January 12th, 2010

«Ստամբուլի բիճը» (Էլիֆ Շաֆաք)

Ընդամենը երկու շաբաթ առաջ մտքովս չէր էլ անցնում, որ այս գիրքը կկարդամ, բայց տեսնելով, թե մայրս ինչպես էր կլանվել, հետևելով նրա խորհրդին՝ որոշեցի կիսատ թողնել «Դրեզենը» ու «Ստամբուլի բիճը» կարդալ, մինչ գիրքը կվերադարձներ տիրոջը:

Չեմ փոշմանել: Հրաշալի էր գրել: Կերպարները շատ հաջողված էին, իրարից տարբեր: Հայկականությունը շատ լավ էր հասկացել, կենցաղը սիրուն ու նուրբ հումորով նկարագրել: Չնայած հայերի բոլոր թերություններին, նրանց դրական էր ներկայացրել՝ առանց բաց թողնելու հենց այդ հատկանիշները, որոնք մենք բացասական ենք համարում: Ժամանակ առ ժամանակ նույնիսկ թվում է՝ էդ ամեն ինչը հայ է գրել: Մտածում ես՝ ո՞նց կարող էր մանկությունից այդ կյանքով չապրածն էդքան դիպուկ ֆիքսել հայերին: Մենակ մի տեղ էր թերացել: Երբ Արմանուշի հորաքույրները նախատում էին նրան շատ կարդալու համար, հեղինակը մեկնաբանում էր, որ քանի որ 1915 թվին առաջին հերթին հայ մտավորականներից ազատվեցին, հետևաբար նրանք վախենում են, որ իրենց եղբոր տղան շատ խելացի կլինի, կփայլի ու հարվածի տակ կլինի: Անհեթեթ ու ոչ հայկական է հնչում, չէ՞:

Ամերիկուհուն էլ էր շատ ճիշտ նկարագրել. հայերի կենցաղի հետ չհաշտվող, շիկահեր, համբուրգեր ուտող և ինտելեկտով չփայլող մի կին, որն ինքնաթիռի մեջ որոշ ինտելեկտուալ հարցերի է պատասխանում՝ մինչև հոգու խորքը համոզված լինելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամենաշատ զոհերը Միացյալ Թագավորությունն է ունեցել:

Չգիտեմ՝ հատու՞կ էր արել, թե չէ, բայց թուրքերն էլ էին բավական բազմազան: Անգամ նույն ընտանիքում՝ սկսած ցնդած հավատացյալ Բանուից, վերջացրած կարճ յուբկա, բարձրակրունկ հագնող ու քթի պիրսինգով Զելիհայով: Ցեղասպանությանը ցուցաբերած վերաբերմունքով էլ էին նրանք տարբեր: Կունդերա սրճարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, հակառակվելով Ասյային, ոչ նացիոնալիստ, բայց գերնացիոնալիստ սցենարներ գրողը պնդում է, որ ինքը պատմություն ուսումնասիրել է, էն ժամանակ պատերազմ է եղել, երկու կողմերից էլ զոհեր եղել են: Մյուս կողմից, թուրք մայր ու աղջիկ փրկում են Շուշանին, թաքցնում նրան: Հետո էլ մի ուրիշ թուրք Շուշանին վերցնում է որբանոցից, ամուսնանում հետը:

Հա˜, նոր հիշեցի: Հայերի տարբեր տեսակներ էլ է նկարագրում. թուրքերի շրջապատում մեծացած Արամը, Արմանուշը, որը փորձում է հասկանալ իր հայ լինելու աստիճանը և իր ուսերին կրում է Ցեղասպանության ծանր հիշողությունները և մի քանի վիրտուալ կերպարներ, որոնք օնլայն զրույցի ժամանակ Ասյային նվաստացնելով փորձում են ստիպել, որ ներղություն խնդրի:

Ինձ թվում է՝ վեպը խիստ ֆեմինիստական էր, կենտրոնացած էր կին հերոսների վրա, տղամարդիկ շատ քիչ էին ու ավելի երկրորդական, իսկ միակ հայ գրողը, որ հիշատակվում է այնտեղ, Զապել Եսայանն է: 

Չհասկացա՝ տատիկի մահն ինչի համար մեջտեղ ընկավ: Միևնույն է, ճշմարտությունն էդպես էլ Արմանուշի չիմացավ, որ տատիկին հասցնի: Կարելի էր Ռոուզին ու Մուստաֆային Ստամբուլ բերելու ավելի լավ պատճառ հորինել:

Ինձ թվում է՝ Ստամբուլը շատ լավ էր նկարագրել: Էս գիրքը կարդալուց հետո այնտեղ լինելու ցանկություն առաջացավ... Բացի դրանից, մենք էլ հեռավոր ազգականներ ունենք այնտեղ:

Մեկ էլ էդ գերբնական պատմություններով մի քիչ համը հանեց: Ինձ դուր չեկավ, որ ճշմարտությունը պարզվում էր ջինիի օգնությամբ: Ինձ ընդհանրապես դուր չեկավ էդ սերիալային ճշմարտությունը: Ու անգամ տարիքային տարբերություններն էլ ճիշտ չէր պահել, որ էդ ամեն ինչն արհեստական չհնչեր: Իմ համեստ կարծիքով, վերջում ընդհանրապես շատ համը հանեց, ու միակ հավես մասն էն էր, թե ոնց Զելիհան Ասյային հայտնեց հոր մասին: Չգիտեմ, չարժեր բերել ու ամեն ինչ էդ աստիճանի կապել իրար: Մյուս կողմից էլ, եթե դա հնդկական կինո լիներ կամ բրազիլական սերիալ, կասեինք՝ հա, սրանք միշտ սենց են անում, բայց հայերի մոտ բնական երևույթ է հեռավոր ազգականներ գտնելը: Լավ, շատ չմանրամասնեմ: Կարդացեք, ինքներդ կարծիք կազմեք: 

Վերջում մենակ Էլիֆ Շաֆաքի նկարը դնեմ: Սիրուն ա, չէ՞:

(չ)Ստացված երկուշաբթին

Նոր տարին իսկապես ամեն ինչ խառնել էր իրար. երկուշաբթին կիրակիից չէր տարբերվում: Ամեն օր նույն օրն էր. Նոր տարի: Մտածում էի՝ եթե գոնե մի օր տանը չմնամ, հաստատ չեմ ձգի հիվանդանոցում: Ու որոշեցի առաջին երկուշաբթին տանն անցկացնել: Դուրս կգայի մենակ էն դեպքում, եթե Մաշկան զանգեր, ասեր՝ արի ինստիտուտ: Չզանգեց:

Արթնացա կեսօրին: Մի ժամ պիժամայով ֆռֆռալուց հետո հագա ծաղկավոր տնային խալաթս, որը տատիկս է նվիրել, իսկ մայրս ասում է, որ դրանով ոնց որ տնային տնտեսուհի լինեմ. մասնագիտություն, որը երբեք իմը չի լինելու:

Սուրճ լցրեցի, մի քիչ կոմպի մոտ նստեցի: Հետո ոտքերս դրեցի դիմացի աթոռին ու սկսեցի կարդալ: Հենց սովածանում էի, քստքստացնելով ու ծուլորեն գնում էի խոհանոց, հաց ու պանիր վերցնում, վերադառնում պտտովի աթոռիս: Մի քիչ կարդում էի, մի քիչ գրում-մրում, մեկ-մեկ մեյլս էի ստուգում: Մի խոսքով, հավես անջատված վիճակ էր:

Չնայած նախատեսել էի, որ տնից դուրս չեմ գալու, բայց մամաս զանգեց, կանչեց սուշի ուտելու: Սայաթ-Նովայի սուշին էն չի, բայց չեղածից լավ է: Հետո զբոսնեցինք Երևանում: Փողոցներում լիքը մարդ կար: Երևանն իրեն նման չէ:

Ժամը 11-ի կողմերն էլ գրքիս վերջին էջերն էի կլանում, երբ հեռախոսս զանգեց: Ժաննան էր: Ահաբեկված ասում էր՝ գիտե՞ս, որ մեր թեստային քննությունը էս քանի օրն ա: Է˜հ, չթողեցին էդ մի օրս մինչև վերջ խախանդ ապրեմ: Սկզբում պանիկա սկսվեց, հետո՝ հանգիստ: Միևնույն է, նմանատիպ քննություն ամռանն էլ եմ հանձնել ու բարձր եմ ստացել: Հոգեբուժության մասը էլի լավ կգրեմ, իսկ թերապիան՝ չգիտեմ: Չեմ էլ պարապելու:

Ու հիմա բացվել է առավոտը. պատրաստվում եմ սկսել աշխատանքային օրս, շաբաթս, ամիսս, տարիս:

Դասախոսների զանգը տարբերվում է մյուսներից: Թեև հանդարտ երաժշտություն է, բայց հենց լսում եմ, զգաստանում եմ: Էս գրառումը սկսելիս ականջակալների տակից լսեցի ծանոթ հնչյունները: Ղեկավարս էր: Հարցնում էր՝ ուր եմ: Ի˜նչ լավ է, որ էս զանգը երեկ չհնչեց, թե չէ ամեն ինչ հարամ կաներ:

Ինձ պետք են էդպիսի ծույլ օրեր, բայց ոչ հաճախ: Եթե երեք ամիսը մեկ տանը վերընկնեմ, ուղեղս անջատեմ, կհասցնեմ բավարար չափով ուժ հավաքել շարունակելու համար: