July 29th, 2021

Դասակարգային անհանդուրժողականությունը Զապէլ Եսայեանի «Սպասման սրահին մէջ» վեպում

Զապէլ Եսայեանին երիտասարդ հայ ֆեմինիստներն աստվածացնում են։ Բայց ի վերջո հասկանալու համար, թե ինչն է այդքան գրավիչ, պետք է ծանոթանալ նրա գեղարվեստական ստեղծագործություններին։ Այսպիսով, սկսեցի հենց առաջին վեպից՝ «Սպասման սրահին մէջ»։

Սպասման սրահին մէջ: In the Waiting Room: A Novel in Western Armenian: Zabel  Yesayan, Zabel Yessayan, Զապէլ Եսայեան, Krikor Beledian: Amazon.com: Books

Վեպի գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Փարիզի մի ծննդատան սպասասրահում։ Այստեղ աղքատ կանայք, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող իրենց երեխաներին կրծքով կերակրել, հավաքվում են կաթ ստանալու։ Նրանցից է նաև Էվան՝ հրեա մի կին, որ ամուսնացել է ֆրանսիացի Անտրէի հետ ու տեղափոխվել Ֆրանսիա։

Սպասման սրահն այն վայրն է, որտեղ աղքատները հանդիպում են նախկին աղքատներին. հիվանդապահուհիները, թեև նույն ստորին դասակարգից են, աշխատանքի են տեղավորվել ծննդատանը, հետևաբար իրենց ապրուստի հարցը լուծել են, մինչ կաթ ստացող կանայք ծայրահեղ աղքատ են, բացարձակապես ոչ մի կոպեկ չունեն գպանում։ Հիվանդապահուհիների մեջ սաստիկ չարություն կա այցելու կանանց նկատմամբ։ Նրանց ստորացնում են, ծաղրում, ըստ իրենց քմահաճույքի անգամ զրկում կաթից։

Էդպես կաթից զրկում են նաև Էվային։ Էվան ու Անտրէն այնքան աղքատ են, որ ամիսներով պարտքեր ունեն կուտակած, իրենք էլ օրերով ոչինչ չեն ուտում, բայց երեխային կերակրելը հրատապ է։ Սակայն մի վեճի ժամանակ հիվանդապահուհին Էվային էլ է զրկում կաթից, ու ընտանիքով հայտնվում են լրիվ անելանելի դրության մեջ։ Ընտանիքի բարեկամ Սատարօֆը միջնորդում է, բժիշկ Բրացը հիվանդապահուհիների վրա ճնշում գործադրի, ու Էվային կաթ տան։

Ու Էվան սպասման սրահում երկարուձիգ ժամեր է անցկացնում՝ սպասելով Բրացին։ Էվան նաև թեթևակի սիրահարվել է նրան, փրկության է սպասում։ Բայց Բրացը, թեև սիրալիր է Էվայի նկատմամբ, լինելով այլ դասակարգից, վերևից է նայում աղքատներին. «Ա՜Հ անանկ տգիտութիւն մը, յամառութիւն մը կայ այդ ստորին դասակարգին մէջ որ հակառակ բոլոր բարի կամեցողութեան բան մը ընել կարելի չէ»։

Այսպիսի վերաբերմունքն աղքատների նկատմամբ շատ ծանոթ է ժամանակակից Հայաստանի միջին խավի կողմից, երբ լինի կորոնավիրուսի համաճարակ ու պատվաստումներ, թե սոցիալական խնդիրներ, անընդհատ մեղադրանքները լցվում են աղքատների վրա, թե իրենք են մեղավոր իրենց աղքատության համար։ Ու միջին խավն ապրում է իր համար՝ իրականությունից կտրված, վայելում կյանքը, մեկումեջ հայհոյում աղքատներին՝ մեղադրելով ծուլության կամ տգիտության մեջ։

Սպասման սրահը նաև այն վայրն է, որտեղ աղքատների ժամանակը չի գնահատվում, ու կարելի է նրանց սպասեցնել այնքան, որքան ուզենան։ Վերջում, երբ Անտրէն հիվանդանոց է ընկնում, Էվան ու Սատարօֆը գնում են տեսակցության ու ժամերով սպասում են սպասասրահում, մինչ բժիշկները կճաշեն, կհանգստանան ու կբարեհաճեն իրենցով զբաղվել։

Ընդհանուր առմամբ, «Սպասման սրահին մէջ» վեպով Զապէլ Եսայեանը ցույց է տալիս, թե աղքատները որքան մենակ են իրենց խնդիրներով, ու դրանց որքան անհաղորդ են մնացածները՝ լինեն նրանք նախկին աղքատներ, թե առավել բարեկեցիկ կյանք ունեցողներ։