Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Kelly Family. համերգ, որի մասին երազում էի դեռ 95-96 թվերից

1. Ինչպես ստացվեց, որ մենակ չգնացի կամ զուգադիպությունների շարան
Kelly Family-ի մի ֆորում կա: Էնտեղի անդամներից մեկի հետ նամակագրական կապ ունեմ: Իսկական, տեղը տեղին ձեռագիր, փոստով ուղարկվող: Նամակներից մեկում գրել էի, որ Էսսենում Քելլիների համերգին եմ գնալու: Պատասխանեց, որ ինքն էլ է նույն տեղում լինելու: Առաջարկեցի միասին գնալ: Հետագա պայմանավորվածություններն արդեն մեյլով արեցինք. փոստը չէր հասցնի:

Մինչև Էսսենը Դորտմունդի տոմս էր գնել, բայց հետո վաճառել էր` նախընտրելով շաբաթ օրով համերգին ներկա գտնվել:

Էսսենում հանդիպեցինք, զբոսնեցինք մի քիչ, հետո քայլեցինք դեպի համերգասրահ: Արդեն բաժանվելու պահն է. ամեն մեկը պիտի իր տեղում նստի: Մեկ էլ նայում ենք միմյանց տոմսերին ու շշմում. ամբողջ 3000 հոգանոց դահլիճում մենք ընկել ենք նույն շարքում, մեր միջև ընդամենը երեք հոգի է նստում, որոնց հետագայում պիտի խնդրեինք մի աթոռ շարժվել, որ իրար կողք հայտնվենք:

2. Մի քիչ պատմություն
Գրուգահալեն պատմական վայր է. այստեղ Kelly Family-ն իր առաջին ոչ փողոցային համերգն է տվել 1988-ին, որը, ի դեպ, մինչև վերջ լցվել է: Համերգը թողարկվել է որպես ձայնասկավառակ: Հետագայում էլ են էնտեղ համերգ տվել, երբ արդեն փառքի գագաթնակետին էին: Դրա համար այս դահլիճը հատուկ նշանակություն ունի:

3. Համերգը
Այս համերգաշրջանը նվիրված է Ծննդյան տոներին: Նպատակը մարդկանց ուշադրությունը տոնի կարևորության վրա հրավիրելն է: Ու մենակ համերգ չէ: Թատերականացված հատվածներ և Աստվածաշնչից ընթերցումներ էլ պետք է լինեն (դե Քելլիները նվիրյալ կաթոլիկներ են, Փեդին էլ եկեղեցական է):

Մեր տոմսերի վրա գրված էր, որ Քելլիներից չորսն են լինելու` Ջոուին, Պատրիսիան, Փեդին ու Փոլը: Ընդհանրապես, այս համերգաշրջանում Ջոուին ու Քեթին միմյանց փոխարինում են: Միայն Ֆրանկֆուրտում է, որ հինգով են լինելու:

Բայց Էսսենի համերգը հեչ սովորական չէր, ու բազմաթիվ անակնկալներից մեկն էլ այն էր, որ բեմի վրա հինգով էին, իսկ մի պահ նույնիսկ իրենց ավագ քույրը` Քերոլայնը բեմ բարձրացավ: Էլ չեմ ասում, որ մի երգ կատարեցին Պատրիսիայի որդիները: Մեկ էլ Ջոուիի պստոն հորը նվագակցեց True Love երգը կատարելիս: Պատրիսիան երևի ավելի հուզված էր, քան իր ոսկեհեր պստոները: Դեռ մի պահ էլ ապարատով բեմի վրա հայտնվեց ու նկարեց: Էդ պահին ինքը էն հանրահայտ երգչուհին չէր, այլ ելույթ ունեցող երկու փոքրիկների հուզված մամա էր: Պստո Քելլիները նույնքան համով էին, որքան իրենց ծնողներն այդ տարիքում: Դեռ երեքից երկուսն էլ երկար մազեր ունեին: Միայն մի տարբերություն կար. ավագ Քելլիների պես անկաշկանդ ու արտիստիկ չէին: Համենայնդեպս, ուրախալի է, որ երգող Քելլիների նոր սերունդ է ձևավորվում:

Լիքը տոնական-Քելլիական երգեր են կատարում, հետն էլ իրենց ամենա-ամենամեծ հիթերից: Մի խոսքով, ամեն ինչից բոլ-բոլ էր: 

Brother, Brother-ը բոլորով միասին կատարեցին. մարդ ա մի տող: Էս տարբերակն առաջին անգամ էս համերգաշրջանի ժամանակ են երգել, ու շատ գեղեցիկ է ստացվել: Իսկ Փոլն իր սպիտակ մորուքով ու խրոխտ ձայնով պապա Դենին` Քելլիների հորն էր հիշեցնում:

Ինչպես միշտ են անում համերգների ժամանակ, հիշեցին իրենց վաղամեռիկ մորը, նրան նվիրված առնվազն երեք երգ կատարեցին (Mama, Madre tan hermosa, իսկ երրորդը վիդեոյի տեսքով վերջում):

Lord of the Dance-ի պարը շատ հավես էր: Հատուկ պրոֆեսիոնալ պարողներ կային, բայց Փեդին ու Պատրիսիան էլ նրանց միացան, իսկ Քեթին իր ավանդական պարային շարժումներն արեց:

Take My Hand-ի ժամանակ ամբողջ 3000 հոգանոց դահլիճն իրար ձեռք էր բռնել ու ձայնակցում էր.

Take my hand, you are my brother,
Take my hand, you are my sister,
Take my hand, we need each other,
Don't try to walk the road alone.

Silent Night-ը երեք լեզվով կատարեցին: Վերջում նորից անցան գերմաներենի: Դահլիճը ձայնակցում էր: Ես էլ էի երգում. Stille Nacht-ն իմ իմացած միակ գերմաներեն երգն է: Բառերը չեմ հասկանում, բայց Պրահայի դպրոցում եմ սովորել: 

Հետո Փեդին աղոթեց: Դահլիճում լռություն տիրեց, որը սկսեց ընդհատվել գնալով հաճախացող հազերով: Դրան հետևեց հանդիսատեսի ծիծաղն ու ծափահարությունները:

Ես ու Քիրսթենն անընդհատ կրկնում էինք, որ իսկապես յուրահատուկ համերգ ենք եկել, ու ինչ լավ է, որ հենց Էսսենն ենք ընտրել, ոչ թե մի ուրիշ վայր: 

Եթե նայենք բոլոր հինգին, Փեդիի, Ջոուիի, Քեթիի և Փոլի համար ոնց որ հերթական համերգ լիներ, բայց այ Պատրիսիայի տրամը հազար էր ու շատ երջանիկ էր երևում: Դես էր թռչում, դեն էր թռչում, գրկում եղբայրներին ու քրոջը: Նույնիսկ անվտանգության աշխատակցին բեմ հանեց, հետը պարեց: Ու հեչ չէիր ասի, որ արդեն 42 տարեկան է:

Ոնց որ քչից-շատից սպասված բոլոր երգերը կատարեցին, բայց մի րոպե... առանց An Angel-ի ո՞նց կլինի: Հանդիսատեսը հաստատ Քելլիներին կխեղդեր, եթե մեզ առանց An Angel-ի տուն ուղարկեին: Ու կատարեցին ամենա-ամենավերջում: Ավելի ճիշտ, կատարեցինք, որովհետև ընթացքում Քելլիները լռում էին, միկրոֆոնը պարզում հանդիսատեսին, ու մենք բոլորով երգում էինք: Հիշում եմ` տարիներ առաջ նման վիդեոներ նայելիս միշտ մտածում էի` տեսնես էնպես կլինի՞, որ մի օր ձայնակցողներից մեկն էլ ես լինեմ:



Էստեղ են ասում` ուշ լինի, նուշ լինի: Նման համերգաշրջան Քելլիների երկրպագուները տարիներ շարունակ չէին տեսել. խումբը ցրված էր (չնայած հիմա էլ են պնդում, որ էս Kelly Family-ն չէր, ուղղակի մի քանի քույր-եղբայրով միասին համերգ են տալիս, բայց դե ով է իրենց լսողը): Ու յուրահատուկ համերգ էր հենց համերգաշրջանի մեջ: Լրիվ հետ էի գնացել դեպի մանկություն:
Tags: Երաժշտական, Մանկություն
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments