November 15th, 2010

Նորից 109-ի մասին

Երևանում երթուղայինների թեման անսպառ է: Կգրես, կգրես, բայց կզգաս, որ էլի ասելու բան ունես: Էսօր ուզում եմ նորից անդրադառնալ մեր հարգարժան 109-ին: Նրա տրամաբանության մասին կարող եք կարդալ այստեղ:

Չնայած բավական հարմար երթուղի ունի, աշխատում եմ հնարավորինս քիչ օգտվել 109-ից: Այսօր, երբ ֆրանսիական համալսարանից դուրս եկա, երկու երթուղային փոխելու ո´չ ուժ կար, ո´չ հավես: Դրա համար որոշեցի սպասել 109-ին: Ու շատ երկար սպասեցի... Չնայած անջատված վիճակիս, արդեն պատրաստվում էի փողոցն անցնել, երկու երթուղայինով ավելի արագ, բայց աշխատատար տարբերակն ընտրել: Հենց այդ ժամանակ նկատեցի հեռվից երևացող շագանակագույն երթուղայինը, որը կես ժամ առաջ դիմացի մայթով էր անցել: 

Մինչև Մասիվ 109-ն իրեն սովորական երթուղայինի պես էր պահում, եթե չհաշվենք այն, որ մի քիչ դատարկ էր: Ես նույնիսկ գիրքս էի հանել, որ կարդամ: Այլ հարց է, որ ցրվածությունս թույլ չտվեց, բայց դա թողնենք...

Գայի արձանի մոտից լիքը մարդիկ նստեցին, ու սկսվեց... Մի մարդ, որը տեղավորվել էր վարորդի կողքի նստատեղին, հարցրեց.
- Վարպետ, քանի՞ հատ մեքենա կա:
- Իրեք... էրկու... նայած ժամանակ:
Էստեղ ես ցնցվեցի: Մտքիս մեջ արագ-արագ հաշվարկ կատարեցի ու հասկացա, որ լավագույն դեպքում երթուղայինը հայտնվում է 40 րոպեն մեկ: Բայց դա միայն այն ժամանակ, երբ երեք մեքենաներն էլ գծում են ու պարտաճանաչորեն հետևում են երթուղուն:
Մի տատիկ.
- 55 րոպե սպասեցի... մեկը էկավ, արագ գնաց, չկանգնեց:
- Հա˜, էդ էն գիժն էր,- բացատրեց վարորդը:
Երևի հենց նրա համար էր «նայած ժամանակը»: Ու հիշեցի, թե ինչպես կհասներ Նորք, ուրախացած կմոտենայի, որ նստեմ, կպարզվեր՝ չի գնում, կպտտվեր, հետ կդառնար:

Տատիկը շարունակեցլ.
- Շեֆիդ համարն ասա, պիտի զանգեմ, բողոքեմ:
- Քաղաքապետարան: Տրանսպորտի բաժին:
- Հեռախոսի համար տուր,- ու արդեն պայուսակից բլոկնոտ ու գրիչ էր հանել:

Էստեղ բոլոր ուղևորները կամաց-կամաց սկսեցին հիշել իրենց դարդերը ու բողոքել:
- Տղայիս էս տարի ուսումնարան չընդունեցին: Ու՞մ բողոքեմ:
- Տունս ձեռիցս առան:
- Էս երկիրը երկիր չի:
Էսքան մեծ խնդիրների առաջ ամաչեցի իմ փոքրիկ դարդից խոսել: Մտածեցի՝ մեջս պահեմ, հետո ընկերներիս ներվերը կուտեմ:

Ու այսպիսով 109 հիշեցրեց, որ ինքը հեչ էլ սովորական երթուղային չէ: