November 21st, 2010

«Վատ բժիշկներ». որտեղի՞ց են գալիս նրանք

Երբ որևէ մեկն իմանում է, որ բժիշկ եմ, երկու հավանական ռեակցիաներից մեկն է տալիս. կա´մ հիշում է, որ որևէ տեղը ցավում է, հարցնում է՝ ինչ կարող է անել, կա´մ ջղայնացած սկսում է պատմել, թե ինչպես մի բժիշկ իր հարազատներից մեկին սխալ բուժեց, էն աշխարհ ուղարկեց և այլն, և այլն...

Ինչ-որ իմաստով լինելով «ներսի մարդ», բժիշկների մասին զանազան պատմությունները տեսնում եմ մի քիչ ուրիշ լույսի տակ: Դրա համար կփորձեմ իմ սուբյեկտիվ տեսանկյունից հիմնավորել, թե ինչու է հասարակության մոտ նման չափազանցված տպավորություն ստեղծվել բժիշկների մասին:

1. ...որովհետև բժիշկներից չափազանցված սպասելիքներ ունեն:
Հայ ժողովրդի կարծիքով բժիշկն աստված է և բոլոր հիվանդությունները բուժելու հնարավորություն ունի: Վատ նորություն ունեմ. առայժմ լիովին ապաքինվող հիվանդություն չկա, բացի որոշ ինֆեկցիաներից: Որոշ հիվանդություններ էլ բավական ագրեսիվ են ու արագ վախճանի են բերում: Հիշեցի մի դեպք: Բժշկական գենետիկայի ամբիոնում էի: Մեկ էլ մի մայր եկավ երեխայի հետ, որի աճը դադարել էր: Բժիշկը սկսեց հետազոտել, իսկ մայրը հիստերիկա դրեց, թե՝ բժիշկներին չեմ վստահում, առանց էդ էլ խաբվել եմ մի անգամ, մամաս նրանց ձեռքով գնաց: Բժիշկը փորձեց հանգստացնել նրան ու հարցրեց, թե մայրն ինչ հիվանդություն ուներ: Պատասխան. կարմիր գայլախտ:

Այդ հիվանդության անունը լսելիս սարսռում եմ: Այս դեպքում առավելագույնը, որ կարող է բժիշկն անել, հիվանդի կյանքը երկարացնելն է, բայց ինչքա՞ն: Վերջիվերջո, բավական արագ զարգանում է երիկամային անբավարարություն, ու դրա դեմ որևէ բան անել չես կարող: Էլ չեմ խոսում մնացած օրգանների ախտահարումների մասին:

Այստեղ բժիշկներն էլ մի մեծ սխալ ունեն: Երբեք հիվանդին նորմալ չեն բացատրում իր հիվանդության ծանրության աստիճանը, ինչի հետևանքով մեծանում է անվստահությունը:

2. ...որովհետև բժիշկները փող են ուզում:

Գիտե՞ք, թե ինչքան է ուսման վարձը բժշկական համալսարանում: Իսկ գիտե՞ք, թե ինչքան աշխատավարձ են ստանում բժիշկները: Գիտե՞ք նաև, որ բուժումն ինքնարժեք ունի, որը բժիշկը չի կարող իր գրպանից տալ: Այստեղ հայտնվում ենք անելանելի վիճակում. ամենաթանկ ուսման վարձով բուհի շրջանավարտները հետագայում դառնում են ամենաքիչ վարձատրվողները: Ի՞նչ անել: Ոմանք պարզապես թողնում են բժշկությունը: Ոմանց բախտը բերում է, կարողանում են աշխատանք գտնել այնպիսի կլինիկաներում, որտեղ ամեն դեպքում նորմալ վարձատրում են: Ոմանք երկրից հեռանում են: Բայց մեծ մասը ստիպված է հարմարվել՝ մնալով հիվանդի հույսին: Հիմա էլ պետպատվերը վերջացել է, ու նույնիսկ կոմայով հիվանդներին չեն կարողանում ընդունել: Հիվանդի տեսանկյունից՝ բժիշկը փող ա ուզում, որ բուժի: Իրականում՝ բժիշկը չի կարող իր գրպանից վճարել բուժման ինքնարժեքը:

Բժիշկների սխալը. շատերն անողոքաբար աջ ու ձախ ումից պատահի, ինչքան պատահի փող են մուրում: Արդյունքում տգեղ իրավիճակներ են ստեղծում, և անվստահությունը մեծանում է: Իմաստուն բժիշկները կարողանում են այս հարցին ճիշտ մոտենալ, բայց երբեմն շատ բաներ իրենց ուժերից վեր է լինում (օրինակ՝ պետպատվերի վերջանալը):

3. ...որովհետև բժիշկները միմյանց հարգել չգիտեն:

Եթե մի բժշկի մոտ գալիս է հիվանդ, որը նախկինում ուրիշի մոտ է եղել, անհնար է, որ երկրորդն առաջինին չփնովի, չմեղադրի ոչ մասնագիտական մոտեցման, անգրագիտության մեջ: Ինչ խոսք, երբեմն այնպիսի նշանակումներ ես տեսնում, որ աչքերդ թռնում են ճակատիդ, բայց պետք չէ այդ ամենը բարձրաձայնել հիվանդների ներկայությամբ: Չէ՞ որ դու ապահովագրված չես նրանից, որ քեզնից հետո էլ մեկ ուրիշի մոտ կգնա, ու էդ մեկ ուրիշը քո հասցեին ինչ ասես չի ասի: Արդյունքում՝ բամբասանքներ են, որ տարածվում են նույնիսկ ամենագրագետ բժիշկների մասին:

Իմաստուն բժիշկներն իրենց կոլեգաների սխալները հիվանդների ներկայությամբ չեն քննարկում: Ավելին՝ նրանք հասկանում են, որ միշտ չէ, որ առաջին բժիշկը սխալ նշանակումներ է արել:

4. ...որովհետև ամեն դեպքում կան անգրագետ բժիշկներ,
թեև նրանք այնքան շատ չեն, որքան հասարակությունը որոշել է: Սրա արմատներն ավելի խորքից են: Սկսենք բժշկական կրթությունից: Եկեք թողնենք պապայի բալիկներին, որոնք ինչ-ինչ միջոցներով կարողանում են բուհն ավարտել: Վերցնում եմ մեզ՝ մեր ուժերով ոչ այնքան վատ գնահատականներով դիպլոմներ վաստակածներիս: Մենք բավական անգրագետ ենք, եթե համեմատվենք արևմուտքի նույն կարգավիճակ ունեցողների հետ: Պատճառն ընդամենը ցածր ստանդարտներն են: Թող իզուր տեղը չարդարանան, թե մեզ մոտ սարքավորում չկա, գրականություն չկա: Ուղղակի մեզնից այնքան չեն պահանջել, ինչքան անհրաժեշտ է լավ բժիշկ դառնալու համար: Չգիտեմ՝ այս մասը ոնց բացատրեմ, որ ոչ ոք չվիրավորվի, որովհետև իրականում ԵՊԲՀ-ն Հայաստանի ամենալուրջ բուհերից մեկն է, որտեղ դասավանդում են լավագույն մասնագետները, ու ես էլ իմ կրթությունից այնքան էլ դժգոհ չեմ: Բայց փաստը մնում է փաստ, որ մեզնից բավականաչափ չեն պահանջել, որ լավ բժիշկ դառնանք: Արդյունքում՝ նրանք, ովքեր իրենք իրենց համար ավելի բարձր ստանդարտներ են դրել, կարողացել են համեմատաբար լավ մասնագետներ դառնալ, իսկ նրանք, ովքեր պարզապես բավարարել են բուհական պահանջները, կամաց-կամաց սկսել են հետ ընկնել ու դասվել անգրագետների շարքին: Ի դեպ, նոր սերունդը, որ գալիս է, ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնելու, որովհետև նրանց նկատմամբ լրիվ ուրիշ ստանդարտներ են կիրառվում: Եթե մենք գոնե հազար ու մի գիրք էինք ստանում գիտելիք ստանալու համար, հիմա արդեն ամեն առարկայից տալիս են խիստ կոնկրետ, սեղմված գրականություն, թեստերը կազմում են հենց այդտեղից՝ սովորաբար կենտրոնանալով այնպիսի մանրուքների վրա, որոնք բժիշկներին պետք չեն գալու, բաց թողնելով կլինիկական մտածելակերպին վերաբերող հարցերը: Ամեն դեպքում, լավատես եմ ու վստահ եմ, որ այս սերունդը հետագայում կզբաղվի ինքնուսուցմամբ, ինչպես մենք բոլորս ենք անում հիմա:

Որպես վերջաբան. բժիշկներին այդքան մի փնովեք: Մի մոռացեք նրանց, ովքեր կոպեկների դիմաց անքուն գիշերներ են անցկացնում հիվանդի մահճի մոտ, ովքեր գիշերվա ժամը հազարին պատասխանում են խելագար հիվանդի զանգին, որը պարզապես չի կարողանում դեղի տուփը բացել, ովքեր իրենց երիտասարդությունը փչացրել են հաստափոր գրքեր քչփորելով, ովքեր գիշերները դեղատներում աշխատել են, որ կարողանան ուսման վարձ տալ: