June 19th, 2010

Շահումով երթուղային

Երևանի բոլոր երթուղայիններն աշխատում են ինչ-որ հաճախականությամբ: Գուցե մենք չգիտենք դրա մասին, բայց եթե վերջին կանգառում լինեք, կտեսնեք, որ հատուկ ժամանակ են պահում: Ու կապ չունի՝ դա երեք րոպե է, թե կես ժամ, բայց նրանք բոլորն ինչ-որ օրինաչափությամբ են աշխատում (խոսքս ցերեկային ժամերի մասին է):

Բայց կա մեկը՝ 109 համարը, որից ոչինչ չես հասկանում: Ոչ մի տրամաբանության, ոչ մի օրինաչափության չի ենթարկվում: Թարսի պես էլ դա շատ հարմար երթուղային է. նախ, անցնում է մեր փողոցով, հասնում է Նորք, իսկ այնտեղից էլ Ֆրանսիական համալսարան: Մի խոսքով, օրվա իմ հիմնական երթուղիներն ապահովում է: Բայց արի ու տես, որ լիքը բզիկներ ունի:

Կանգառում կարող եմ կես ժամ սպասել, ու 109 չգա: Ստիպված երկու երթուղային փոխելով եմ գնում: Նորքից էլ երկու անգամ եմ փորձել նրանով գնալ Ֆրանսիական: Երկու դեպքում էլ նույն ժամին եմ դուրս եկել, բայց արի ու տես, որ առաջին անգամ 15 րոպե սպասելուց հետո եկավ, իսկ երկրորդ անգամ 40 րոպե սպասեցի, չեկավ: Հետո արդեն դասից ուշանում էի: Դրա համար ստիպված տաքսի նստեցի: Ու ինչն է հետաքրքիր. ճանապարհին էլ չհանդիպեց: Իսկ տաքսու վարորդը պնդում էր, որ 109 2-3 ժամը մեկ է գալիս: Իհարկե, խաբեբա վարորդին, որը վերջում մանր չուներ, ձեռք էր տալիս, որ ես ամեն օր երթուղային նստելու փոխարեն իր ծառայություններից օգտվեմ: Էլ չի ասում, որ կարճ ժամանակում երկու տրանսպորտով Նորքից Ֆրանսիական համալսարան հասնելու պլան էլ մշակեցի:

Ուրեմն ի՞նչ էի ուզում ասել: Էս 109 համարը շահումով է. պիտի շատ բախտավոր լինես, որ գոնե կես ժամվա ընթացքում գա: Էս մի տարվա մեջ ես ընդամենը երեք անգամ եմ շահել քաղաքի տարբեր հատվածներում:

Էդ գծի տերն էլ, կարծում եմ, բավական անխելք է: Չեմ ասում՝ երթուղայինները շատացնի: Եթե գոնե ինչ-որ օրինաչափություն մտցներ, որի մասին բոլորն իմանային (օրինակ բոլորը գիտեն, որ 16 համարի ավտոբուսը կես ժամը մեկ է գալիս), էդքան ուղևոր չէր կորցնի: Կոնկրետ ես առնվազն օրը երկու անգամ կօգտվեի նրա ծառայություններից. դուրս կգայի մոտավորապես այն ժամին, երբ կիմանայի, որ անցնելու է մեր տան մոտով: Կարծում եմ՝ ինձ նման էլ շատ մարդիկ կան, ովքեր հոգնում են ամեն անգամ սպասելուց և այլընտրանքային ճանապարհներ փնտրում:

Ախր էլ ո՞նց բացատրենք

Էսօր թռուցիկներ էի բաժանում, հետն էլ զրուցում էի հետաքրքրվողների հետ: Առաջին եզրակացությունը, որ արեցի, այն էր, որ բավական քիչ են այն մարդիկ, որոնք դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը, ինչպես քիչ են նրանք, ովքեր կողմ են: Ճնշող մեծամասնության կարծիքը կախված է նրանից, թե որ կողմն ավելի շատ կխոսի: 

Մի տղա ինձ ասաց, որ էսօր ընկերներով գնացել էր կինո Մոսկվայի մոտ...

Ոմանք քաջալերում էին. «Մենք ձեզ հետ ենք»: Ոմանք էլ վիճում էին. «Չե՞ք ուզում, որ մեր ազգն օտար լեզուներ իմանա»: Ախր էլ ո՞նց կարելի է բացատրել, ի՞նչ լեզվով ասել, որ մենք բոլորովին էլ դեմ չենք օտար լեզուներ իմանալուն, մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը, որտեղ հայոց լեզուն մղվելու է երկրորդ պլան: