May 18th, 2021

Ես գիտեմ՝ դու ինչ ես զգում

Լիլիթին տառաջին անգամ էի հանդիպում ու առավելևս առաջին անգամ էի նրա տանը։ Մինչ այդ ֆեյսբուքով մի քանի բառ էինք փոխանակել, ու պարզապես լուռ լայքում էինք միմյանց ստատուսները։ Լիլիթը պատերազմի ժամանակ շապիկների տպագրություն էր կազմակերպել՝ Recognize Artsakh գրությամբ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը հիմնադրամին էր ուղարկվել։ Մորթենը մինչև հիմա հպարտ-հպարտ հագնում է շապիկը, ես՝ ավելի հազվադեպ։ Ու երբ հրավիրեց իր տուն, առանց տատանվելու ընդունեցի հրավերը, չնայած որ Կոպենհագենից գնացքով երկու ժամ պիտի ճամփորդեի։

Օրվա ընթացքում Լիլիթի հետ քիչ շփվեցի, շատ ավելի քիչ, քան կուզենայի։ Որպես տանտիրուհի ինքը զբաղված էր, իսկ ես որպես ամաչկոտ հյուր տարածքում քիչ էի տեղաշարժվում։ Վերջում, երբ արդեն գնում էի, Լիլիթը եկավ, ինձ գրկեց։ Որևէ բառ պետք չէր ասել։ Գիտեի՝ ինչ է զգում, ես էլ էի նույնը զգում։ Հետո փորձեցի բառերի վերածել, հետո արդեն աչքերս լցվեցին։ Ու էդպես է. մենք՝ հայ կանայքս, որ գիտենք, միմյանց գլխում ինչ է, որ գիտենք՝ դիմացինն ինչով է անհանգստանում, ինչով է շնչում ու ինչով է ապրում, բառերի կարիք չունենք։