October 7th, 2010

Հայերեն չխոսողը կարո՞ղ է հայ լինել

Այսօր ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված հոգեկան առողջության գիտաժողովի ժամանակ Խաչատուր Գասպարյանը մի զեկուցում կարդաց հայկական ինքնության մասին: Տարբեր գործոններ նշվեցին, որոնցով որոշվում է կամ որոնք ազդում են հայկական ինքնության վրա, սակայն լեզվի մասին ոչինչ չասվեց: Վերջում հարցրի: Ասաց, որ այդ թեմայով հետազոտություններ չկան: Իսկ հետո Լուի Նաջարյանը հարցրեց, թե արդյոք հայ լինելու համար հայերեն խոսելը պարտադիր է: Պարոն Գասպարյանը պատասխանեց, որ ոչ: 

Դրանից հետո շատերը ելույթ ունեցան ոչ հայերեն՝ անպայման շեշտելով, որ չնայած իրենց առաջին լեզուն հայերենը չէ, հայերեն (լավ) չգիտեն, բայց իրենք հայ են:

Էսօր ամբողջ օրը էդ հարցի մասին եմ մտածում. արդյոք հա՞յ է այն մարդը, որը հայերեն չի խոսում: 

Հարցն ինձ տանջում էր, որովհետև եթե մեկն իր հայկական ինքնությունից չի ամաչում ու հրապարակավ խոստովանում է, որ հայ է, ապա ոչ ոք բարոյական իրավունք չունի ասելու, որ այդպես չէ: Մյուս կողմից, այդ նույն մարդկանց սերունդները, որոնք հայերեն չեն խոսում, կխոստովանե՞ն, որ իրենք հայ են: Ու ընդհանրապես, հայ կլինե՞ն:

Էս ընդամենը քննարկման թեմա, իսկ գլխիս մեջ լուրջ հետազոտության թեմա է ծնվում: Մնում է չալարեմ ու զբաղվեմ դրանով, չնայած մասնագիտությանս հետ էնքան էլ կապ չունի: