September 10th, 2010

Օրերը խառնելու երևույթը Հայաստանում և մեռելապաշտությունը

Հիշում եմ՝ մի անգամ Ռիփը բողոքում էր գերմանացիներից, թե պահանջում են մի տարի առաջ վերցնել բոլոր արձակուրդային ու ազատ օրերը, իսկ ես ասում էի՝ էդպես ավելի ճիշտ է. դու նախօրոք գիտես քո պլանները: Ճիշտ է՝ չնախատեսված դեպքերում շատ ավելի դժվար իրավիճակում կհայտնվես, բայց գոնե նախատեսված դեպքերդ էլ քեզ չեն տանջի:

Իսկ անցյալ տարի Հոլանդիա մեկնելիս դեռ մեկ ամիս առաջ գիտեի, թե որ օրը որ քաղաքում եմ լինելու, ինչ եմ անելու: Ավելին՝ որոշ դեպքերում նույնիսկ ինձ հայտնի էր, թե որ ժամին որ գնացքն եմ նստելու: Ու քանի որ պլանավորված էր, չհաշված որոշ տրանսպորտային խնդիրներ, ամեն ինչ հարթ ընթացավ և ըստ ծրագրվածի:

Նույնը չես ասի Հայաստանի մասին, ինչի պատճառով հաճախ հայտնվում եմ ասեղների վրա: Չնայած սիրում եմ նախապես պլանավորել, իմանալ, թե որ օրն ինչ եմ անելու, որ ավելի հանգիստ լինեմ, բավական հաճախ է պատահում, որ ինչ-որ բաներ չեղյալ համարվեն, ինչ-որ կարևոր ու չնախատեսված հանդիպում հանկարծ հայտնվի, որի պատճառով պետք է ուրիշ գործեր ու հանդիպումներ հետաձգես: Ու էդպես կյանքդ խառնվում է իրար, դառնում ես ներվային:

Բայց այս ամենը կատարվում է ոչ միայն մեր շրջապատում, ընկերների, ղեկավարների և այլ անմիջապես քեզ հետ կապ ունեցող մարդկանց կողմից, այլև մեր կառավարության ակտիվ միջամտությամբ:

Չեք պատկերացնի, թե էս մեռելոցն արդեն ինչքան բան է խառնել իմ կյանքում ու դեռ շարունակում է: Երբ երկու տարի առաջ սկսվեց երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատելու երևույթը, բավական շատ ծրագրեր սկսեցին խառնվել իրար. ասենք, երկուշաբթի հանդիպում էիր պլանավորել, որովհետև աշխատանքային օր է, բայց շաբաթ չես կարող տեղափոխել, որովհետև շատ շուտ է (օրինակ, պետք է ինչ-որ գործ ավարտեիր, հետո հանդիպեիր):

Դա դեռ ոչինչ... Մի կերպ անգիր արեցի բոլոր այդ տոները, որոնց հաջորդող օրը մեռելոց է, սկսեցի կյանքս պլանավորել այնպես, որ շաբաթն աշխատանքային է, երկուշաբթին՝ հանգստյան: Հազիվ էի սկսել հարմարվել դրան, երբ հանկարծ Վարդավառի համար որոշեցին, որ ոչ թե նախորդող, այլ հաջորդող շաբաթ օրն է աշխատանքային: Հիմա էլ դրան վարժվեցի, կյանքս պլանավորեցի ըստ նրա, որ հաջորդ շաբաթ օրն է աշխատանքային լինելու: Բայց արի ու տես, որ էս անգամ էլ կառավարությունն ուրիշ բան որոշեց, ու հիմա Դիլիջան, իսկ հետո՝ Ավստրիա գնալուց առաջ փշերի վրա նստած մտածում եմ, թե ոնց եմ ամեն ինչ հասցնելու:

Ուրեմն, էսքան գրելուց հետո ի՞նչ էի ուզում ասել: Նախ, էկեք թարգենք մեռելապաշտությանը: Ծիծաղելի է, երբ հատուկ գերեզմաններ գնալու համար ազատ օր է տրվում: Ես վստահ եմ, որ ամբողջ հայ ժողովուրդն էդ օրերին չի հավաքվում, գնում իրենց մեռած հարազատներին այցելության: Բան չունեմ ասելու, կան մարդիկ, ովքեր գնում են, հատկապես նրանք, ում ընտանիքում նոր մահացած կա: Ու չեմ ասում՝ սխալ են անում: Բայց կարծում եմ՝ նրանց համար ավելի հեշտ կլինի աշխատանքից մի երկու ազատ ժամ խնդրել, քան էսպես ամեն ինչ խառնել իրար: Իսկ եթե այնուամենայնիվ վարչապետը (որովհետև սա նրա «փայլուն» գաղափարն է) երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պնդում է, որ մեռելոցները պետք է ազատ օր լինեն, ապա կխնդրեի, որ ամեն տարվա սկզբին մի օրացույց կազմել, որտեղ նախապես նշված կլինեն բոլոր տեղափոխությունները, որ վերջին վայրկյանին «հաճելի» անակնկալներ չլինեն: