April 17th, 2010

«Բենջամին Բաթոնի հետաքրքրական դեպքը» (Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ)

Չէ, ես ֆիլմի մասին չեմ խոսելու. այն հավանաբար վաղը կնայեմ: Քիչ առաջ կարդացի պատմվածքը, իսկ ես իմ սրբազան պարտքն եմ համարում ցանկացած գրական ստեղծագործություն կարդալուց հետո իմ «հեղինակավոր» կարծիքը գրել բլոգումս:

Ֆիցջերալդը պետք է որ ուժեղ երևակայություն ունենար նման թեմա, այն է՝ ծեր ծնվել, երիտասարդանալ և մանկիկ մեռնելը, գտնելու համար: Բայց կարող էր, չէ՞, 800 էջ ծավալվել սրա շուրջ: Կարծում եմ՝ այնքան էլ դժվար բան չէ: Իսկ ինձ դուր եկավ, որ պատմվածքը սեղմ էր, անիմաստ ձգձգած չէր, հեղինակն անդրադարձել էր բոլոր կարևորագույն խնդիրներին, որոնք կծագեին նման դեպքում (դե չեմ խոսում մի քանիսի մասին, որոնց տակից ուղղակի դուրս չէր գա, դրա համար ընդհանրապես չէր էլ շոշափել): Մի խոսքով, չնայած ֆիլմը դեռ չեմ տեսել, բայց գտնում եմ, որ ավելի լավ է կես ժամում պատմվածքը կարդալ, քան երեք ժամ անիմաստ կորցնել:

Ամեն դեպքում, սա Ֆիցջերալդի լավագույն գործը չէր:

Հ.Գ. Նիք Հորնբիի գիրքն էլ էսօր-վաղը կվերջացնեմ ու զգում եմ՝ կմնամ առանց գրքի: Ավելի շուտ, լիքը բաներ կան, որ կուզեի կարդալ ընդհանրապես, բայց ոչ մեկն էս պահին չի ձգում: Երևի առաջվա նման անենք. ի՞նչ առաջարկներ կան:

Նորքն ու գարունը

Գարնան սիրածս հատվածը հենց էս մեջտեղներն են, երբ կանաչն այլևս քչություն չի անում: Իսկ քանի որ տարվա բոլոր եղանակներն առանձնահատուկ են հենց Նորքում, ֆիքսել եմ այնտեղի գարունը: Ափսո˜ս ապարատս նույնը չի տեսնում, ինչ ես:

Սպիտակ տնից դուրս գալիս առաջինն այսպիսի արձանների ես հանդիպում: Չգիտեմ՝ ով է այս մեկին ծաղիկներ հագցրել, բայց շատ սիրուն գաղափար է


Collapse )