September 27th, 2010

«Հրաժեշտ զենքին» (Էռնեստ Հեմինգուեյ), բայց ավելի շատ ուրիշ բաների մասին

Մի քիչ տարօրինակ է երևի, որ ինձ նման Հեմինգուեյասերը նոր է կարդում «Հրաժեշտ զենքին» վեպը: Էդպես էլ պետք է լիներ, եթե հաշվի առնենք, որ վերջին երեք տարիներին հաճախ վերընթերցել եմ նրա գործերը, էլ չեմ ասում, որ Հեմինգուեյը խիստ սահմանափակել եմ՝ դարձնելով տարին մի գիրք: 

Սկզբում ահավոր ծանր էր գնում: Պատկերացրեք, գիրքը սկսել եմ հունիսին: Սկի 300 էջ էլ չկա, բայց միայն Զալցբուրգի Արենբերգ պալատի իմ համարում պառկած հասցրի վերջացնել, երբ հոգնածությունից աչքերս փակվում էին, իսկ կողքի սրահում աղմկում էին, որովհետև վերջին գիշերն էր:

Ինչևէ... Ծանր կարդացվելը բացատրում եմ նրանով, որ մի տեսակ էդ տրամադրության մեջ չէի: Ամեն անգամ մի էջ կարդալիս երազում էի այն մասին, թե երբ եմ վերջացնելու, մի քիչ ավելի ուրախ ու ջրիկ բանի անցնեմ: Դուրս ահավոր չէր գալիս: Նույնիսկ ուզում էի կիսատ թողնել, հետո շարունակել կամ նորից սկսել: Հեմինգուեյին չսիրելու մի փորձառություն արդեն ունեի ու լավ գիտեի, թե ինչից էր:

Ամեն դեպքում, գրքի երկրորդ կեսը հասցրի Մյունխեն-Զալցբուրգ գնացքի մեջ, ավտոբուսների կանգառներում, գետի ափին նստած և համարում պառկած վերջացնել:

Ու հենց էդ երկրորդ կեսն էր, որ ինձ համոզեց, որ ամեն դեպքում Հեմինգուեյը լրիվ ուրիշ տեսակի դեմք է... Չեք պատկերացնի, թե ինչքան եմ սիրում, երբ նա չի դնում երկար-բարակ փիլիսոփայում: Նրա ասելիքը երկխոսությունների, չոր նկարագրությունների մեջ է, ու եթե ուզում ես, հասկանում ես, եթե ոչ, քեզ համար դառնում է մի ախմախ գրող, որի գրքերից այլևս երբեք չէիր կարդա:

Երբ արդեն մոտենում էի վերջին, զգում էի, որ սարսափելի ծանոթ է թե´ գրելաոճը, թե´ մթնոլորտը, թե´ թեման: Սկզբում մտածեցի՝ «Ում մահն են գուժում զանգերն» եմ հիշում, բայց հետո զգացի, որ չէ... Սա Ռեմարկի «Երեք ընկերն է»: Ինտերնետում էլ տարեթվերը գտա: Էդ էր որ կար. Ռեմարկն ամբողջ յոթ տարի ուներ թխելու համար:

Մի հետաքրքիր երևույթ եմ նկատել: Երբ մի գիրք վերջացնում եմ, հետո անցնում եմ մեկին, տարօրինակ նմանություններ եմ նկատում, որ թվում է՝ մեկը մյուսից թխել է: Ռեմարկն ու Հեմինգուեյն էդ դեպքը չեն, որովհետև «Երեք ընկերը» ու «Հրաժեշտ զենքին» կարդալու միջև մոտ 8-10 տարի ընկած կլինի: Բայց եթե գրքերի մասին գրառումներս կարդաք, էսպիսի նմանությունների մասին կարծեմ էլի եմ հիշատակել: Իսկ ամենաթարմը Փոլ Օսթերի «Մարդը մթության մեջն» է, որը հիշեցրեց «Հրաժեշտ զենքին»: Բացատրեմ: Վերջինում գլխավոր հերոսը պատվիրում է երեք ձու, իսկ Քեթրինը բզում է, ասում է՝ չէ, չորսը պատվիրիր: Փոլ Օսթերի մոտ Բրիլը մտնում է ռեստորանատիպ մի տեղ, երբ պարզում է, որ միակ թարմ բանը ձուն է, ասում է՝ ինձ երեք հատ, չէ, չորս հատ տվեք:

Օսթերի մասին հետո: Էսօր-վաղը կվերջացնեմ: