December 15th, 2010

Կլինիկական դեպք

Սա այնպիսի դեպք չէ, որը կգտնեք դասագրքերում կամ կարելի է ներկայացնել գիտաժողովներին ոչ այն պատճառով, որ պակաս հետաքրքիր է, այլ որովհետև հիվանդին անձամբ չեմ տեսել, փաստաթղթերին չեմ ծանոթացել: Պատմությունը լսել եմ մեր բաժանմունքի վարիչից: Որոշեցի ձեզ հետ կիսվել, դուք էլ կարծիքներ հայտնեք:

Հիվանդը 18 տարեկան տղա է, ծնվել-մեծացել է գյուղում: Ծնվել է նորմալ հղիությամբ և ծննդաբերությամբ: Մինչև չորս տարեկան աճն ու զարգացումն ընթացել են նորմալ: Քայլել է մեկ տարեկանից: Խոսել սկսել է մեկ տարեկան երկու ամսականից, ընդ որում հենց սկզբից բառերն արտասանել է շատ հստակ:

Երբ լրացել է չորս տարին, որոշել են ծննդյան օրը սարում նշել: Խնջույքի ժամանակ այնպես է ստացվել, որ կամ տատիկը, կամ մայրը պետք է վերադառնային գյուղ: Տղան փաթաթվել է երկուսին էլ ու թույլ չի տվել: Այնուամենայնիվ, ի վերջո մայրը գնացել է: Տատը նշում է, որ հաջորդ օրվանից սկսել է բառերը ոչ հստակ արտասանել: Կամաց-կամաց խոսքը սկսել է հետ զարգանալ: Երկու ամիս անց դարձել է լրիվ համր: Ըստ հարազատների վկայության, նաև խուլ, որովհետև իրենց ասածներին ուշադրություն չի դարձրել:

Այդպես մինչև 8-9 տարեկան ոչ մի բառ չի արտասանել: Հետո չգիտեմ՝ ինչ է եղել, բայց սկսել է քիչումիչ խոսել: Բժշկի հետ հանդիպման ժամանակ նշվում է, որ հարցերը հասկանում էր, բայց չէր կարողանում պատասխանել: Օրինակ, այն հարցին, թե սա ինչ գույն է, պատասխանել է. «Գիտեմ, բայց չեմ կարող ասել»: Բժիշկը հերթով տարբեր գույներ է թվարկել, բոլորին ասել է՝ ոչ: Հենց հասել է սպիտակին (որը և ցույց էր տվել), պատասխանել է՝ այո: Այն հարցին, թե ինչ է սիրում, պատասխանել է շոկոլադ, ինչից տատը զարմացել էր, որովհետև նման բառ նրանից չէր լսել: Իսկ երբ հարցրել են, թե քանի տարի է դպրոցում սովորել, մատներով ցույց է տվել ութ թիվը: Ըստ հարազատների, շատ բառեր արտասանում է յուրովի, կարծես սեփական լեզուն ունենա, ինչին արդեն սովորել են: Ունեցել է նաև էպիլեպտանման ցնցումներ:

Հարց. ի՞նչ եք կարծում, ի՞նչ հիվանդություն է սա և ո՞րն է պատճառը:

Շտապեմ ասել, որ ես էլ պատասխանը չգիտեմ, մտածում եմ: Հա, վերևում մոռացա նշել: Գլխի տրավմա չեն նշում: