January 13th, 2021

Սեմա Քայգուսուզի «Ամեն կրակ, որին հետևում ես»

Ծննդյանս օրվա առթիվ Մորթենի ծնողները գումար էին տվել ու պատվիրել Արցախ չուղարկել։ Ես էլ որոշեցի մտնել գրախանութ ու ամբողջ գումարով գրքեր գնել։ Մինչ հերթով անցնում էի դարակներով, Մորթենը մոտեցավ գիրքը ձեռքին․
— Սա քեզ կհետաքրքրի։

Få Every Fire You Tend af Sema Kaygusuz som Paperback bog på engelsk


Ջղայնացած ասում եմ՝ թե ոնց թե, ո՞նց է մտքովդ անցնում, որ թուրքական գիրք կուզենամ կարդալ։ Շուռ է տալիս գիրքը, նկարագրությունը կարդում․ «1938 թվին արևելյան Անատոլիայի հեռավոր Դերսիմ մարզում Թուրքիայի Հանրապետությունը զազա քրդերի համայնքը վերացնելու օպերացիա սկսեց․․․»։ Գիրքը գնում եմ, բերում տուն, ավելացնում ձմեռային տրցակիս։

«Ամեն կրակ, որին հետևում ես» գիրքը Քայգուսուզը գրել է իր՝ կոտորածից փրկված զազա տատիկի պատմածներից ոգեշնչված։ Ինչպես հեղինակն է նշում վերջաբանում, տատիկը շատ բան չէր պատմում, միայն ասում էր․ «Մեզ կոտորեցին», իսկ նրա պատմած մնացած ամեն ինչը փոխաբերություն էր՝ համեմված ալևիների դիցաբանությամբ։

Էդպիսին էր նաև գիրքը։ Պատմողը դիմում էր ինչ-որ անհայտ երկրորդ դեմքի, որը ֆոտոխցիկը ձեռքին շրջում էր, ու պատմում նաև տատիկի մասին։ Հետագայում հասկանում ես, որ այդ երկրորդ դեմքը պատմողի ու տատիկի միաձուլումն է, սերնդեսերունդ փոխանցվող տրավմայի մարմնավորումը։ Գրքում հանդիպում ես Հըզըր առասպելական կերպարին, որ կար Մովսեսի ժամանակներում, կար նաև մեր օրերում՝ անտուն թափառականների տեսքով, որոնց պատմողի տատիկը միշտ լավ էր նայում, որ մերթ մոտենում է, մերթ հեռանում է, ու միաժամանակ թե՛ չարն է, թե՛ բարին։ Ու կարծես հենց նույն Հըզըրն է, որ փրկել է տատիկին կոտորածից։ Գրքի կենտրոնում է նաև թուզը՝ որպես պտուղ ու որպես ծառ, որպես շարունակականության ու դրա ընդհատման խորհրդանիշ, որպես լեզու, որն օգտագործվում է ցավի մասին խոսելու համար։ Թզենին նաև լսում է․ «Արի խոստովանենք ծառին, որ մեր այդ տները, որ պետք է քանդվեին ու ավերվեին, և այդ մարմինները մեր, խարսխված մեր տներին, այդ ընտելացված բանալ մարմինները մեր, մեր միակ միջոցն են մեզ տեսանելի դարձնելու»։

Պատմությունները հաճախ կցկտուր են, անավարտ։ Ինչպես Քայգուսուզի տատիկի պատմածներում, էնպես էլ գրքում չես գտնի կոտորածների ուղղակի մանրամասներ։ Դու դրանք հասկանում ես տողերի արանքում, որովհետև ինքդ էլ մեծ տատիկ ունեիր, որ զանազան պատմություններ էր պատմում առանց ցեղասպանության ուղղակի մանրամասների մեջ խորանալու։ Քայգուսուզը կարծես պատմի մի բան, որ միայն նույն սերնդեսերունդ փոխանցված տրավման ունեցողները կարող են հասկանալ։ Գիրքը թեև գրվել է թուրքերեն, թարգմանվել է անգլերեն, ի տարբերություն մերձավորարևելյան այլ հեղինակների գործերի, չի թիրախավորում բանից անտեղյակ արևմուտքցուն, որին ամեն աշխարհագրական անունը պետք է բացատրել։ Այն պարզապես կա, ու կհասկանաս, թե ինչ է ասում, եթե գիտես լեզուն՝ թզի լեզուն, որով, ըստ հեղինակի, գրված է գիրքը։

Every Fire You Tend by Sema Kaygusuz review – Turkey's violent legacy |  Fiction in translation | The Guardian
Սեմա Քայգուսուզ

Սեմա Քայգուսուզի տատիկի պատմությունը շատ նման է Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մորը»․ ցեղասպանության սարսափներ, ու լռություն տարիներ շարունակ, որովհետև խոսելը կհակասեր մեծամասնության ընդունած նորմերին, որովհետև պարզապես վտանգավոր էր, ու պատառիկներ կամ ամբողջական պատմություն՝ ժառանգված թոռներին, որ պատմում են, փորձում լսելի դարձնել իրենց ձայնը։ Երկու դեպքում էլ թուրքերի կատարած կոտորածների հետևանք, մեկը՝ հայերի, մյուսը՝ զազա քրդերի։

Հայ ընթերցողի համար Քայգուսուզի գիրքը կարևոր ահազանգ է։ Այն հիշեցում է, որ 1915 թվականին ոչ թե հայերն են ինչ-որ բան սխալ արել, ոչ թե թուրքական ֆաշիզմն ուղղված է հենց հայերի կամ ընդհանրապես քրիստոնյաների դեմ, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են նույն տարածքում ու խոսում են ուրիշ լեզվով կամ ուրիշ կրոն ունեն։ Սա հիշեցում է, որ մեր արևմտյան հարևանի ֆաշիզմն ավարտված չէ, որ թուրքերն իրենց ինքնությունը կառուցում են մյուսներին ոչնչացնելու հաշվին, որ այդ ոչնչացումից խոսելն անգամ քսանմեկերորդ դարում դեռ տաբու է՝ լինի հայերի, թե զազաների մասին։ Ու սրա մասին պետք է լավ հիշել՝ Թուրքիայի հետ սահմանների բացման ու առևտրական հարաբերությունների մասին երազելուց առաջ։

Եթե հայկական դպրոցներում համաշխարհային գրականություն առարկա մտցվեր, կառաջարկեի Սեմա Քայգուսուզի «Ամեն կրակ, որին հետևում ես» գիրքը դրա մի մասը կազմել, որ հենց դպրոցական տարիքից էլ բազմակողմանիորեն ծանոթ լինենք թուրքական ֆաշիզմին ու զգոնությունը երբեք չկորցնենք։