December 23rd, 2010

Ինչու՞ դեմ լինել օտարալեզու դպրոցներին

Այս գրառումովս նպատակ ունեմ ամփոփելու կարծիքս այս հարցի շուրջ ու բանավեճը բոլորովին այլ դաշտ տեղափոխելու: Հիմա կտեսնեք...

Օտարալեզու դպրոցների կողմնակիցների առաջին փաստարկն այն է, թե՝ ի՞նչ վատ է, որ մի քանի առարկա օտար լեզվով լինի: Ուզում եմ հստակեցնել արդեն միլիարդերորդ անգամ, որ խոսքը ոչ թե մի քանի, այլ գրեթե բոլոր առարկաների մասին է: Հակառակը՝ մի քանիսը լինելու են հայալեզու առարկաները:

Շատերից լսել եմ, որ ասեն՝ 114-ն ինչո՞վ է վատը որ: Ուզում եմ հստակեցնել, որ 114-ը ոչ թե օտարալեզու, այլ թեքումով դպրոց է, ինչի գոյությունը երբևէ օրենքով չի արգելվել: Ավելին՝ 114-ը շատ լավ օրինակ է այն բանի, որ օտար լեզու սովորելու համար ամենևին անհրաժեշտ չէ օտարալեզու դպրոց հաճախել: 

Շարունակելով լեզու սովորելու թեման... Արդեն բազմիցս ասել եմ, որ դա կարելի է անել առանց օտարալեզու դպրոց հաճախելու: Ընդամենը պետք են որակյալ ծրագրեր, որակյալ մասնագետներ և դասաժամերի շատացում: Թող ոչ ոք չասի, թե հնարավոր չէ: Ամբողջ Եվրոպան վարժ անգլերեն գիտի: Հիմարություն է կարծելը, թե բոլոր եվրոպացիներն անխտիր անգլոամերիկյան դպրոցների շրջանավարտներ են:

Որակյալ կրթության կողմնակիցները... մի՞թե կարծում եք, թե մենք դեմ ենք դրան կամ ինչու՞ եք լուծումն օտարալեզու դպրոցներ բացելու մեջ տեսնում:

Հայերենի երկրորդ պլան մղվելը... պնդում եք, թե նման բան չի՞ լինի: Բա Սովե՞տը: 

Ի՞նչ էի էսքան ձգում: Օտարալեզու դպրոցների բացման հարգելի կողմնակիցներ, ես ընդունում եմ ձեր՝ սեփական կարծիքն ունենալու, այն առաջ բրդելու իրավունքը, բայց եկեք անկեղծ լինենք միմյանց նկատմամբ: Արդեն բազմիցս բոլոր հնարավոր տարբերակներով ներկայացրել ենք մեր փաստարկները: Եթե ամեն դեպքում շարունակում եք օտարալեզու դպրոցներին կողմնակից մնալ, ապա, խնդրում եմ, մի նենգափոխեք մեր ասածները կամ ձեզ դեբիլի տեղ մի դրեք: Համարձակություն ունեցեք խոստովանելու, որ ամեն դեպքում ձեզ չի հուզում հայոց լեզվի ապագան, ամեն դեպքում համոզված եք, որ հայալեզու կրթությունը չի կարող որակյալ լինել, որ ամեն դեպքում հայերն այնքան բութ են, որ մինչև օտարալեզու դպրոց չգնան, օտար լեզու չեն սովորի, որ ընդհանրապես ձեզ չի էլ հուզում, որ օտարալեզու կրթության պատճառով Հայաստանը կարող է իր անկախությունը կորցնել: Համարձակություն ունեցեք և ասեք այս ամենը, ես էլ կասեմ՝ ապրեք, հարգում եմ ձեր կարծիքը: