Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Ալանիս Մորիսեթ. մանկությունից մինչև հիմա

DSCF0419 Բլոկնոտս թերթելիս հանկարծ կարդացի. «Թորիամոլ ջան, Ալանիսի համերգին էլ գնաս»: Ծննդյանս օրվա մաղթանքներից էր, որ չգիտեմ ինչու արտագրել էի ու մոռացել: Զարմանալին այն էր, որ կարդացի այն ժամանակ, երբ Ալանիսի համերգը պիտի տասնհինգ րոպեից սկսվեր:

Անցյալ ծննդյանս օրն Ալանիսից ձեն-ձուն չկար: Գիտեինք, որ երեխա է ունեցել ու սուսուփուս մամայություն է անում: Դժվար`համերգներ տար, դեռ նոր ալբոմ էլ գրել: Բայց դեկտեբերին հայտարարեց, որ ձայնագրվում է, ու հաջորդ տարի կմեկնի շրջագայության: Երազանքս էր, որ դա մինչև հոկտեմբեր լինի, որ Ֆինլանդիայում բանտարկված չլինեմ ու կարողանամ ներկա գտնվել նրա համերգին որտեղ էլ պատահի:

Բեռլին: Երրորդ շարք: Աննկարագրելիորեն մոտ: Ընդհանրապես, այդքան լավ տեղ ունենալը ռիսկային է. եթե հիասթափություն է սպասվում, այն ավելի մեծ է լինում առաջին շարքերում նստած ժամանակ: Բայց ես գիտեի, որ ով-ով, Ալանիսից հիասթափվողը չէի:

Ու բեմ բարձրացավ` սկսելով I Remain երգի առաջին մասով, որը դեռ ցերեկը լսում էի` համարելով վերջին շրջանի նրա լավագույն գործերից: Հաջորդը Woman Down-ն էր նոր ալբոմից: Պետք էր կենդանի կատարումը լսել հասկանալու համար, որ գերազանցել է իմ սպասելիքները:

Սարսուռ անցավ մարմնովս, արցունքներ հոսեցին: Հավատս չէր գալիս, որ բեմի վրա հենց նույն Ալանիսն էր, որի երգերի տակ մեծացել եմ, որի տողերը շպրտել եմ չստացված սերերիս, անգիր արել բառ առ բառ` երբեմն հասկանալով, երբեմն էլ հասկանալու մասը թողնելով հետոյի: Կանգնած էր էնտեղ` կենդանի, էներգիայով լեցուն, ինձնից ոչ այնքան բարձրահասակ Ալանիսն ու ժպտում էր, բեմի մի ծայրից մյուսը վազում, երգելիս նայում ուղիղ աչքերիս մեջ և ուրախանում, որ ձայնակցում եմ: Թվում էր` մենք հին ընկերներ ենք, վաղուց իրար գիտենք, ու եկել եմ հերթական համերգին:

Ֆաշիստական արտաքինով անվտանգության աշխատակիցներն անընդհատ հրահանգում էին նստել: Բայց ծայրերի շարքերից սկսեցին առաջ գալ մի քանի ինձ նման գիժ երկրպագուներ ու նստատեղերի կողքին կանգնած միացել էին երգին: Հենց էդ ժամանակ ֆաշիստներից մեկն էնքան ջղայնացավ, որ հասկացրեց` եթե չնստեմ, ինձ կուղարկի համակենտրոնացման ճամբար կողքերում կանգնածների մոտ: Չսպասեցի հրահանգին: Ավելի լավ էր` բեմն ավելի սուր անկյան տակ տեսնել ու ուզածիս չափ թռվռալ ու երգել, քան գամվել նստատեղին:

You Learn-ն առանձնապես չէի սիրում մի ժամանակ: Հիմա եմ սկսել հարազատ բաներ գտնել մեջը: Ու բեմից հնչող կենդանի կատարումն ինձ տակնուվրա արեց: Իսկ երբ երգեց(ինք) you cry, you learn, արցունքներս անդիմադրելի էին դարձել, ու ես դրանցից չէի ամաչում:

Hands Clean-ի կրկներգի ժամանակ անվտանգության աշխատակիցներն անզոր դարձան. ոգևորված հանդիսատեսը ոտքի էր կանգնել ու ձայնակցում էր:

Ironic-ը կատարելիս Ալանիսը ժամանակ առ ժամանակ լռում էր` միկրոֆոնը պարզելով հանդիսատեսին: Վիդեոները շատ եմ տեսել ու դեռ փոքրուց երազել, որ մի օր էլ ես կլինեմ երգող հանդիսատեսի շարքերում: Հասնելով it's like meeting the man of my dreams and then meeting his beautiful husband տողին` ստիպված էր դադար տալ, որովհետև հանդիսատեսը ոգևորված ճիչեր էր արձակում. երգի օրիգինալ տարբերակում husband-ի փոխարեն wife է, ու Ալանիսը վերջերս է տեքստը փոխել: Անան ասում է` համերգներին էդպես ես տարբերում Ալանիսի հավատարիմ երկրպագուներին 90-ականների երկրպագուներից. վերջիններս տեղյակ չեն, որ տեքստը փոխվել է:

You Oughta Know-ն գժությունս հասցրեց իր գագաթնակետին: Թռվռում էի, երգում, գոռում, գլուխս թափ տալիս, ինչպես թինեյջեր ժամանակ, երբ ռոք ակումբներում պատահմամբ այս երգը միացնում էին, ու պարահրապակը դատարկվում էր` թողնելով ինձ մենակ, որ մենակով գոռամ, կատաղեմ ու պարեմ: Այս անգամ պարահրապակը դատարկ չէ, ու առնվազն մի հոգի ինձ հետ կատաղել է. նա բեմի վրա երգում է:

Առանց դրա չէր լինի. վերջում Ալանիսը կատարեց իմ ամբողջ կյանքի սիրելի երգը, որից արդեն տասնչորս տարի է, ինչ չեմ ձանձրանում, ու կլսեմ անընդհատ, եթե չվախենամ գժվելուց: Ու երգում էր Ալանիսը. You’re not allowed,  you’re uninvited, an unfortunate slight: Ու արցունքներս գլորվում էին, խառնվում ոտքերիս տակի ավազին: Դիմացս կանգնած փոքրիկ երեխան զարմացած ինձ էր նայում: Իսկ ես լրիվ դուրս էի թափում իմ Եսը: Նորից տասնմեկ տարեկան էի, ու հուլիսյան այն անտանելի շոգ օրն էր, երբ սեղանի տակ պառկած տեղիցս վեր թռա, որ ձայնագրեմ դիջեյի հայտարարած նոր երգը, որի կատարողի անունը դեռ չէի լսել, բայց ինչ-որ քսաներերորդ զգայարանով գիտեի, որ իմ սիրած երաժիշտներից է լինելու, որ երգն ինձ տակնուվրա է անելու: Էն ժամանակ էլ, ինչպես կենդանի համերգի ժամանակ, արցունքներս անդիմադրելի էին, բայց դեռ չգիտեի, որ իմ կյանքի հիմնն եմ լսում:

Uninvited-ով ավարտվեց համերգը, ու Ալանիսը հեռացավ: Ճանապարհ ընկա դեպի տուն` նորից հույսս դնելով ձայնագրությունների վրա:

Հաջորդ օրը Ֆեյսբուքում Ալանիսը գրել էր, որ հաճելի էր իր համար մութը դեռ չընկած համերգ տալը: «Ձեզ տեսնում էի»,- եզրափակում էր նա:

Tags: alanis, Երաժշտական
Subscribe

  • Մագալի Միշո

    Կինոթատրոնում հերթ էինք կանգնել, որ ֆիլմից առաջ խմելու բան գնեն. ֆրանսիական ֆիլմի երկուշաբթին էր, որ սիրում ենք հաճախել։ Մեկ էլ մի կին մոտեցավ մեզ,…

  • Անահորիշ

    Անահորիշ իռլանդերենից թարգմանաբար նշանակում է պարզ ջրերի տեղ։ Իռլանդացի պոետ, նոբելյան մրցանակակիր Շիմըս Հինիի բանաստեղծություններից մեկն է, որը…

  • (no subject)

    Ֆեյսբուքիս ֆիդում որտեղից որտեղ գովազդ հայտնվեց, թե՝ մայիսի 18֊ին Վեգայում Any Other֊ը համերգ է տալու։ Անունը կյանքում չէի լսել, բայց կատարողի…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 6 comments