July 29th, 2010

Երևան, քեզ ի՞նչ էղավ

Ամառային երեկոներին Երևանի փողոցները միշտ էլ մարդաշատ են, բայց նման պատկեր չեմ հիշում, որ երբևէ եղած լինի. Հրապարակից Օպերա հասնելու համար պիտի հաղթահարես մարդկանցից գոյացած խցանումը: Վստահ եմ, որ սա նորություն է մեր քաղաքի համար, որովհետև երեք տարի առաջ ինձ ցնցել էր Ամստերդամի մարդկային խցանումը:

Կենտրոնի մարդաշատությունից խուսափելու համար էսօր գնացել էինք Թումանյանի այգի: Պատկերացրեք, այնտեղ էլ քիչ չէին: Ճիշտ է՝ տարածության մեծության շնորհիվ խցանում չկար, բայց էլի աչքերդ հոգնում էին լիքը ուրիշների տեսնելիս:

Իսկ տուն գալիս Սայաթ-Նովայում խցանում էր: Չեմ հիշում մի դեպք, երբ երեկոյան ժամը 10-ի կողմերը Երևանի փողոցներն այդքան ծանրաբեռնված լինեն:

Հիմա ո՞նց հասկանանք. Երևանի բնակչությու՞նն է կտրուկ աճել, տուրիստնե՞րն են շատացել, թե՞ վերջապես մարդիկ հասկացել են, որ տանը նստելով ոչ մի լավ բանի չեն հասնի: