն է:

Բնականաբար, էստեղ հասնելու առաջին օրերին դեռ հեծանիվ չունեինք, ու ոտքով էինք քաղաքը ոտքի տակ տալիս: Իսկ դա ամենասարսափելին էր, որովհետև հենց առաջին օրերին է, որ լիքը բաներ ես գնում խանութներից, ու էդ ծանրություններով քայլելը բնավ հաճելի երևույթ չէ: Մի անգամ նույնիսկ ռեկորդ սահմանեցինք մեր տնից քայլելով դեպի համալսարան, այնտեղից՝ քաղաքի մյուս ծայրում գտնվող խանութ, հետո՝ հետ դեպի տուն: Ու նաև հասկացանք, որ «հեռու» և «քայլելու հեռավորություն» արտահայտությունները խիստ հարաբերական են, որովհետև եթե մարդու մտքին տեղ լինի, 4կմ-ն էլ կքայլի, իսկ եթե մտքին տեղ չլինի, 1կմ-ն էլ քթին չի անի (ինչպես Խրոնինգենում ինձ ձեռ էին առնում, երբ 1-2կմ-ը քայլելով էի անցնում):

Բայց ամեն դեպքում մենք մահկանացուներ ենք, ու ինչքան էլ քայլելը հաճելի մարզանք լինի (արդյունքում դասերի ժամանակ չէինք էլ հորանջում, ամեն օր առնվազն երկու ժամ դրան տրամադրելը շատ ճոխ է (չնայած ժամանակ չունենալն էլ մի առանձին գրառման թեմա է): Ավելին՝ ուզում ես կարողանալ արագ և ազատ տեղաշարժվել քաղաքում: Դրա համար մեր այս քայլելուն զուգահեռ հեծանիվ էինք փնտրում:

Յոենսուում դա այնքան էլ հեշտ չէ: Ճիշտ է՝ ուսանողական քաղաք է, հեծանիվների մեծ պահանջարկ կա, բայց ի տարբերություն Խրոնինգենի, որտեղ երկու-երեք հատ օգտագործած հեծանիվների խանութ կար, շաբաթը մեկ հեծանիվի տոնավաճառ կար, էլ չեմ ասում ինտերնետում հայտարարությունների մասին, Յոենսուում դա ծանր գործ էր: Նախ, էստեղ խանութներում միայն նոր հեծանիվներ են վաճառվում, իսկ ուսանողի բյուջեն, այն էլ ընդամենը մի քանի ամսով էստեղ գտնվող, բավարար չէ նորը գնելու համար (էլ չեմ ասում, որ դրանք ավելի շատ են ենթակա գողացվելու): Երկրորդ, խմբերում հայտարարություններ չէին տեղադրվում: Կար նաև վարձով տրվող հեծանիվների կետ, որտեղ ամեն օր գնում էինք ու ամեն օր ոչինչ չէին ունենում մեզ առաջարկելու:

Երեկ էր, երբ բազմաթիվ թղթերիս մեջ մի էլեկտրոնային հասցե գտա: Առաջարկում էր նամակ գրել ու հայտնել, թե ինչ տեսակի հեծանիվ է պետք: Ոչ մի մանրամասնություն չկար. ում ես գրում, ինչ գնով է վաճառում, ինչ մեխանիզմ է աշխատում և այլն: Բայց ամեն դեպքում գրեցի ու անմիջապես պատասխան ստացա ոմն Մարկից, որն առաջարկում էր հանդիպման տեղ ու ժամ ընտրել, որ հեծանիվները բերի:

Պարզվում է՝ համակուրսեցիներս էլ էին գրել, նույն պատասխանը ստացել նույն Մարկից: Մի քիչ զարմացել էինք, որովհետև չգիտեինք՝ ոնց կարող է մի հոգին էդքան հեծանիվ բերել: Ամեն դեպքում, էսօր պայմանավորված վայրում սպասում էինք ու փորձում հասկանալ՝ որն է Մարկը: Վանեսան ցույց տվեց մեկին: Չէ, դժվար սա լինի: Նման գործով զբաղվողը պիտի տարօրինակ արտաքին ունենա: Բա էս ակնոցավո՞րը: Մի քիչ շատ կրծող է: Կրծողն ուր, հեծանիվն ուր: Իսկ էս երկար մազերո՞վը: Ինչ-որ մեկի է սպասում: Ըհը, մի աղջիկ մոտեցավ, համբուրվեց: Չէ, սա էլ չէ: Բայց հաստա՞տ էսքան ջահել է: Պիտի որ տարիքով լինի:

Տասը րոպե ուշացումով հայտնվեց մի մարդ, որն իսկապես բավական մեծ էր տարիքով ու հենց դրանով էլ արտաքնապես առանձնանում էր շուրջբոլորը գտնվող ջահել ուսանողներից: Կարմիր մորուքով էր ու փոքր-ինչ սպիտակած մազերով: Ժպտալով մոտեցավ մեզ ու ներողություն խնդրեց, որ ուշացել է:
- Կինո էի նայում,- ասաց,- ուզում էի վերջը տեսնել:

Սկզբում մի հեծանիվ ցույց տվեց, որով եկել էր: Հետո մեզ տարավ համալսարանի մեկ այլ մասնաշենքի մոտ, որ երկրորդը ցույց տա: Ճամփին հա խոսում էր: Ասում էր, որ եթե դուրներս չգան այս երկուսը, ինքը կարող է նորը սարքել, որ այս տարի քսանմեկ հատ արդեն վաճառել է, ևս հիսունը սարքելու ընթացքի մեջ են: 

Երբ հասանք մյուս մասնաշենք, ցույց տվեց կամերան, ցույց տվեց սխալ կողպեքներն ու ասաց, որ դրանք գողանալու հրավեր են, որ վաթսուն վայրկյանից էլ քիչ է տևում նման կողպեքները կոտրելը: Նշեց, որ վիդեոն տեսել է, կամերան ֆիքսել է ամեն ինչ, բայց գողը դեմքը փակել էր: 
- Մարդ էլ կա բարից դուրս է գալիս, չի ուզում ոտքով տուն գնալ, էս տեսակ կողպեքով հեծանիվը գողանում, գնում է: Հետո գտնում ես այն անտառների մեջ: Էս տարի ութ հատ ես եմ գտել, բերել ոստիկանություն... Ոստիկանությունն էլ հեծանիվների գողերին թեթև է վերաբերվում, բայց դա ոնց որ ձի գողանալ լինի:

Սկսեց մանրամասն բացատրել, թե ինչ տիպի կողպեք պետք է դնել, պատմեց, թե քաղաքի որ հատվածներից ու որ ժամերին են ավելի շատ գողանում.
- Կենտրոնում գիշերը ժամ տասից հետո որսի են դուրս գալիս:

Հետո ասաց, որ իր վաճառած հեծանիվները եթե փչանում են, անվճար վերանորոգում է: Ուղղակի պետք է մեյլով տեղեկացնել:
- Համալսարանի մեյլով չգրեք,- ասաց,- պայմանագիրս ժամանակավոր է: Երբ ավարտվում է, մեյլիս հասցեն անջատում են: Հետո ստիպված նորից եմ պայմանագիր կնքում:

Կողպեք չվաճառեց: Բա ի՞նչ ենք անելու. դեռ մի քանի ժամ դասի ենք: Տվեց իր կողպեքը, որ դասերի ընթացքում կողպենք, հետո խնդրեց, որ մոտակա իրար կապած ջարդած հեծանիվների վրա թողնենք:

Դասից ուշանում էինք, իսկ Մարկը հա խոսում ու խոսում էր: Մի կերպ պոկվեցինք ու հասանք դասի: Իրար հարց էինք տալիս. ո՞վ էր էս մարդը: Միակ բանը, որ հաստատ գիտեինք, այն էր, որ ամերիկացու առոգանությամբ էր անգլերեն խոսում: Բայց ի՞նչ գործ ուներ Յոենսուում, գործի անունն ի՞նչ էր, էդպես էլ չիմացանք:
Tags: Ֆինլանդիա
Subscribe

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments