Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

9. Հրաժեշտ Ուտրեխտին

Ուղղակի չկարողացա անտարբեր անցնել: Պետք է գայի այստեղ՝ Հեմինգուեյի անունը կրող սրճարանը, պայուսակիս մեջ՝ հենց նոր գնածս «Կիլիմանջարոյի ձյուները»: Պիտի արհամարհեի սրճարանի բարձր գները. վերջին անգամն է:

Շուրթերս ընկղմվում են կապուչինոյի փրփուրի մեջ, ու ես ճաշակում եմ մի սուրճ, որը կարծես տաք փայտի համ ունի, բայց ավելի քաղցր է, որովհետև շաքարավազ եմ ավելացրել:

Հետո գդալս խրում եմ տրիֆլի ափսեի մեջ: Հատապտուղները ճրթճրթում են ատամիս տակ, իսկ սերուցքը փափկացնում է այն: Վրայից նորից կապուչինո, ու հատապտուղների համը խառնվում է փայտին:

Իմ առաջ Ուտրեխտն է. հեծանիվներով մարդիկ, Յանի եկեղեցին, մեքենաներ, շտապող հետիոտն ու չափից դուրս գորշ երկինք, որը եկել է ապացուցելու, որ Հոլանդիայում իսկապես եղանակն անկանխատեսելի է, որ արևոտ ու շոգ օրվա վերջում կարող է անձրև գալ:

Ամպերի գոռոց ու կայծակ: Կապուչինոյի համը, վրայից՝ հատապտուղներ: Անձրևի առաջին կաթիլները, քամի: Ուտրեխտը հիանալի է:

Իսկ ցերեկը նստել էի ջրանցնքերից մեկի ափի իսպանական ռեստորանում:

Սերուցքի համը՝ գումարած մորի:

Անձրևն ուժեղանում է: Տեղափոխվեցի մյուս սեղանի մոտ: Ուտրեխտը մթնում է, Ուտրեխտը ոռնում է:

Իսպանական ռեստորանում մատուցողի հետ փորձեցի իսպաներեն խոսել: Չհասկացավ:

Անձրևն է´լ ավելի ուժեղացավ:

Դարչինի համ. սերուցքի մեջ դարչին կա:

Քամին ուժեղանում է, անձրևը բլոկնոտիս է հասնում:

Դարչինի հոտը Ուտրեխտում: Ամեն առավոտ շնչում եմ: Դարչինով պիտի Ուտրեխտը հիշեմ:

Իսպանական ռեստորանում տապակած կալմար պատվիրեցի:

Կապուչինոյի վերջին կումը, բայց բաժակի հատակում փրփուր մնաց:

Անձրևը հասնում է դեմքիս, մի կեսս լվացել է: Ամպերն ավելի ուժեղ են գոռում:

Տապակած կալմարն իմ սիրած տապան է: Հիշում եմ Կարմոնան, որտեղ ես ու Մարուշան միասին տապակած կալմար կերանք:

Տրիֆլի ափսեի հատակում թաց խմոր կա, բայց իմ անձրևոտ կեսից թաց չէ:

Մյուս կեսս չոր է. հովանոցի տակ է մնում: Ամպերը խլացնում են:

Իսպանական ռեստորանում café con leche ուզեցի, բայց մատուցողը կապուչինո հասկացավ. այսօր երկրորդ կապուչինոն եմ խմում:

Անձրևը կամաց-կամաց փոքրանում է: Մարդիկ փողոցներում չեն քչացել, բայց անձրևանոցներով են: Տրիֆլի վերջին կտորները:

Իսպանական ռեստորանում մատուցողին ասացի gracias և հեռացա:

Ուտրեխտում անձրևն Ամստերդամի նման չէ. կոշտ ու աղմկոտ է, ինչպես Երևանում:
Tags: Ճամփորդական, Նիդեռլանդներ, Վեցը ութում
Subscribe

  • Արտոնյալ լինելու մասին

    Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակն» եմ կարդում։ Դեռ հազիվ մեկ երրորդին եմ հասել, ու գրքին առանձին կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ վեպի…

  • Կիրակնօրյա

    Ականջակալներս դնում եմ ու դուրս գալիս վազելու։ Ես ո՞ր օրվա դրսում վազողն եմ։ Փողոցի ծայրին հասնելուն պես անցնում եմ քայլելուն։ Վազել չի ստացվում։ Ոչ…

  • Դանիական ձմեռ

    Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։ Նախաճաշին լուրերն ենք…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments