July 30th, 2021

Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքները Հոդա Բարաքաթի «Կորածների ձայներում»

Լիբանանցի գրող Հոդա Բարաքաթի «Կորածների ձայները» ձեռքս ընկավ Արք գրախանութում, որտեղ կորոնավիրուսի՝ գրեթե կես տարի տևած լոքդաունից հետո առաջին անգամ էի հայտնվում։ Եթե ուզում ես ստանդարտ բեսթսելերներից դուրս, թարգմանված գրականություն կարդալ, գնա Արք գրախանութ, ու աշխարհի գրեթե ցանկացած անկյունից մի բան կգտնես։

Voices of the Lost - Hoda Barakat

«Կորածների ձայները» շղթայական նամակների հավաքածու է. ամեն հաջորդ նամակի հեղինակի ձեռքը պատահաբար ընկնում է նախորդի նամակը։ Էդպիսով, նամակներից ոչ մեկը (բացի գուցե վերջինից) հասցեատիրոջը չի հասնում։ Նամակների հեղինակները խիստ տարբեր պատմություններով մարդիկ են, հասցեատերերը նույնպես։ Առաջին երկուսը մտերմիկ նամակներ են նախկին սիրուհու ու սիրեկանի ուղղված։ Երրորդը պատերազմի հանցագործ ու ապօրինի միգրանտ է, որ մորն է գրում՝ խոստովանելով, որ իրեն իր տուն վերցրած կնոջը սպանել է։ Չորրորդը նախկին մարմնավաճառ է, որ բանտում նստած եղբորն է գրում։ Իսկ վերջինն իր սիրեցյալին ՁԻԱՀ-ին կորցրած նույնասեռական է, որ հորն է գրում ու ինքնաթիռի տոմս խնդրում վերադառնալու համար։

Այս բոլոր հեղինակները գտնվում են օտար երկրում, գրում են արաբերեն ու հավանաբար Լիբանանից են։ Բոլորը փախչում են իրենց հայրենիքում տեղի ունեցող ահավոր բաներից, ու տեղ-տեղ հիշատակվում է քաղաքացիական պատերազմը։ Բոլորը գաղտնիքներ ունեն, որոնց մասին գրում են հենց նամակներում։ Բոլորը դժբախտ ու միայնակ են։ Նամակներն ընթերցողին փոխանցում են օտար երկրում գտնվողների հուսահատությունը, երբ հայրենիքում պատերազմ է։ Նրանք հարց են տալիս, թե որն է իրենց հայրենի երկիրը և արդյոք կարելի է հայրենի երկիր համարել այն մեկը, որն ավերակների է վերածվել։ Ու ամեն հաջորդ հեղինակ ապրումակցում է նախորդին. անծանոթ մարդ, որը պարզապես կարդացել է ոչ իրեն հասցեագրված նամակը։

Գրքի երկրորդ հատվածում կարդում ենք հասցեատերերի տեսանկյունը, որը ոչ միշտ է հակասում նամակների հեղինակի ասածներին, պարզապես տեսանկյունն է ուրիշ։ Առաջին երկուսը ակնհայտորեն սպիտակ արևմուտքցիներ են, ու կարծես իրենց սիրեցյալների տառապանքն ու ցավը նրանց հասու չէ։ Նրանցից մեկը նույնիսկ մտորում է այդ մասին. «Որքա՞ն լավ մենք կարող ենք ճանաչել մարդկանց, որոնք քաղաքացիական պատերազմի միջով են անցել։ Ի՞նչ չափով կարող ենք երբևէ իմանալ բռնության ու ավերածության, կորուստների, ամայացման մասին։ Անհաղթահարելի ցավի մասին, որ պետք է որ զգան ամեն օր։ Կարո՞ղ ենք իսկապես հասկանալ, թե ինչպես են նրանք փոխակերպվում, ինչն է փոխվում նրանց ներսում, և ինչն է կարծրանում»։

Միայն երրորդի դեպքում պատմությանը ծանոթանում ենք ոչ թե հասցեատիրոջ, այլ նամակի հեղինակի ալբանացի անտուն ընկերոջ տեսանկյունից։ Այստեղ իմանում ենք, որ չնայած նամակի հեղինակ հանցագործը գրել էր, թե ուղղակի սպանել էր իրեն տուն վերցրած ծեր կնոջը, պարզվում է՝ նաև մարմինն էր մասնատել, սիրտն էլ չէին կարողանում գտնել։ Հետաքրքիր է, որ մինչ այդ իր մորն ուղղված նամակում հեղինակը հիշում է «Մոր սիրտը» ավանդապատումը (Իսահակյանն էլ ունի իր մեկնաբանությունը) ու սկսում ծաղրել այն։ Արդյոք ծեր կնոջը, որի հետ սեռական հարաբերություն էր ունենում, ընկալում էր որպես իր մո՞ր։

Դեպքերի իրենց տեսանկյունը ներկայացնողներին էլ է մի բան միավորում. անկախ նրանից, թե որտեղից են, ապրումակցումն ի սպառ բացակայում է, բոլորն ատելությամբ կամ առնվազն անտարբերությամբ են լցված։ Բայց ընթերցողը մնում է նամակների հեղինակների կողմից, ընթերցողը հաղորդակից է դառնում այն ամենին, ինչը հասցեատերերն էդպես էլ չեն իմանում։

Վեպը եզրափակվում է փոստատարի նամակով։ Փոստատարն ինքը կարծես ամփոփում է պատերազմի ողջ դաժանությունը ու դրա հետևանքները, պատմելով, որ նամակներն այլևս չեն կարող հասնել հասցեատերերին, որովհետև չկան հասցեատերերը, չկան հասցեները։ Այստեղից հասկանում ենք, որ նույնիսկ հինգերորդ նամակը, լինելով միակը, որ դրոշմանիշվել ու ուղարկվել է, միևնույն է, չի հասնում հասցեատիրոջը։ Բայց փոստատարը խնամքով հավաքում, պահում է հասցեատերերին չհասած նամակները. գուցե մի օր մի ուրիշ փոստատար գա, հասցեները վերականգնվեն, հասցեատերերը՝ վերադառնան, ու նամակները տեղ հասնեն։