December 14th, 2010

Մտածում եմ՝ նորից անցնեմ բաց գրելուն

Երբ բլոգս նոր էի բացել, ու ինձ հարցնում էին՝ ինչի համար եմ պահում, առանց երկար-բարակ պատասխանում էի, որ իմ ամեն մի գրառումն ուղղված է ինչ-որ մեկին կամ ինչ-որ խումբ մարդկանց: Հաշվի առնելով նրանց՝ իմ բլոգում հայտնվելու տեսական հնարավորությունը, գրում եմ այն, ինչ կուզենայի ասել նրանց:

Հետո տարիներ անցան: Կամաց-կամաց բլոգ պահելու շարժառիթս փոխվեց: Ավելին՝ վերջին ժամանակներս չեմ կարողանում ինքս ինձ բացատրել, թե ինչի համար գոյություն ունի byurie.livejournal.com-ը: Միայն մի բան լավ գիտեմ. վերջերս գնալով շատանում են միայն ընկերների կամ նույնիսկ ընկերների կոնկրետ խմբի համար նախատեսված գրառումները ու գնալով քչանում նրանք, որոնք հասանելի են բոլորին: Պատճառն էլ է պարզ. ինտերնետն արդեն հասանելի է գրեթե բոլորին, ու կարծես փորձում եմ թաքնվել զանազան աչքերից կամ գոնե ինքս ընտրել իմ ընթերցողներին: 

Էս մի քանի օրը երկար-բարակ ծանրութեթև արեցի ու մտածեցի՝ ումից ի՞նչ ունեմ թաքցնելու: Եթե պիտի գրեմ, ավելի լավ է՝ բոլորի աչքի առաջ դա լինի, որ հետո չզարմանամ, երբ տեսնեմ, թե ինչ-որ մեկն ինչ-որ բան կարդա, որը նախատեսված չի եղել նրա համար (չնայած դեռ նման բան չի եղել, բայց դե ինչ իմանաս):

Մի խոսքով, բարի գալուստ բաց աշխարհ: Հին գրառումներս չեմ բացի, բայց կաշխատեմ սրանից հետո կողպեքի տակ չմտնել: