December 10th, 2010

Հայաստանից հեռանալու մասին

Հաճախ պատահում է, որ երբ ինչ-որ մեկից երկար ժամանակ լուր չեմ ունենում, մեկ էլ հանդիպում ենք, միանգամից ասում է.
- Էս դու դեռ Հայաստանու՞մ ես:
Ընդհանրապես, դպրոցն ավարտելուց հետո շատերն են թյուրիմացաբար կարծել, թե այլևս Հայաստանում չեմ ապրում: Նույն պատճառով մեր դպրոցի 100-ամյակին ներկա չեմ գտնվել: Դասարանցուս խնդրել են, որ հրավիրատոմս ինձ փոխանցի, ասել է՝ Հայաստանում չեմ: Չգիտեմ՝ դիտմամբ է արել, թե իսկապես այդպես է կարծել... Հետո էլ շատ-շատ ուրիշ ընկերներ այնքան վստահ են եղել, որ այստեղ չեմ, որ անհրաժեշտության դեպքում չեն էլ փորձել ինձ գտնել:

Շատերն ասում են՝ դու Հայաստանի բան չես, պիտի գնաս: Չգիտեմ՝ որ հատկանիշներս են նրանց ստիպել այդպես մտածել, բայց պիտի հիասթափացնեմ. հենց ես եմ Հայաստանի բան: Թող բոլոր կաշառակերները, տակ փորողները, լևի գործ անողները, իրար գցողները, օտարալեզու դպրոցների բացման մասին երազողները, հայերից զզվողները հեռանան այստեղից, որ ես հանգիստ կառուցեմ իմ երազած երկիրը:

Հ.Գ. Հեռանալու եմ... ցավոք սրտի: Բայց կգամ... անպայման: Պիտի տեսնեմ գոնե իմ ոլորտի ծաղկումը: