October 2nd, 2010

Պատասխան «Առավոտում» տպվածին

ԿՈՌՈՒՊՑԻ՞Ա՝ ԲԺՇԿԱԿԱՆՈՒՄ
 
Մեր տեղեկություններով՝ այս օրերին Բժշկական համալսարանում եւ նրա ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատություններում, որոնց թվում է նաեւ Մուրացանի կենտրոնը, սկսվել է համատարած դրամահավաք, կլինիկական օրդինատորներից՝ 6 հազարական, իսկ մյուսներից՝ 5 հազարական: Դրամահավաքությունը կատարվում է առանց ՀԴՄ-ների, ինչից ենթադրվում է, որ գործ ունենք պարզ դրամաշորթության հետ՝ ամենաբարձր մակարդակով: Ապագա բժիշկների հավաստմամբ, ովքեր հասկանալի պատճառներով չցանկացան նշել իրենց անունները, այսօրինակ դրամահավաքություն տեղի է ունենում արդեն 3 տարի շարունակ, իբր պրոֆիլակտիկ ստուգում անցնելու համար: Նախկինում այն պետպատվերի շրջանակներում էր: Թե իրականում ուր են գնում այդ գումարները՝ նրանք դժվարացան ասել, սակայն փաստեցին, որ դրամահավաքությունը կրում է կազմակերպված բնույթ, հետեւապես այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն ԵՊԲՀ ղեկավարությունը: Կարծում ենք՝ ժամանակն է, որ Պետական եկամուտների կոմիտեն, ի վերջո, հետաքրքրվի, թե ինչու ԵՊԲՀ-ն չի տալիս ՀԴՄ կտրոնները, եթե, իհարկե, դրամահավաքությունն ունի օրինական որեւէ հիմք:
 
աղբյուրը

Սա հոդվածն ինքը: Իսկ հիմա իմ տեսակետը...

Այս հարցին վաղուց էի ուզում անդրադառնալ դեռ մեր համալսարանի «Մեդիկուս» թերթում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, մոռացա, գնաց: Կարծում եմ՝ համալսարանի ղեկավարությանը պետք է որ հետաքրքրի այն, ինչ իրականում կատարվում է, ոչ թե «Առավոտում» տպված վերացական տեղեկությունները, որոնցից գլուխ չես հանում:

Նախ, այդ 6000 դրամները ոչ թե իբր, այլ իսկապես պրոֆիլակտիկ ստուգումների համար են: Պետք է նշեմ, որ դա բավական մեծ թիվ է աշխատանք չունեցող կլինիկական օրդինատորի համար: Ուսանողները կարողացան աղմկել, նրանցը դարձավ 2500:

Բայց վայ այդ պրոֆիլակտիկ ստուգումներին... Համալսարանը պահանջում է, որ բոլորն անցնեն այդ ստուգումները: Ըստ երևույթին, միակ ապացույցը վճարված վեց հազար դրամներն են, որովհետև կնիք ստանալու համար միայն դա է պարտադիր: Իսկ մնացած մասերն «ըստ ցանկության» են: Ավելին՝ եթե նույնիսկ սեփական առողջությամբ մտահոգված զոհում ես երակդ և արյան անալիզ հանձնում, երբեք չես կարող վստահ լինել, որ պատասխան գրելիս իսկապես ստուգում են այդ արյունը:

Անցյալ տարի ես բոլոր անալիզները, բացի կղանքից, հանձնեցի, բոլոր նեղ մասնագետների մոտ եղա, բայց կան մարդիկ, որոնք նախընտրում են միայն 6000-ը տալ ու կնիք ստանալ: Երևի ճիշտ էլ անում են, որովհետև վերջիվերջո բոլոր անալիզները անփույթ վերաբերմունքի են արժանանում: Վառ ապացույց է այն, որ անցյալ տարի կլինիկական օրդինատորներից բոլորի մոտ ստաֆիլակոկը բացասական եկավ, բայց երբ «Էրեբունիում» պարտադրեցին նորից հանձնել (մինչև օրդինատուրան սկսելը), մի մասի մոտ դրական էր:

Էսքանով ի՞նչ էի ուզում ասել: Էդ 6000-ները բնավ կոռուպցիա չեն: Ուղղակի պրոֆ. ստուգումների համար պատասխանատուներն ուզում են համալսարանի ղեկավարության աչքին թոզ փչել, թե այդ ամենն իսկապես իրականացնում են, ուստի կխնդրեի, որ եթե համալսարանի ղեկավարությունից որևէ մեկը սա կարդա (իսկ ես գիտեմ, որ ոմանք կարդում են), այս հարցին լուրջ մոտեցում ցուցաբերի. նախ, 6000-ը մեղմ ասած չափից շատ է, երկրորդ, էլ ավելի շատ է պարզապես ջուրը նետելու համար:

«Մարդը մթության մեջ» (Փոլ Օսթեր)

Ինչպես հատուկ է Փոլ Օսթերին, այս մեկն էլ մի շնչով կուլ տվեցի: Հիմա փորձում եմ գնահատել, որովհետև պահեր կային, երբ չսիրեցի, պահեր կային, երբ հիացած էի...

Փոլ Օսթերը շատ սիրուն է կառուցում պատմությունները, բայց ինձ թվում է՝ մի լուրջ խնդիր ունի, այն է՝ չի կարողանում ճիշտ հանգուցալուծումներ ընտրել: Էս անգամ էլ էր բավական հետաքրքիր մոտեցում ցուցաբերել: Գրքում երկու զուգահեռ պատմություններ էին զարգանում: Մեկը գլխավոր հերոսն էր, որը քնել չէր կարողանում, մյուսն էլ այդ հերոսի հորինած Ամերիկան էր, որտեղ Իրաքի հետ պատերազմ չկար, փոխարենը քաղաքացիական էր, որտեղ սեպտեմբերի 11 չէր էլ եղել: Էդ երկրորդ պատմությունը մեղմ ասած ֆանտաստիկ ընթացք ուներ: Ուղղակի վատն այն էր, որ բավական շուտ էդ պատմության վերջը տվեց, ու մի տեսակ անիմաստ ստացվեց: Այդպիսով միանգամից թուլացրեց վիպակը: Դրանից հետո մոտ 30-40 էջ ջուրծեծոցի էր. գլխավոր հերոսը թոռանը պատմում էր իր կյանքը, որը շատ չէր տարբերվում միջին վիճակագրական ամերիկացու կյանքից: Բայց վերջը հավես էր: Ինչ-որ արտառոց բան տեղի չունեցավ: Ուղղակի մի տեսակ հաճելի զգացողությամբ ավարտեցի՝ ասելով. «Ապրի Օսթերը»:

Հա, մեկ էլ ինչը ինձ շոկի մեջ գցեց... Պարզվում է՝ հիսունականներին ԱՄՆ-ում ընդունված բան էր ամուսնանալուց առաջ կուսաթաղանթ կարելը: Փաստորեն, Հայաստանը հիսուն-վաթսուն տարով հետ է:

Հ.Գ. Ամեն դեպքում դեռ էնպիսի մի բան չեմ կարդացել Օսթերից, որ գերազանցի "The Brooklyn Follies"-ին: