January 16th, 2021

Դանիական ձմեռ

Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։

Նախաճաշին լուրերն ենք կարդում։ Հարցնում եմ, թե Թրամփին քանի օր է մնացել։ Ասում է, որ երեք, ու որ կարող է այս երեք օրում Իրանի դեմ պատերազմ սկսել։ Ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմ սկսել-չսկսելը Թրամփով է պայմանավորված։ Ես այդքան վստահ չեմ։

Ես միայն սուրճ եմ խմում ու կես թխվածքաբլիթ կուլ տալիս․ կեսօրին յոգա ունեմ, շատ ծանրանալ պետք չէ։ Յոգայից հետո կգնանք զբոսանքի։

Բենեդիկտի հետ յոգայի դասն արտակարգ լավ է անցնում։ Կյանքիս մեջ առաջին անգամ կարողանում ագռավի դիրքում բավական երկար մնալ, այնքան, մինչև ինքս որոշեմ դիրքից դուրս գալ, ոչ թե ընկնեմ։ Այս առցանց յոգայի դասերը դեռ անցյալ գարնանից իմ միակ փախստավայրն են դարձել ինձ շրջապատող ամեն ինչից, այն մի ժամը, երբ կտրվում եմ աշխատանքից, լուրերից, սոցիալական ցանցերից ու գլուխս պայթացնող մնացած ամեն ինչից։ Բենեդիկտը չգիտի, թե ամեն օր ինչքան եմ իրեն ու Ինգվիլդին օրհնում հոգեկան հավասարակշռությունս պահելու համար։

Յոգայի դասից հետո խոսում եմ տատիկիս հետ։ Վերջին ժամանակներս մեր ամեն մի զրույց սկսվում է Հայաստանի ներկայիս իշխանություններին հայհոյելով, իսկ ավելի ճիշտ՝ նա հայհոյում է, ես լսում եմ ու համաձայնում։ Ամեն անգամ նոր բառեր է գտնում։ Եվ հետո միայն անցնում ենք ուրիշ թեմաների, եթե դրանք լինում են ընդհանրապես։

Դուրս ենք գալիս զբոսանքի։ Որոշում ենք հեռու սուպերմարկետ գնալ։ Մորթենը փորձում է ինձ համոզել, որ ամեն օր գոնե մի անգամ տնից դուրս գամ։ Բայց գնալու տեղ չկա․ ամեն ինչ փակ է, դրսում էլ խայտառակ ցուրտ է։ Չորեքշաբթի օրը մտովի ծրագրել էի գործից հեետո քայլել դեպի մոտակա այգին, յոգայի գորգիկս փռել ու գոնե մի տասնհինգ րոպե մաքուր օդին մարզվել։ Բայց գործից հետո արդեն խայտառակ մութ էր, ու անձրև էր գալիս։ Իսկ երեկ օրինակ հաջողացրել էի բժշկի գնալ, որ մեր տնից ամբողջ երկու րոպեի քայլելու հեռավորության վրա էր, ու գնալ-գալը չորս րոպե տևեց, իսկ բժշկի կաբինետում լինելս՝ հազիվ մի րոպե։ Ուսիս վրա կոնկրետ կետ սեղմեց, ցավից գոռացի, ասաց, որ գլխացավս հեռախոսին նայելուց է, որ ուղղակի մեջքիս այդ կետը հաճախ սեղմեմ ու ցավազրկող խմեմ։

Ձեռք ձեռքի տված ես ու Մորթենը քայլում ենք փողոցներով։ Առավոտվա կապույտ երկինքն ու արևը խիստ կարճատև էին, գորշը վերադարձել է, շուտով նաև մութը կընկնի։ Շենքերի անվերջ շարաններ, չերևացող երկինք ու սարսափելի ցուրտ։ Փորձում եմ համոզել, որ տուն գնանք։ Չի ստացվում։ Անցնում ենք Վարնըդամսվայով՝ մեր թաղամասի ամենաաշխույժ փողոցով, որին նաև փոքրիկ Փարիզ են ասում։ Մյուս փողոցներից ավելի մարդաշատ է, բայց Վարնըդամսվայի շաբաթօրյա սովորական աշխուժությունը չունի։ Որոշում ենք ուշադրություն դարձնել, թե փողոցի որ խանութներն են բաց, այսինքն՝ որոնք են դիտարկվում որպես «առաջին անհրաժեշտության», որոնք՝ ոչ։ Ալկոհոլ վաճառող երկու խանութներ բաց են, գրախանութը փակ է։ Ինչու՞ է տանը փակված լինելու պայմաններում ալկոհոլն ավելի անհրաժեշտ, քան գրքերը։

Վարնըդամսվայի այդ գրախանութի մոտով անցնելիս ես ու Մորթենը միշտ ներս ենք մտնում ու երբեք գիրք չենք գնում։ Ինչ-որ տարօրինակ ձգող ուժ ունի, որ դրսից մեզ կանչում է միշտ, իսկ ներսում միշտ մեր կարդացած գրքերն են վաճառում, որոնք ձեռք բերելու կարիք չունենք, որովհետև վաղուց արդեն մեր գրապահարաններում են։ Քննարկում ենք Դանիայում գրքերի քաղաքականությունը, ու թե ոնց են դրանք մի քանի անգամ ավելի թանկ, քան Նորվեգիայում։ Առաջարկում եմ մեր գրքերը Նորվեգիայից ներմուծել։ Մորթենն ասում է՝ Բերգենի գրախանութից միշտ էլ գրքեր ենք բերելու, արդեն ավանդույթ է։

Ես նույնիսկ չգիտեմ՝ Բերգենն ամենաշատն ինչի համար եմ սիրում․ գրախանութի՞, բնությա՞ն, յոգայի՞, թե՞ պարզապես պատուհանից բացվող տեսարանի։ Գուցե իր բոլոր բաղադրիչների հանրագումարն է, այն չպղծված, անարատ փախստավայրը, որտեղ գրեթե ոչ մեկի չեմ ճանաչում ու որտեղ պարզապես ինձ լավ եմ զգում։

Սուպերմարկետից խաչապուրի թխելու պարագաներ ենք գնում։ Վերջերս Մանուի հետ խոսելիս ասաց, որ Հոլանդիայում թխում է, իմ հավեսն էլ եկավ։ Մորթենը պանիր չի ուտում, ես էլ ամբողջն ուտել չեմ կարող։ Ուղղակի թխելու եմ՝ հիշելով իմ պատանեկության այն ժամանակները, երբ իմացածս միակ բաղադրատոմսը պատրաստի խմորով խաչապուրի թխելն էր։

Տանը սկսում ենք ընթրիք սարքել։ Ու էսպես ամեն օր, նաև աշխատանքային օրերին։ Օրերն ենք գլորում՝ ինքներս մեզ տարբեր բաներով զբաղեցնելով․ պատուհանից այն կողմ գորշ դանիական ձմեռն է, իսկ էկրաններին՝ աշխարհի վերջը, ու չգիտես՝ որն է ավելի վատ։