Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Կանաչ դահլիճ. իմ պատանեկության կիրակիները

Ամեն կիրակի արթնանում էի ու պատրաստվում, որ պիտի Կանաչ դահլիճ գնամ: Մամաս գիտեր, որ անհույս եմ, որ ոչ մի կերպ չի կարող ինձ տանը պահել: 

Այնտեղ հավաքվում էինք երաժշտասերներով: Արթուր Ծուլիկյանն ու Արամ Չախոյանը ու էլի ուրիշներ ամեն շաբաթ մի քանի երաժիշտների էին ներկայացնում: Արկադի Ալեքսանդրովիչը ցուցադրում էր զանազան երաժշտական ալիքներից տեսագրած հոլովակներ: Ու էդ ամենը կարող էր ժամեր տևել: 

Երևի ամենափոքրը ես էի: Երբ առաջին անգամ գնացի, դեռ տասնմեկ տարեկան էի: Մամաս բերեց-հասցրեց ինձ: Էդ օրն Ալանիս Մորիսեթը, Թորի Էյմոսը, Շերիլ Քրոուն ու էլի մի քանիսն էին լինելու: Բա ո՞նց կարող էի բաց թողնել: Հիշում եմ` ինչ-որ տղաներ Շերիլ Քրոու էին գոռում: Լիքը մարդ կար: Ոչ մեկին չէի ճանաչում: Երբ հերթը հասավ Ալանիս Մորիսեթին, Արամ Չախոյանը սկսեց հարց ու պատասխանով ներկայացնել նրան: Երբ կարդում էր հարցը, չէր հասցնում պատասխանել: Տեղից գոռում էի: 

Հետո արդեն սկսեցի ամեն կիրակի գնալ էնտեղ: Սկզբում մամաս չէր թողնում, որ մենակով գնամ: Սուսուփուս ինձ բերում էր, ծրագիրը դեռ չավարտված գալիս-տանում էր: Բայց մի օր մեծացա ու սկսեցի մենակ գնալ: Սկսեցի ճանաչել Կանաչ դահլիճ հաճախողներին: Շատերի հետ ընկերացա: Սկսեցի ընկերներիս էլ հետս տանել: Իսկ երբ շատ մեծացա, նյութերն ինքս էլ էի պատրաստում:

Բլոկնոտ էի պահում ու մեջը նշումներ անում: Լինում էր` պատրաստված էի գնում, որ մրցույթ լինի, կարողանամ հարցերին պատասխանել: Էդպես ես ու Օվսաննա-Ռուբինա քույրերը միշտ մրցում էինք: Կամ ես էի հաղթում, կամ նրանք: Հազվադեպ էր լինում, որ ուրիշ մեկը կարողանում էր մեզնից անցնել: Լիքը կասետներ եմ շահել: Մինչև հիմա էլ Երևանի իմ սենյակի պահարանիս դարակում դրված են: Մինչև հիմա էլ նշումներով բլոկնոտս կա: Խնամքով դրված է կասետների կողքին:

Էն ժամանակ ինտերնետ, YouTube ու լիքը ուրիշ թիթիզ բաներ չկային: Մեր սիրելի կատարողներին կասետներով էինք լսում, իսկ ավելի ուշ` դիսկերով: Տեսահոլովակների մասին խոսք չկար: Կանաչ դահլիճը միակ տեղն էր, որտեղ կարելի էր տեսնել դրանք:

Կանաչ դահլիճի կիրակիներն էն իմ երաժշտասեր պատանեկության ամենահամով ու ուրախ հատվածն էին կազմում: Ի՜նչ սարսափելի թինեյջեր էի, ինչքա՜ն վատ էի պահում ինձ: Բայց հո սիրում էի այնտեղ գնալ: 

Մի օր էդ ամենը կանգ առավ: Չեմ էլ հիշում, թե քանի տարեկան էի: Երևի դա այնքան վաղուց էր, որ նույնիսկ բլոգս չկար: 

Էսօր Ֆեյսբուքում նկարներ տեսա: Երեկ հավաքվել էին Կանաչ դահլիճ հաճախողներով: Ու նայում եմ նկարները, հատիկ-հատիկ հիշում եմ էն հին ու լավ օրերը, երբ մտքիս ծայրով էլ չէր անցնում Հայաստանից գնալ: 

Կես ժամ առաջ համակուրսեցուս տանը մի անկապ խաղ էինք խաղում: Պիտի հերթով պատասխանեինք քարտի վրա գրված հարցին:
- Կուզեի՞ր թինեյջեր լինել,- հնչեց հարցը:
- Հաաաաա,- գոռացի: «Հա»,- կրկնում եմ հիմա: Կուզեի թինեյջեր լինել ու կուզեի Հայաստանում լինել, կուզեի կիրակի առավոտյան արթնանալ, այդ օրվա երաժշտի մասին նյութերը նորից կարդալ, նստել 29 համարի երթուղայինը ու գնալ Կանաչ դահլիճ, նստել առաջին շարքում ու սպասել, թե երբ բոլորը կհավաքվեն:

Tags: Կարոտախտ
Subscribe

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments