October 3rd, 2021

Նոր տեսակի սոցիալիզացիա

Չէ՜, համավարակը չէր պատճառը, որ Դանիայի իմ գրեթե բոլոր սոցիալական կապերն անհետացան։ Մի կողմից, մի քաղաքում ապրել, մյուսում աշխատելս էր, որ սոցիալիզացիայի շատ քիչ ժամանակ էր թողնում, եղած ժամանակն էլ երկու կես անում Օրհուսի ու Կոպենհագենի միջև։ Մյուս կողմից, ընկերներս էին, որ հերթով հեռացան Դանիայից։ Ու արդյունքում Կոպենհագենում միայն մի կայուն ընկերուհի ունեմ, որը ոչ մի տեղ չի գնալու ու որի հետ ընդամենը երկու-երեք տարի առաջ եմ ծանոթացել։

Իսկ երեք տարի առաջ այս հարցը բարձրացրի Շերոնի մոտ քոուչինգի ժամանակ։ Ասացի, որ երկու քաղաքում ապրելով իրականում ոչ մեկում էլ չեմ ապրում, որ մայրս Հայաստանում է, հայրս՝ Կանադայում, իսկ ես երրորդ մի երկրում, որ մտերիմ կապեր հաստատել, իսկ եղածները պահպանել չեմ կարողանում, ու չգիտեմ՝ ինչ անեմ։ 

Շերոնն ինձ տնային հանձնարարություն տվեց, բայց չեմ հիշում՝ կոնկրետ ինչ էր։ Միայն հիշում եմ, որ հաջորդ հանդիպումը խնդրել էի, որ օնլայն լինի, որովհետև Նորվեգիա էի գործուղվել (այո, ես օնլայն հանդիպումներ ունենում էի համավարակից դեռ շատ առաջ, ու դա ինձ համար բնավ նորություն չէր)։ Այդ հանդիպման ժամանակ պայծառացած ասացի, որ լուծումը գտել եմ։ Հարցին, թե որն է այն, պատասխանեցի. «Ավելի շատ ճամփորդելը»։ Բնականաբար, Շերոնը զարմացավ ու խնդրեց բացատրել. երկու շաբաթ առաջ բողոքում էի գնացքներում չափից դուրս շատ ժամանակ անցկացնելուց։

Collapse )