May 13th, 2010

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդրանիկ հավաքը

Մամլո հաղորդագրություն

Մայիսի 12-ին կայացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնությության մասնակիցների  անդրանիկ հավաքը, որտեղ քննարկվեց օտարալեզու դպրոցների բացման Կրթության եւ գիտության նախարարության օրենսրդրական նախաձեռնությունը։

Նախաձեռնող խմբի անդամները գտնում են, որ.

Ա. Օտարալեզու դպրոցների բացումը դիվերսիա է հայոց լեզվի եւ անկախ պետականության նկատմամբ։

Բ. Նախարարության առաջարկած օրինագիծը ընդունելու դեպքում հայերենը կդառնա կենցաղային լեզու։ Մինչդեռ համակողմանի զարգացման համար հայոց լեզուն պիտի գործածվի կյանքի բոլոր ոլորտներում։

Գ. ԿԳ նախարարի պնդումը, որ օտարալեզու դպրոցներն ավելի որակյալ կրթություն են ապահովում, ռասիստական վերաբերմունք է հայերեն լեզվամտածողություն ունեցողների նկատմամբ։ Հազարամյա գրական պատմություն ունեցող հայոց լեզուն ի զորու է ապահովել ժամանակակից կրթական համակարգի բոլոր պահանջները։ Կրթության որակը պայմանավորված է ոչ թե դասավանդման լեզվով, այլ` ծրագրերով, դասավանդման սկզբունքներով, մասնագետների որակավորոմամբ եւ կազմակերպչական դրվածքով։

Դ. Միաժամանակ, բարձրացնելու համար հայոց լեզվի մրցունակությունը` անհրաժեշտ է իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համաշխարհային գրականության թարգմանության լայնածավալ ազգային ծրագիր՝ նոր Թարգմանչաց շարժում։ Հատկապես անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային թարգմանիչ համակարգեր, օրինակ՝ Գուգլ թարգմանիչ (Google translate), ինչպեն նաեւ` զարգացնել առցանց հայելեզու պաշարները՝ Վիքիպեդիա ցանցային հանրագիտարանը եւ այլ շետեմարաններ։

Ե. Կրթության եւ գիտության նախարարի խոստովանությունը, որ ինքն անզոր է լուծել կրթական համակարգի խնդիրները եւ բարձրացնել հանրակրթական առարկաների, այդ թվում՝ օտար լեզուների դասավանդման որակը, կասկածի տակ է դնում նրա համապատասխանությունը այդ պաշտոնին։

Նախաձեռնող խումբը փորձելու է համակարգել օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարող ինքնաբուխ առաջացած խմբերի եւ անհատների գործողությունները` միասնական ուժերով պայքարելու համար ԿԳ նախարարության ինքնագաղութացնող ծրագրի դեմ։

Հանդիպման ընթացքում քննարկվեց գործողություների ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» անվանմամբ խումբը, որին անդամագրվել են շուրջ հազար հոգի, ստեղծել է երկու շաբաթ առաջ Facebook սոցիալական ցանցում։ http://www.facebook.com/#!/group.php?gid=112426852127161&ref=ts

Արա Շիրինյան

Արամ Ապատյան

Արայիկ Հարությունյան

Գեւորգ Գիլանց (Ռուդիկ Գեւորգյան)

Էդգար Առաքելյան

Միքայել Շահինյան

Ռուբեն Հակոբյան (Թարումյան)

Վահան Իշխանյան