December 27th, 2010

Ռոք փառատոն. ամեն դեպքում Հայաստանում առաջընթաց կա

Չնայած այսօրվա փառատոնից միայն Դոգման էր, որի երգերը տանն էլ կլսեի, մենահամերգին մեծ հաճույքով կգնայի, ամեն դեպքում պետք է արձանագրեմ, որ հայկական ռոք ասպարեզում ինչ-որ առաջընթաց կա:

Մոտ 10 տարի առաջ Երևանում ռոք իրադարձություն չէր լինում, որ բաց թողնեմ, բայց այն ժամանակ ամեն ինչ մի տեսակ քաոսի նման էր: Համերգները սկսվում էին 1-2 ժամ ուշացումով: Մի խմբից մյուսի անցումը բավական երկար էր տևում: էլ չեմ ասում, որ հաճախ բեմ էին բարձրանում խմբեր, որոնց անունները հաջորդ անգամ չէինք լսում: Իսկ եթե նույնիսկ լինում էին այնպիսիք, որոնք քիչ թե շատ կայուն կազմ ու գործունեություն ունեին, ամեն դեպքում նրանց երգերը ոչ մի կերպ չէին հիշվում կամ տպավորվում:

Այսօր պատկերն այլ էր: Հանդիսատեսը կարողանում էր խմբերին ձայնակցել, իսկ դա նշանակում է, որ արդեն կան կայուն, տպավորվող, հիշվող երգեր, որոնք մեկ անգամ չէ, որ հնչում են: Կայուն են նաև խմբերի անունները: Գիտես, որ «էս օր կան, վաղը չկան» վիճակներ չէ: Համերգն էլ բավական կազմակերպված էր: Չէր սկսվել հազար ժամ ուշացումով ու մինչև ժամը հազարը չէր ձգվել: Մենակ մի թերություն կար: Կարծում եմ՝ ներկա գտնվողներից շատերը կհամաձայնեն ու կարծում եմ՝ համերգների կազմակերպիչներն առաջիկայում դա հաշվի կառնեն: Խոսքս վարողի մասին էր՝ սկսած նրա արտաքինից, հագուստից, վերջացրած բառապաշարով ու արտահայտած մտքերով: Դատելով նրա խոսքի աղքատիկությունից ու տափակ հումորներից՝ նա այնքան էլ չէր փայլում ինտելեկտով: Էլ չեմ ասում, որ մի երկու տեղ ուղղակի զավեշտալի էր: Oaksenham-ին ներկայացնելիս նշեց, որ Կորյուն Բոբիկյանն ԱՄՆ-ում է, բայց «դրանից խումբը չի տուժել, այլ ընդհակառակը»: Ու ամենացավալին այն է, որ ես վստահ եմ, որ նա կպնելու նպատակ չի ունեցել: Ուղղակի չկարողացավ ճիշտ արտահայտվել:

Մի խոսքով, ուրախ եմ, որ Հայաստանում ռոքն այլևս նույն քաոսային վիճակում չէ, ինչ մի 10 տարի առաջ էր: