Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

«Բրուքլին» (Քոլմ Թոբին)

Հիշու՞մ եք, որ նվնվում-տզտզում էի, ասում էի` մի շատ լավ գիրք եմ ուզում կարդալ, զանազան խորհուրդներ էի հավաքում, բայց դրանցից մեկ-երկուսին հազիվ էի անդրադառնում: 

Ու էդպես վերջին օրերին կարդացի մի գիրք, որն իսկապես հանգիստ կարող եմ ասել` շատ լավն էր (գոնե ինձ համար), ու անմիջապես հայտնվեց իմ ամենասիրելի գրքերի ցանկում:

«Բրուքլինը» նաև նրանով է հետաքրքիր, որ ոչ ոք խորհուրդ չէր տվել, ոչ ոք չէր նվիրել, հեղինակի անունը նախկինում ոչ մի տեղ չէի լսել: Կյանքիս մեջ առաջին անգամ գնեցի մի գիրք` գաղափար չունենալով որակի մասին:

Գրախանութում վերցրի մի պատահական գիրք, տեսնեմ` հեղինակի անուն-ազգանունն իռլանդական է: Հետևում կարդացի. «50-ականների Իռլանդիան է, և Էյլիս Լեսիի, ինչպես բազմաթիվ այլ իռլանդացի աղջիկների համար հնարավորությունները սահմանափակ են: Այնպես որ, երբ նրա քույրը կազմակերպում է, որ արտագաղթի Նյու Յորք, Էյլիսը գիտի, որ պետք է գնա` առաջին անգամ թողնելով իր ընտանիքն ու տունը»:

Հենց սկզբից սուզվեցի պատմության մեջ: Հերոսները հրաշալի են կերտված, լեզուն պարզ է: Հեղինակն ամեն ինչ չի ծամում, դնում բերանիդ մեջ: Շատ բաներ պիտի կարդաս տողերի արանքում, այլապես լիքը դրվագներ անիմաստ կթվան:

Գրքի միակ թերությունն Էյլիսի ընկերոջ անթերի լինելն էր: Թե չէ նույնիսկ գլխավոր հերոսուհին լրիվ բնական կերպար է` իր սեփական բնավորության գծերով ու անգամ վատ կողմերով: Ընդհանրապես, գրքի կերպարներից շատերն ահագին համով են ստացվել: Էյլիսի տանտիրուհին` տիկին Քեհոուն, իմ կարծիքով, ամենահաջողներից է. ավանդապաշտ իռլանդուհի կին, որը խառնվում է իր տնվորների կյանքին, բարոյական խրատներ տալիս:

«Բրուքլինում» շատ սիրուն նկարագրված է իռլանդական առօրյան փոքրիկ քաղաքում, որտեղ բոլորն իրար ճանաչում են, իրարից բամբասում, խոսք տանում-բերում: Նաև ինչ-որ բաներ ես իմանում 50-ականների Նյու Յորքի մասին: Իտալական ընտանիքի նիստուկացը նույնպես շատ տիպիկ է նկարագրված:

Երևում է` հեղինակը լավ ծանոթ է արտագաղթողի հոգեվիճակին, որովհետև ամբողջ ստեղծագործությամբ մեկ շատ ճիշտ ապրումների միջով է անցկացնում Էյլիսին` սկսած տունը թողնելու պահից ու Բրուքլինում առաջին օրերից, վերջացրած Իռլանդիա վերադարձով:

Վերջում, երբ Էյլիսն ընտրության առաջ է կանգնած, հեղինակը լարվածություն է ստեղծում: Անընդհատ մտածում էի` տեսնես նրա տված լուծումը դուրս կգա՞: Դե ես մտքիս մեջ կոնկրետ մի լուծման կողմնակից էի: Ուրախ էի, որ պարզվեց` հեղինակը նույնպես: Իսկ ավելի շատ ուրախացա նրանից, թե ինչպես հանգեցրեց այդ լուծմանը:

Մտածում եմ` էս գրքից հրաշալի ֆիլմ դուրս կգա: 
Tags: Գրքեր
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments