November 13th, 2010

Հասարակական տրանսպորտը Երևանում

Էսօր, երբ երթուղայինում նստած շունչս կտրվում էր դեմքիս վրա կռացած քամակներից, ներվայնանում, երբ րոպեն մեկ կանգնում էր ու մարդ էր հավաքում (ասա՝ կանգառն ինչի՞ համար է), երբ առանց այդ էլ վատ ինքնազգացողությանս միացավ զանազան հոտերից փսխելու ցանկությունը, սկսեցի մտածել...

Տեսնես՝ կգա՞ մի օր, երբ Երևանը կազատվի երթուղային կոչվող նվաստացումից, ու փոխարենը կգան մեծ ու հարմարավետ ավտոբուսներ: Տեսնես՝ կլինե՞ն նորմալ կանգառներ իրարից խելքին մոտ հեռավորության վրա: Տեսնես՝ էդ կանգառներն անուններ կունենա՞ն, ցուցանակները կպարունակե՞ն այդտեղով անցնող իսկապես անցնող տրանսպորտի համարները, ոչ թե ինչ պատահի, ու դուրս գա, որ կեսը սխալ է, կլինե՞ն ժամացուցակներ, որ իմանաս՝ երբ տնից դուրս գաս, որ ուզածդ ավտոբուսին հասնես, իսկ բաց թողնելու դեպքում՝ ինչքան պիտի սպասես: Տեսնես դրանց առկայության դեպքում պարտաճանաչ կլինե՞ն: Տեսնես՝ էդ ցուցանակները կպահպանվե՞ն, թե՞ էլի կհայտնվեն ինչ-որ վայրենիներ, որոնք կպոկռտեն կամ կջարդեն:

Տեսնես՝ կգա՞ մի օր, երբ հասարակական տրանսպորտը տոմսերով կլինի, ոչ թե վարորդին 100 դրամ վճարելով, ուրիշի տեղը ստանալով, երբ հնարավոր կլինի մշտական ունենալ, որը գործածելի կլինի բոլոր տիպի փոխադրամիջոցների համար: Կշրջե՞ն կիրթ հագնված տոմս ստուգողները, որոնք առանց ներում-բեկումի կտուգանեն կարգը խախտողներին: Մետրոն կսփռվի՞ ամբողջ քաղաքով մեկ:

Է˜հ :(