Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Դուբլինյան արկածներ. քաղաքի առաջին սևագիրը

Անսովոր է, որ այլևս ստիպված չես խանութների աշխատողներին խնդրել անգլերեն խոսել: Առաջին անգամ նման զգացողություն ունեցել եմ Լոնդոնում, երբ ամեն ինչ այնքան հասկանալի էր, որ թվում էր՝ տանն եմ: Այնուամենայնիվ, մի առանցքային տարբերություն ունի Դուբլինը. այստեղ բոլոր ցուցանակները, ավտոբուսի ժամատախտակը և կայքերը երկլեզու են՝ անգլերեն ու իռլանդերեն:

Անսովոր է նաև աջակողմյան երթևեկությունը: Տարիներ առաջ Լոնդոնում շատ հեշտ էի հարմարվել ու նույնիսկ չէի էլ նկատում, որ ամեն ինչ թարս է ընթանում: Իսկ այ Դուբլինում շատ բարդ էր, որովհետև դանդաղ քայլելիս անընդհատ աջ էի քաշվում, որ արագ գնացողները ձախից առաջ անցնեն, բայց փոխարենը բախվում էին ինձ: Ավտոբուսների մեջ վախենում էի դիմացից եկող մեքենաներին բախվելուց: Փողոց անցնելու մասին էլ չեմ ասում: Նույնիսկ եթե առաջին կեսն անցնելիս հիշում եմ, որ պիտի աջ նայեմ, մեջտեղին հասնելիս նորից հին ճտտիկն է միանում, ու շարունակում եմ աջ նայել: Հենց հասկանում եմ սխալս, աչքերս փակ առաջ եմ վազում:

Էստեղ մարդիկ չեն սպասում, որ կանաչ լույս վառվի: Եթե փողոցում մեքենա չկա, արագ անցնում են, դեռ մի բան էլ զարմացած ինձ նայում, որ խելոք սպասում եմ: Ու սպասում եմ նույնիսկ էն ժամանակ, երբ հետիոտնի դեղին լույսն է վառվում (հա, ստեղ հետիոտնը դեղին էլ ունի):

Էդպես Դուբլինի մասին առաջին տպավորություններս մտքիս մեջ դասավորելով հասա Օ՛Քոնել կամրջին, որն անցնելով պիտի հայտնվեի Լիֆիի հարավում՝ Դուբլինի առավել գեղեցիկ ու հետաքրքիր հատվածում:

Սկզբում Թրինիթի Քոլեջ Դաբլինն էր, որտեղ բազմաթիվ հայտնի մարդիկ են սովորել: Ուսումնասիրեցի համալսարանի տարածքը: Տուրիստական կենտրոն էր դարձել: Երկու տարի առաջ ուզում էի այնտեղ դիմել, այն էլ էդպես էլ չամբողջացրեցի փաստաթղթերս: Երբ տեսա կենդանի համալսարանը, էնտեղ սովորելու ցանկություն նորից առաջացավ: Եվ հետագա օրերին պիտի հասկանայի, որ եթե հանկարծ նորից որոշեմ սովորել, ապա միայն Իռլանդիայում. այստեղ եթե նույնիսկ դասերը դուրս չգան, հազար ու մի ուրիշ բանով կարող եմ զբաղվել ու դարդերս մոռանալ:

Թրինիթիից շարժվեցի դեպի Գրաֆթոն սթրիթ ու անջատեցի MP3-փլեյերս: Շուտով պիտի հասկանայի, որ իզուր էի հետս վերցրել, որովհետև Դուբլինում ամեն քայլափոխին երաժշտություն կա, ու նվագում են իմ սիրած երգերը, որոնք շատ ավելի հաճելի են լսվում, քան մեռած ձայնագրությունները:

Գրաֆթոն սթրիթի անկյունում հանդիպեցի Մոլլի Մալոնին:
Գոռում էր. "Cockles and mussels, alive, alive-O!"
Նայեցի նրան ու ժպտացի: «Բարի գալուստ»,- ասաց:

Մոլլիի կողքին մի լեպրեխոն կար նստած: Մարդիկ հետը նկարվում, կոպեկ էին գցում ամանի մեջ: Լեպրեխոնի համար շատ անսովոր զբաղմունք է. նրանք սովորաբար փերիների համար կոշիկ են սարքում:
Ես էլ հետը նկարվեցի: Ձեռքը դրեց ուսիս ու ականջիս ասաց.
- Լսիր, անունս սխալ ես գրել բլոգումդ: Ինձ ֆրանսիացիներն են լեպրեշոն ասում: Ավելի շատ որպես լեպրեքոն եմ հայտնի, բայց արի լեպրեխոն սարքիր, լա՞վ: Իռլանդերեն էդպես է հնչում... հա, մեկ էլ չմոռանաս մի քանի ցենտ գցել ամանիս մեջ:

Գրաֆթոն սթրիթից քայլեցի դեպի Դուբլինի պալատը: Այստեղ տուրիստներ քիչ կային: Սկսեցի մի տեղից մտնել, մյուսից դուրս գալ, մեկ էլ ձիերի դոփյուն լսեցի: Ասպետներն էին գնում, գալիս, խաղեր տալիս օդերի մեջ: Ապարատս հանեցի, որ նկարեմ, բայց զարմանալիորեն չհայտնվեցին կադրի մեջ:


Դեպի Քրիստոսի տաճար, որը ժամանակին Հռոմի հրամանով է կառուցվել, որովհետև դուրները չեն եկել Գլենդալոուղի հասարակ, չորս պատանի կառույցները, որոնք նախատեսված են եղել միայն աղոթելու համար՝ առանց ավելորդ թիթիզությունների: Էնտեղից էլ իջա Սուրբ Պատրիկի եկեղեցի: Պատրիկը, կարելի է ասել, իռլանդացիների Գրիգոր Լուսավորիչն է, ու նրա մասին բազմաթիվ լեգենդներ կան:

Եկեղեցու կողքին սիրուն այգի կար, որտեղ փռվեցի ու հանգստացա հոգնած օրվանից հետո: Հետո նկատեցի, որ պատի տակ շարված են Իռլանդիայի բոլոր հայտնի գրողները: Հերթով կողքներով անցա:


Ու ոտքերս հոգնած գնացին իռլանդական երաժշտություն որոնելու: Մտա մի փաբ, որտեղ չնայած երեկոյան ժամը վեցը լինելուն, մարդիկ սկսել էին հարբել: Գունատ ու պեպենոտ ջահել տղան նվագում էր Fields of Athenry-ն, իսկ ամերիկացի հանդիսատեսն անտարբեր էր:

Քանի որ այս ճամփորդությունս շատ երաժշտական է, այսուհետ կաշխատեմ ամեն գրառման հետ որևէ երգ դնել, եթե նույնիսկ իմ լսած կատարումը չէր:



Շարունակելի 
Tags: Երաժշտական, Իռլանդիա, Ճամփորդական
Subscribe

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments