August 20th, 2010

8. Հայերեն խոսող հոլանդացին

Ամիսներով ակումբ չէի մտնում, ու նամակ ստանալն ինձ համար անակնկալ էր: Մտածում էի՝ հերթական վիրտուալ հիվանդս էր, որին պետք է օգնեմ այնքան, որքան գիտելիքներս և հիվանդին չտեսնելը կներեն:

Բայց չէ... Մի մեծ նամակ եմ ստացել, որի պատճառն է դարձել «Գրքանմանը»: Մի շնչով կարդացի: Մի տեսակ անհավատալի էր թվում. հոլանդացի, որը հայերեն էր սովորում, մի մեծ նամակ էր գրել ինձ, որը, իր խոսքերով, ամենաերկարն էր իր գրած հայերեն նամակների մեջ:
Collapse )

9. Հրաժեշտ Ուտրեխտին

Ուղղակի չկարողացա անտարբեր անցնել: Պետք է գայի այստեղ՝ Հեմինգուեյի անունը կրող սրճարանը, պայուսակիս մեջ՝ հենց նոր գնածս «Կիլիմանջարոյի ձյուները»: Պիտի արհամարհեի սրճարանի բարձր գները. վերջին անգամն է:

Շուրթերս ընկղմվում են կապուչինոյի փրփուրի մեջ, ու ես ճաշակում եմ մի սուրճ, որը կարծես տաք փայտի համ ունի, բայց ավելի քաղցր է, որովհետև շաքարավազ եմ ավելացրել:

Հետո գդալս խրում եմ տրիֆլի ափսեի մեջ: Հատապտուղները ճրթճրթում են ատամիս տակ, իսկ սերուցքը փափկացնում է այն: Վրայից նորից կապուչինո, ու հատապտուղների համը խառնվում է փայտին:

Իմ առաջ Ուտրեխտն է. հեծանիվներով մարդիկ, Յանի եկեղեցին, մեքենաներ, շտապող հետիոտն ու չափից դուրս գորշ երկինք, որը եկել է ապացուցելու, որ Հոլանդիայում իսկապես եղանակն անկանխատեսելի է, որ արևոտ ու շոգ օրվա վերջում կարող է անձրև գալ:

Ամպերի գոռոց ու կայծակ: Կապուչինոյի համը, վրայից՝ հատապտուղներ: Անձրևի առաջին կաթիլները, քամի: Ուտրեխտը հիանալի է:

Իսկ ցերեկը նստել էի ջրանցնքերից մեկի ափի իսպանական ռեստորանում:

Սերուցքի համը՝ գումարած մորի:

Անձրևն ուժեղանում է: Տեղափոխվեցի մյուս սեղանի մոտ: Ուտրեխտը մթնում է, Ուտրեխտը ոռնում է:

Իսպանական ռեստորանում մատուցողի հետ փորձեցի իսպաներեն խոսել: Չհասկացավ:

Անձրևն է´լ ավելի ուժեղացավ:

Դարչինի համ. սերուցքի մեջ դարչին կա:

Քամին ուժեղանում է, անձրևը բլոկնոտիս է հասնում:

Դարչինի հոտը Ուտրեխտում: Ամեն առավոտ շնչում եմ: Դարչինով պիտի Ուտրեխտը հիշեմ:

Իսպանական ռեստորանում տապակած կալմար պատվիրեցի:

Կապուչինոյի վերջին կումը, բայց բաժակի հատակում փրփուր մնաց:

Անձրևը հասնում է դեմքիս, մի կեսս լվացել է: Ամպերն ավելի ուժեղ են գոռում:

Տապակած կալմարն իմ սիրած տապան է: Հիշում եմ Կարմոնան, որտեղ ես ու Մարուշան միասին տապակած կալմար կերանք:

Տրիֆլի ափսեի հատակում թաց խմոր կա, բայց իմ անձրևոտ կեսից թաց չէ:

Մյուս կեսս չոր է. հովանոցի տակ է մնում: Ամպերը խլացնում են:

Իսպանական ռեստորանում café con leche ուզեցի, բայց մատուցողը կապուչինո հասկացավ. այսօր երկրորդ կապուչինոն եմ խմում:

Անձրևը կամաց-կամաց փոքրանում է: Մարդիկ փողոցներում չեն քչացել, բայց անձրևանոցներով են: Տրիֆլի վերջին կտորները:

Իսպանական ռեստորանում մատուցողին ասացի gracias և հեռացա:

Ուտրեխտում անձրևն Ամստերդամի նման չէ. կոշտ ու աղմկոտ է, ինչպես Երևանում: