Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Գլուխ 19. Ծովը

Շատերն ալարում են էս գլուխ-մլուխները բացել՝ ամեն անգամ հիշելով, որ նախորդներից խաբար չեն: Շտապեմ տեղեկացնել, որ 19-րդը կարդալու համար հեչ պետք չէ իմանալ, թե, օրինակ, 13-ում ինչ է կատարվել: Միայն տեղեկացնեմ, որ «Գրքանման3» պիտակի տակ Իսպանիայի հիշողություններս են:

Ես գիտեի, որ ծովը մոտ է, չնայած Սևիլյայի օդը խիստ չոր էր, և անգամ 44 աստիճանն ըստ Ցելսիուսի բավական տանելի էր: Մարդ էի փնտրում, որ գնամ ծովափ:Պարզվեց, որ նոր-նոր իմ սենյակ տեղափոխված Մարուշան նույնպես ուզում էր ավազի վրա ծուլորեն պառկել ու լողալ Միջերկրականում:

- Կներես, որ արթնացնում եմ: Ուղղակի ուզում էի զգուշացնել, որ առավոտյան կգնանք Կադիզ,- շշնջաց նա՝ գիշերվա ժամը հազարին վերադառնալով ինչ-որ տեղից:

Շաբաթ առավոտյան երկուսս էլ ուշ արթնացանք: Մարուշան սիրում էր քնելուց սենյակը մթնեցնել, իսկ ես չէի առարկում, բայց արդյունքում ստացվում էր այնպես, որ առավոտվա գալը չէի զգում, ու կքնեի այնքան, մինչև ցերեկվա շոգը չխեղդեր: 

Որովհետև կեսօրից անց էր, վախենում էինք՝ ավտոբուս չճարենք: Բայց բախտավոր էինք. կար: Եվ շարժվեցինք դեպի Կադիզ: Ճամփին երկուսս էլ քնել էինք: Աչքերս բացեցի, երբ ծովի մոտով էինք անցնում: 

Կապույտ ծովը փայլում էր արևի ճառագայթներից: Աչքերս ծակում էր: Անհամբեր էի: Ուզում էի հպվել, գրկել նրան:

Եվ այնտեղ էինք: Որոշեցինք մինչև ջուրը մտնելը մի բան խմել: Քայլեցինք ավազի միջով: Հանեցի չստերս, բոբիկ էի: Ավազը տաք էր, բայց չէր այրում: Հաճելի էր:

Սրճարանում Մարուշան սուրճ խմեց, իսկ ես չհրաժարվեցի իմ մշտական լիմոնով ու սառույցով կոլայից: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր սառույցը հալվում շուրթերիս հպվելիս, իսկ լիմոնը կոլայի շագանակագույն երանգն էր ստացել: Իսկ ես սարսափելի ծարավ էի: Կոլայագույն լիմոնը միանգամից կուլ տվեցի ու Ծովինարին հիշեցի՝ նայելով ծովին: Հետո սառը կոլան ումպ-ումպ խմեցի, որ մի քիչ երկար վայելեմ սառնությունը:

Մարուշան վառեց սիգարետը ու չգիտես ինչու պատմեց, թե ինչպես է նույն ծրագրով Մոլդովա մեկնած ընկերը դավաճանել իրեն լեհ աղջկա հետ ու այդ ամենի մասին ասել սկայպով:
- Դրա համար էի էն օրը լացում,- եզրափակեց,- ի՞նչ ես կարծում՝ արժե՞ ներել նրան:
Չսպասեց պատասխանի:
- Ես ուժեղ կին եմ, գիտե՞ս: Կարող եմ առանց նրա ապրել:

Եվ քայլեցինք դեպի ծովը: Ավազը փափուկ էր: Սրբիչներ փռեցինք: Խխունջներ չկային, որ մեր ոտքերը ծակծկեին:
- Ինչքան էլ խորվաթներին չսիրենք, պետք է խոստովանեմ, որ նրանց ծովափերի նմանը չկա աշխարհում:

Արևից պաշտպանող կրեմ քսեցինք: Որոշեցինք հերթով ջուրը մտնել, որ միմյանց իրերին հետևենք: Ես առաջինն էի: Եվ ահա ոտքս սահեց կյանքիս մեջ երկրորդ ծովի վրայով: Միջերկրականն էր: Ու թեև դրսում արևն այրում էր, ջուրը սառն էր: Կամաց-կամաց առաջ գնացի. վախենում էի ամբողջ մարմինս ծովին հանձնելուց, ասես դրանից պիտի սառցակալեի: Իսկ երբ ոտքերս այլևս սառնություն չէին զգում, տրվեցի ջրին, սկսեցի լողալ: Հեռացա ափից: Կանգնեցի: Խորը չէր: Արևն ուժեղ էր: Ճառագայթները ծակում-անցնում էին մարմնիս միջով՝ անմիջապես սեփականացնելով ծովից թռցրած աղի կաթիլները: Փորձեցի դեպի ափ լողալ, բայց ալիքներն ինձ հետ էին շպրտում: Հասկացա, թե ինչու են շատ լողորդներ խեղդվում հետդարձի ճամփին: Իսկ ես շատ չէի խորացել. ոտքերս հասնում էին հատակին (դե պատկերացրեք, որ իմ բոյով գոնե աչքի չեմ ընկնում): Ու ես քայլեցի՝ ալիքներին քացի տալով: Երբ հասա ափ, նստեցի ու սպասեցի ալիքների հարվածներին: Եվ նրանք գալիս էին՝ մերթ նուրբ շոյելով, մերթ դաժան հարվածներով ու մերթ համբուրելով իրենց աղի շուրթերով, որոնց համը դեռ երկար պիտի զգայի:

Դուրս եկա ծովից, գնացի Մարուշայի մոտ:
- Չե՞ս նեղանա, եթե կրծքերս մերկացնեմ... Գիտես, էս լողազգեստը խանգարում է: Բնականը լրիվ մերկ ծովը մտնելն է: Էդպես դու ես ու բնությունը:

Պատկեցի ավազին, մինչ Մարուշան ջուրը կմտներ: Իսկ արևը շատ դաժան էր ու խորամանկ: Սկսեց քնքշորեն չորացնելով վրայիս բոլոր կաթիլները: Եվ ես սպիտակ ու գոհ էի, երբ հեռացա: Բայց նրա թողած կնիքը միայն Սևիլյա վերադառնալուց հետո նկատեցի:



Հ.Գ. Էն ժամանակ դեռ չգիտեի, որ ոչ թե Միջերկրականի, այլ Ատլանտյան օվկիանոսի ափին էի:


Tags: Գրքանման3, Ճամփորդական
Subscribe

Recent Posts from This Journal

  • Կոպենհագենի հարատևությունը

    Կոպենհագենը տարօրինակ քաղաք է։ Հարատևությունն ու ժամանակավորությունն էստեղ միախառնվում են իրար, ու դու անընդհատ մեկից մյուսն ես ընկնում՝…

  • Համայնքներ

    Սկանդինավյան հոկտեմբերը դեպրեսիայի բուն է։ Կարծես արդեն իմ ռիտուալն ունենամ. օրերի կարճանալու ու ցրտելու հետ մեկտեղ սկսում եմ Ջուլյա Սթոուն լսել ու…

  • Նոր տեսակի սոցիալիզացիա

    Չէ՜, համավարակը չէր պատճառը, որ Դանիայի իմ գրեթե բոլոր սոցիալական կապերն անհետացան։ Մի կողմից, մի քաղաքում ապրել, մյուսում աշխատելս էր, որ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 18 comments

Recent Posts from This Journal

  • Կոպենհագենի հարատևությունը

    Կոպենհագենը տարօրինակ քաղաք է։ Հարատևությունն ու ժամանակավորությունն էստեղ միախառնվում են իրար, ու դու անընդհատ մեկից մյուսն ես ընկնում՝…

  • Համայնքներ

    Սկանդինավյան հոկտեմբերը դեպրեսիայի բուն է։ Կարծես արդեն իմ ռիտուալն ունենամ. օրերի կարճանալու ու ցրտելու հետ մեկտեղ սկսում եմ Ջուլյա Սթոուն լսել ու…

  • Նոր տեսակի սոցիալիզացիա

    Չէ՜, համավարակը չէր պատճառը, որ Դանիայի իմ գրեթե բոլոր սոցիալական կապերն անհետացան։ Մի կողմից, մի քաղաքում ապրել, մյուսում աշխատելս էր, որ…