April 26th, 2021

Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակը»

Էնջըլը գիրքը տվեց, ասաց՝ կարդա, դուրդ կգա, «Քուինիի» ավելի լավ տարբերակն է։ Ես էլ Էնջըլին «Սիրեցյալը» տվեցի ու անցա «Սվինգի ժամանակը» կարդալուն։

Զեյդի Սմիթն ինձ համար նոր գրող չէ այն իմաստով, որ անունն առաջին անգամ չէի լսում։ Գրական փառատոններին եղել է, գրքերը գրախանութներում տեսել եմ, կարդացածս այլ գրքերի վրա նրա կարծիքն էլ է եղել։ Բայց իր գործերից առաջին անգամ էի կարդում։

«Սվինգի ժամանակը» Լոնդոնում մեծացող աշխատավոր խավի երկու շագակագույն աղջիկների մասին է։ Կամ, ավելի ճիշտ, էդպես է սկսվում։ Երկու հերոսուհիների մի ծնողը սև է, մյուսը՝ սպիտակ։ Երկուսն էլ պարի են գնում, բայց միայն նրանցից մեկը՝ Թրեյսին է շարունակում պարը որպես մասնագիտություն, իսկ մյուսը, որը նաև առաջին դեմքից պատմողն է, լրիվ ուրիշ ուղղությամբ է կյանքը շարունակում։

Book review – Swing Time by Zadie Smith | Just Retiring
Մոտավորապես առաջին հարյուր էջից հետո, որտեղ երկու ընկերուհիների մանկությունն էր նկարագրվում, գիրքը սկսում է չհիմնավորված ժամանակային թռիչքներ կատարել։ Իմանում ենք, որ քսաներկու տարեկանից հետո ընկերուհիներն այլևս իրար հետ չեն շփվում։ Անանուն ընկերուհին դառնում է աշխարհահռչակ փոփ աստղ Էյմիի անձնական ասիստենտը։

Գրքի իրադարձությունները Լոնդոնից տեղափոխվում են նաև Նյու Յորք և արևմտյան Աֆրիկա։ Այստեղ հանդիպում ենք Էյմիի ինքնասիրահարված, արտոնյալ կերպարին, որ ուզում է աշխարհում որևէ բան փոխել, բայց ահագին միամիտ է ու բնավ չի պատկերացնում, թե Աֆրիկայի աղքատ բնակչությունն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած ու ինչ առաջնահերթ կարիքներ ունի։

Վեպի հետաքրքիր կերպարներից է պատմողի մայրը՝ Ճամայկայից ձախ ֆեմինիստ ակտիվիստ, որը հետագայում նաև բրիտանական պառլամենտում է հայտնվում։ Մոր կերպարը հակադրվում է երբևէ որևէ զրկանք չկրած, ճոխությունների մեջ ապրող Էյմիի հետ։ Ինչ-որ պահից նաև թշնամիներ են դառնում, որովհետև մայրը արևելյան Աֆրիկայի բռնապետների դեմ ելույթներ է ունենում ու հարցականի տակ դնում Էյմիի՝ նրանց հետ համագործակցելը։

Թեև Զեյդի Սմիթը վարպետորեն է գրում, վեպը շատ լուրջ կառուցվածքային թերություններ ուներ։ Նախ, ժամանակային թռիչքները ոչ մի հիմնավորում չունեին։ Կարծես Սմիթը մի տեխնիկա էր փորձարկում, որին լիովին չէր տիրապետում։ Երկրորդական պատմություններից ու կերպարներից շատերը կարծես ոչ մի դեր չունենային հիմնական պատմության հետ։ Իրականում նույնիսկ դժվար է ասել, թե որն էր հիմնական պատմությունը, ու ինչի մասին էր գիրքը։ Երկու ընկերուհիների ընկերության պատմությու՞նն էր։ Այդ դեպքում ինչու՞ ենք այդքան շատ ժամանակ անցկացնում արևելյան Աֆրիկայում։ Արդյոք այն հայտնի լինելու ու դրա՝ մարդկանց վրա թողած ազդեցության մասին էր, թե՞ մայր-դուստր հարաբերությունների։

Մի քանի տեղերում վեպում մի նոր գիծ է առաջ քաշվում ու մի կողմ թողնվում։ Ինչու՞ են գլխավոր հերոսուհու քույրն ու եղբայրը ներկայացվում, եթե նրանց հետ ոչինչ չի արվելու, անհետանալու են էդպես էլ։ Ինչու՞ է մի տեղ ցույց տրվում, որ գլխավոր հերոսուհին շատ լավ երգում է, եթե դրան անդրադարձ այլևս չի լինելու։ Ե՞րբ, ինչու՞ ու ինչպե՞ս հայրը մահացավ։ Ինչու՞ էր Թրեյսիի նամակն այդքան ազդեցիկ, որ երկու ընկերուհիները տարիներ շարունակ չխոսեցին իրար հետ։ Ավելին՝ շատ վաղ նշվում է, որ Թրեյսին ու ընկերուհին այլևս չեն խոսում, որովհետև Թրեյսին «ինչ-որ վատ բան էր արել», ու ընթերցողի մոտ մեծ սպասում է առաջանում, թե ինչ էր այդ վատ բանը։

«Սվինգի ժամանակում» Զեյդի Սմիթը խիստ մակերեսորեն տարբեր թեմաներ է շոշափում՝ մաշկի գույն, ինքնություն, ընկերություն, դասակարգ, մայր-դուստր հարաբերություններ, հայտնիություն, պար, «աղքատության զբոսաշրջություն» (երևույթ, երբ միջին խավի արևմուտքցիներն այցելում են աղքատ պետություններ և ուսումնասիրում տեղի բնակչությանը), բայց երբեք թեմաներից ոչ մեկի մեջ այդպես էլ չի խորանում, էդպես էլ համը մնում է բերանումդ։ Ու նաև այս մակերեսայնության արդյունքում է, որ գիրքը տեղ-տեղ չափազանց ձանձրալի է դառնում։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հեղինակն ինքը լինելով ոչ սպիտակ անգլիացի (նրա մայրն էլ է Ճամայկայից)՝ գրքում մի կոպիտ սխալ է թույլ տալիս։ Սկզբում ներկայացնում է «անհեթեթ պարսիկ» կերպարին, իսկ մեկ այլ տեսարանում, որտեղ մի արաբ թենիսիստի են դիտում, այդ նույն կերպարն ասում է. «Արաբական միտքը բարդ մեքենա է, նուրբ։ Մենք հայտնագործել ենք մաթեմատիկան։ Մենք հայտնագործել ենք աստղագիտությունը»։

Մի խոսքով, Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակը» բավական միջակ գիրք է, իսկ էնտեղ շոշափվող թեմաները շատ ավելի խորը շոշափվել են շատ ավելի լավ գրքերում։