Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Գլուխ 11. Սևիլյան քրտնած մտքեր

Շարունակում եմ: Ինձ կներեք, բայց Իսպանիան մինչև չվերջացնեմ, էս իմ թարմ ու համով ճամփորդությանը չեն անցնի:Նորից կրկնում եմ, որ սա 2008-ի պատմություն է, և այստեղ հիշատակվող "այսօրը" վերաբերում է մեկ տարի առաջվան:

It seems to me that I will always be happy in the place where I am not.
Il me semble que je serais toujours bien là o`u je ne suis pas.
"City of Glass", Paul Auster

Այս պահի մասին երազում էի դեռ անցյալ տարվա աշնանից, երբ կարդում էի Հեմինգուեյի "A Moveable Feast"-ը:
Ճիշտ է՝ սա Փարիզը չէ, ոչ էլ սուրճ եմ պատրաստվում խմել. այսպիսի շոգ էլ երևի Փարիզը վաղուց չի տեսել: Բայց դա չի խանգարում, որ ես ունենամ այն նույն զգացողությունները, որոնց սպասում էի Փարիզում՝ տերասում նստած ժամանակ Ամստերդամը հիշեցնող տետրի մեջ գրելիս:

Եվ ես նստած եմ իռլանդական սրճարանի տերասում՝ Սևիլյայի հայտնի տաճարի տակ, որն իր մեծությամբ երրորդն է Եվրոպայում: Ու թեկուզ շոգ է, ինձ զովացնում եմ սառցե սառնությամբ լիմոնով կոլայով... Փարիզում էլ էին կոլան լիմոնով մատուցում: Աղջիկներով այստեղ էինք անցյալ ուրբաթ: Եվ լավ էր: Այսօր էլ եմ այստեղ, մենակ եմ, ուրբաթ է: Եվ լավ է:

Այստեղ մատուցողն անգլերեն գիտի: Պաղպաղակ պատվիրելու համար ստիպված չեմ սովորել helado բառը, դրանից առաջ մոռանալ un-ը, իսկ հետո՝ por favor-ը:

Կոլայի սառույցը հալում է արևից տաքացած շուրթերից:


Ես չեմ նեղվում, որ սա Փարիզը չէ: Վերջիվերջո, գուցե Հեմինգուեյը Սևիլյայում եղել է: Չէ՞ որ, ինչքան գիտեմ, "Death In The Afternoon"-ի դեպքերը հենց այստեղ են տեղի ունեցել: Գուցե եղել է նաև այս սրճարանում. այն կենտրոնում է ու բավական հին է: Ու երևի բացել է իր նոթատետրը, ինչ-որ բաներ գրել՝ նայելով հսկայական տաճարին:

Վերջիվերջո, հաշտվեցի այն մտքի հետ, որ պետք է մենակ մնամ: Ես այն անտեր Հայաստանից եմ, որ այնքան ուժեղ է սեղմում քեզ իր ներսում, որ ամենաշատը կարող ես տարին մեկ Եվրոպա ծլկել: Ավելի հեռու ճամփորդությունների մասին խոսելն ավելորդ է: Իսկ երբ մի անգամ ուզում ես ոտք դնել Աֆրիկա, երկիրդ քեզ հիշեցնում է. “Վիզա չունես”: Եթե անգամ ձեռք բերես, չես կարող վերադառնալ Իսպանիա. Շենգենդ մի մուտքով է: Չես անհանգստանում. սովոր ես դրան: Երկու տարի առաջ էլ նույն պատճառով ընդամենը 200կմ հեռավորության վրա գտնվող Պրահա գնալուց հրաժարվեցիր:

Ես չեմ կարողանում շփվել ուսանողներից ոչ մեկի հետ, որովհետև հայ եմ. Հայաստանը Եվրոպայի ու Ասիայի սահմանին է բոլոր իմաստներով. թե’ մշակույթը, թե’ աշխարհագրական դիրքը, թե’ նույնիսկ քաղաքականությունը: Ինչքան էլ եվրոպական ժողովրդավարությունը ձգի, ասիական ճահիճն իր կողմն է քաշում երկրիս: Եվ դու երկու ընտրություն ունես. լինել և’ եվրոպացի, և’ ասիացի կամ չլինել ո’չ մեկը, ո’չ մյուսը: Ես երևի երկրորդն եմ ընտրել կամ էլ գուցե որոշում եմ եվրոպացիների հետ եվրոպացի լինել, ասիացիների հետ՝ ասիացի: Ավելի շուտ, թարս եմ:

Ես ոչ մի աշխարհամասից էլ չեմ: Ես մի երկրից եմ, որտեղ մտնելու համար բոլորին վիզա է պետք և որը միայն մեկ մուտքով է. մեկ անգամ դուրս գալուց հետո պետք է նորից վիզա ստանալ, սակայն դա դժվարանում է յուրաքանչյուր ելքից հետո:

Ես չափից դուրս մուգ եմ իսպանացիներին և չափից դուրս բաց՝ հյուսիսային եվրոպացիներին դուր գալու համար: Ինչ-որ տարօրինակ խառնուրդ եմ. Երկրի վրա հնարավոր ամեն ինչ ունեմ իմ մեջ, միևնույն ժամանակ՝ դատարկ եմ:

Եվ ես երջանիկ եմ, ասես դրախտում լինեմ: Եթե չհաշվենք առաջին օրերի ադապտացիոն խնդիրները, իսպաներեն չիմանալու պատճառով առաջացած լարվածությունը, մենակ մնալու վախը, մնացած ամեն ինչը լավ է. ես ոչ մի բացասական լիցք չեմ ստացել: Կուզենայի՞ արդյոք, որ հավերժ այսպես լինի:

Ես զգում եմ, որ սա երկու տարի տևած հիվանդության վերականգնման վերջին փուլն է. արդեն լիարժեք եմ դարձել: Ամբողջ գարունը ծառայեց դրան, որ իմ կյանքից ջնջեմ ավելորդը, վնասողը: Ու կամաց-կամաց մաքրվեցի թե' ներքին, թե' արտաքին կեղտից: Իսկ մյուսները չեն հավատում կամ չեն ուզում հավատալ, որ ես դրախտում եմ: Ամը կասեր՝ այնքա˜ն քիչ բան է պետք մարդուն դրախտում զգալու համար: Իսկ ես կպնդեմ, որ մենք ամեն ինչ ունենք, միայն պետք է ավելորդից ազատվել, որ հայտնվես քո պատկերացրած դրախտում: Եվ այդպես էլ արել եմ. խցանումները, քաղաքականությունը, վեճերը, վիրավորանքները թողել եմ Երևանում: Այստեղ վատ մարդիկ չկան, որովհետև նրանց հետ այնքան չեմ շփվում, որ հասկանամ՝ վատն են:

Մութն ընկնում է արդեն: Իմ գլխավերևում մանդարինի ծառ է, աջ կողմում՝ տաճարը, ձախում՝ սեղանի շուրջ հավաքված իսպանական շատախոսություն: Իսկ ես վախենում էի մենակ դուրս գալուց:


Երկու օր առաջ Սևիլյայում անձրև եկավ: Իմ սիրածներից էր. տաք ու փափուկ: Այստեղ անձրևը հազվագյուտ երևույթ է: Մինչ մարդիկ փորձում էին տարբեր ծածկերի տակ պատսպարվել, ես քայլում էի Սևիլյայի նեղլիկ փողոցներով՝ մարմինս հանձնելով անձրևին: Իսկ քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնի առաջին հարկում որտեղից որտեղ հովանոցներ էին հայտնվել:

Ես սիրում եմ Սևիլյան, ինչպես իմ գնացած բոլոր-բոլոր քաղաքները: Եվ եթե մինչև 81 տարեկան ապրեմ ու առնվազն տարին մեկ Հայաստանից դուրս գամ, պիտի 60 անգամ ճամփորդեմ: Գուցե մի օր էլ Սևիլյա վերադառնամ… Գուցե մի օր էլ Հայաստանը չլինի: Աստված չանի: Աշխարհի որ անկյունում էլ լինեմ, ուզում եմ, որ Հայաստանը գոյություն ունենա:

Եվ երբ էլ գամ, գիտեմ, որ Մարգան այստեղ կլինի: Թեկուզ այն ժամանակ ամուսնացած լինի, երեխաներ ունենա կամ նույնիսկ Նոբելյան մրցանակ ստացած լինի, միևնույն է, նա կապրի Սևիլյայում, որովհետև ծնվել, մեծացել, սովորել, աշխատել է այստեղ: Այստեղ են ծնվել նաև նրա քույրը և մայրը: Թեկուզ հոր ծննդավայրը Սևիլյայից ոչ հեռու գտնվող Ուելվա քաղաքն է, նա էլ է իրեն սևիլյացի համարում: Մարգան՝ այն նույն աղջիկը, որը մեծ համբերությամբ ինձ բացատրում է ամեն ինչ, դիմանում իմ անճարությանը, կատակում, հետաքրքրվում Հայաստանով, իմ կյանքով, որը բախտի բերմամբ նաև քրիստոնյա է, իր խոսքերով՝ religion-ը practice անող: *** Տաճարի պարսպի մոտ փողոցային երաժշտի կիթառը չէր խանգարի տուն գնալուց առաջ: Եվ ես նստել եմ գիշերային լապտերի տակ, գրում եմ: Կառքերը... Ասես մի քանի դար հետ գնացած լինեմ: Թեթև քամին կոտրում է շոգը: Ինչու՞ ամեն օր այստեղ չեմ գալիս:




Tags: Գրքանման3, Ծակ մտքեր, Հայաստան
Subscribe

  • Արտոնյալ լինելու մասին

    Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակն» եմ կարդում։ Դեռ հազիվ մեկ երրորդին եմ հասել, ու գրքին առանձին կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ վեպի…

  • Կիրակնօրյա

    Ականջակալներս դնում եմ ու դուրս գալիս վազելու։ Ես ո՞ր օրվա դրսում վազողն եմ։ Փողոցի ծայրին հասնելուն պես անցնում եմ քայլելուն։ Վազել չի ստացվում։ Ոչ…

  • Դանիական ձմեռ

    Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։ Նախաճաշին լուրերն ենք…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments