July 5th, 2010

Գլուխ 22. Վերջը

Մի քիչ տարօրինակ կթվա այսքան ամիսներից հետո և դեպքերի տեղի ունենալուց երկու տարի անց նորից անդրադառնալ այս ճամփորդությանը, հատկապես երբ ընդամենը վերջին մի քանի կտորն է մնացել չգրված, ավելի ճիշտ՝ չթվայնացված: Բայց որովհետև անցյալ տարվա ճամփորդությանս մասին շատ եմ ուզում գրել, իսկ դա չեմ անի, մինչև այս մեկը չվերջացնեմ, ձեր ուշադրությանն եմ հանձնում վերջին երկու գլուխները: Մնացածը կարող եք կարդալ այստեղ:

Այստեղ խոսվելու է, թե ինչպես է 35-ը կամաց-կամաց պակասում, թե ինչ ենք զգում, ինչ ենք մտածում Սևիլյայից հեռանալուց անմիջապես առաջ: Իսկ պատմությունս, կարծում եմ, այստեղ չի ավարտվի: Ասելիքս անսպառ է, և դեռ երկար պետք է ամփոփեմ:

Մեքսիկացիները, Անդրեյը, Մամենը և Մարթան, գուցե ուրիշներ էլ... հա´, նաև Յոն-Հանը, գնացել են: Ու թեև իմ ամենամտերիմները դեռ այստեղ են, բոլորս էլ տխրում ենք՝ տեսնելով, թե ինչպես է հանրակացարանը կամաց-կամաց դատարկվում, կամաց-կամաց ավելի լուռ դառնում: Իսկ ճաշին արդեն տասնմեկ հոգով էինք՝ տասնյոթի փոխարեն:

Հանրակացարանի ճանապարհին Էլփիդային հանդիպեցի: Հիվանդանոցից ոտքով էր գնում.
- Վերջին անգամ եմ այս ճանապարհն անցնում:
- Ես վաղն էլ կանցնեմ,- ասացի:

Նախավերջին գիշերը բոլորս ձանձրույթից պատեպատ էինք խփվում: Եվ հանկարծ հայտնաբերեցինք, որ իսպանացիները, Օդը, Օնուրը և Մարիան գնում են կենտրոն ֆլամենկոյի: Էլփիդան ու Յանն էլ միացան նրանց, ինձ էլ առաջարկեցին: Բայց երբ հասանք կանգառ, զգացինք, որ չենք ուզում միայն էժան գարեջրի համար կենտրոն հասնել: Ես, Յանը և Էլփիդան պոկվեցինք մյուսներից, գնացինք հանրակացարանի մոտակայքում գտնվող մի սրճարան. Սևիլյայում, ի տարբերություն Երևանի, մեծ թվով սրճարաններ կգտնես նաև կենտրոնից դուրս:

Գարեջուրը սառն էր, իսկ մենք խոսում էինք զանազան բաներից: Եվ երբ Յանը որևէ բառ չէր հասկանում, չեխերն համարժեքն էի գտնում:

Մենք վերջինը դուրս եկանք սրճարանից: Ճամփին քամի փչեց:
- Ցուրտ է,- ասաց Էլփիդան:
- Սևիլյայի համար՝ հա, ընդհանրապես՝ ոչ,- նկատեցի:
- Սլովակիայում ամառային գիշերները ճիշտ այսպիսին են:
- Հայաստանում եղանակն այստեղի նման է. շատ շոգ է:
- Մեր ու ձեր կլիման նման է,- ասաց հույն Էլփիդան, որը, ի տարբերություն շատ-շատերի, Հայաստանի մասին առաջին անգամ ինձնից չէր լսել:
Collapse )