June 11th, 2010

Գիտությունը Հայաստանում կամ ո՞վ որոշեց, որ հայերենը մրցունակ չէ

Էս գրառումս էսքան ուշացնելու պատճառն էն էր, որ երկար ժամանակ չէի կողմնորոշվում՝ որտեղից սկսել, ինչ ընդգրկել, ում մասին պատմել, ում թողնել: Վերջը որոշեցի սկսել՝ ինչ կլինի, կլինի:

Նախ սկսենք նրանից, թե արդյոք գիտություն կա՞ Հայաստանում: Պետք է ասեմ, որ այո, կա: Եվ այն մրցունակ է. բավական մեծ թվով հայ գիտնականներ տպագրվում են միջազգային գիտական ամսագրերում: Հայաստանում գիտություն կա, չնայած պետությունն ամեն ինչ անում է, որ չլինի. վերցնենք թեկուզ գիտնականների խղճուկ աշխատավարձը կամ այն, որ բազմաթիվ գիտական լաբորատորիաներ կա´մ ինքնաֆինանսավորվում են, կա´մ ֆինանսավորման բոլորովին այլ աղբյուրների հաշվին են գոյատևում:

Ինչ վերաբերում է հայոց լեզվի մրցունակությանը...

Վերջերս ներկա եմ գտնվել մի շատ հետաքրքիր պաշտպանության: Դե հա, ֆիզիկա էր, ես դրանից բան չհասկացա: Բայց երևույթն ինքնին եզակի էր: Նրա ասպիրանտուրայի մի մասը Հայաստանում էր անցել, մի մասը՝ դրսում: Միաժամանակ երեք ղեկավար ուներ: Ավելին՝ միաժամանակ երկու պաշտպանություն էր գնում. նա զեկուցում էր հայերեն, իսկ պրեզենտացիան (հարմար հայերեն բառ գտեք) անգլերեն էր: Իսկ վերջում նրան շնորհվեց ֆիզմաթ գիտությունների թեկնածուի կոչում Հայաստանի չափանիշներով և PhD Ֆրանսիայի չափանիշներով:

Ռուզաննան ո´չ օտարալեզու դպրոց էր գնացել, ո´չ օտար երկրից էր եկել: Երևանում մեր կողքին ապրող սովորական հայ աղջիկ է, որը և´ հայերեն գիտի, և´ անգլերեն, ինչ-որ չափով էլ ֆրանսերեն: Կասեք՝ հայերենը մրցունա՞կ չէ:

Ես վստահ եմ, որ Ռուզաննան միակ դեպքը չէ: Հայաստանում կան տարբեր տաղանդավոր գիտնականներ, որոնք խոսում ու աշխատում են հայերեն, գերազանց տիրապետում են օտար լեզուներին, տպագրվում են դրսում, բայց պետական այրերը նրանց մասին չգիտեն: Ավելին՝ նրանք նույնիսկ միմյանց մասին չգիտեն:

Դե հա, հարցի մյուս կողմն էլ չմոռանանք: Չեմ ասում, թե քանի հոգի գիտնականի քողի տակ Աստված գիտի ինչով է զբաղվում: Մեծ հաճույքով անուններ էլ կտայի, բայց գիտեմ, որ բավականաչափ խելոք եք՝ հասկանալու համար, թե ում նկատի ունեմ: 

Ու դեռ խոսում են հայերենի անմրցունակությունից: Իհարկե հայերենն անմրցունակ կլինի, եթե մարդկանց գիտությունը ձգի ոչ թե նրա համար, որ սիրում են ու որ կարող են դրանով կերակրվել (չեմ խոսում թանկարժեք մեքենաներ ունենալու մասին), այլ որովհետև դա միջոց է բանակից ազատվելու համար:

Մոտ ապագայում հաճախ կգրեմ Հայաստանում գիտության վիճակի, հասարակության վերաբերմունքի ու լիքը այլ երևույթների մասին: Հա, մեկ էլ իմ խելառ առաջարկները կանեմ կրթության որակը բարելավելու համար: Բա ո˜նց, դա հաստատ հայերենի հաշվին չի կատարվելու: