January 11th, 2010

Մի քիչ էսօրվա ընտրություններից

Մտածում եմ՝ Հայաստանում ե՞րբ կլինեն նենց ընտրություններ, որ ընտրես հենց քո ուզած մարդուն, ոչ թե մի անվան դեմը պտիչկա դնես, որ էն մեկը (կոնկրետ էս դեպքում՝ Նիկոլը) չանցնի:
 
Հա, ուրեմն, ես ընտրել եմ Դավիթ Հակոբյանին: Գիտեք՝ լա՞վ բան եմ արել: Բա ու՞մ ընտրեի: Մի էշի մեկն էլ Արա Սիմոնյանն էր (հենց իրա բուկլետներում ա գրած, որ 90-ականների սկզբին լիքը փող ա կերել): Դե Նիկոլն էլ բացառված ա. ինքը պատուհաս ա մեր ազգի գլխին: Տակը մնում ա մարքսիստ ձյաձյան: Ուրեմն մի լևոնականի ասում եմ, որ իրան եմ ընտրելու ու բացատրում.
- 2 պատճառ ունեմ. համ կոլեգաս ա, համ էլ հիվանդս լինելու լուրջ շանսեր ունի:
Ինքն էլ.
- Ազգային ժողովում կլոու՞ն ես ուզում:
- Էդ էլ երրորդ պատճառը,- ուրախացած ասում եմ:

Բա ի՞նչ: Մեկը չլինի՞, որ իրա խոսալուց ծիծաղենք: Մեկ ա, մյուսների խոսալը ներվայնացնում ա:

Ժողովուրդ, կյանքը շարունակվում ա: Սաղդ էդ լավ գիտեք: Իսկ էս լևոնի վկաները իրանք իրանց կաթսայում էփվում են, իրանց թվում ա, թե դրսի աշխարհին շատ հետաքրքիր են իրանց լևոնական դվիժենիները: Երբ տեսնում եմ, միանգամից թռնում են դեմքիս, թե՝ Նիկոլին կընտրես, չէ՞: Բա ո˜նց, իրանք կենտրոնից չեն, հունվարի 10-ին պտիչկա չեն դնելու իրանց կուռքերից մեկի անվան դիմաց: Ախմախները հլը հույս ունեն, որ իրանց ծերացած-կիսամեռ-իմպոտենտ (ուզում էի ստեղ ավելի վատ բան գրել, էն էլ լեզուս ինձ պահեցի) վիրուսները պիտի վրես ազդեն:

Էս ընտրություններն էլ ոչ մեկի տանձին չէին: Եթե մեր տանը ժուռնալիստներ չլինեին ու սաղ լրատվական հաղորդումները չնայեին, ես էլ դժվար իմանայի, որ էսօր տենց օր ա: Կենտրոնի բնակիչներից ոչ մեկ խաբար չի: Սաղ զարմանում են, որ իմանում են: Չէ, մենակ նիկոլիկները գիտեն: Մենակ իրանք են, որ լևոնականությունից դուրս կյանք չունեն:

Էսօր էլ ընտրությունների գնացինք էն ամենաթեժ ժամերին. 3-ի կողմերն էր: Մարդ չկար: Սաղ տեղամասում մենք երեքով էինք, ոնց որ էկել էինք: Բայց եսիմ ոնց լևոնականները կարում են շուխուռների վիդեոներ ճարեն, ցույց տան սաղ աշխարհին: Սրանք անբացատրելի մազոխիզմով են տառապում. ինչքան տփվենք, ինչքան խախտում անեն ու վերջիվերջո ինչքան վատ, էնքան լավ: Թարգեք ժողովուրդ: Կյանքը շարունակվում ա: Աշխարհում նիկոլից լավ մարդիկ կան: Ինչու՞ իրանց չեք պաշտում:

Գլուխ 19. Ծովը

Շատերն ալարում են էս գլուխ-մլուխները բացել՝ ամեն անգամ հիշելով, որ նախորդներից խաբար չեն: Շտապեմ տեղեկացնել, որ 19-րդը կարդալու համար հեչ պետք չէ իմանալ, թե, օրինակ, 13-ում ինչ է կատարվել: Միայն տեղեկացնեմ, որ «Գրքանման3» պիտակի տակ Իսպանիայի հիշողություններս են:

Ես գիտեի, որ ծովը մոտ է, չնայած Սևիլյայի օդը խիստ չոր էր, և անգամ 44 աստիճանն ըստ Ցելսիուսի բավական տանելի էր: Մարդ էի փնտրում, որ գնամ ծովափ:Collapse )

- Կներես, որ արթնացնում եմ: Ուղղակի ուզում էի զգուշացնել, որ առավոտյան կգնանք Կադիզ,- շշնջաց նա՝ գիշերվա ժամը հազարին վերադառնալով ինչ-որ տեղից:

Շաբաթ առավոտյան երկուսս էլ ուշ արթնացանք: Մարուշան սիրում էր քնելուց սենյակը մթնեցնել, իսկ ես չէի առարկում, բայց արդյունքում ստացվում էր այնպես, որ առավոտվա գալը չէի զգում, ու կքնեի այնքան, մինչև ցերեկվա շոգը չխեղդեր: 

Որովհետև կեսօրից անց էր, վախենում էինք՝ ավտոբուս չճարենք: Բայց բախտավոր էինք. կար: Եվ շարժվեցինք դեպի Կադիզ: Ճամփին երկուսս էլ քնել էինք: Աչքերս բացեցի, երբ ծովի մոտով էինք անցնում: 

Կապույտ ծովը փայլում էր արևի ճառագայթներից: Աչքերս ծակում էր: Անհամբեր էի: Ուզում էի հպվել, գրկել նրան:

Եվ այնտեղ էինք: Որոշեցինք մինչև ջուրը մտնելը մի բան խմել: Քայլեցինք ավազի միջով: Հանեցի չստերս, բոբիկ էի: Ավազը տաք էր, բայց չէր այրում: Հաճելի էր:

Սրճարանում Մարուշան սուրճ խմեց, իսկ ես չհրաժարվեցի իմ մշտական լիմոնով ու սառույցով կոլայից: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր սառույցը հալվում շուրթերիս հպվելիս, իսկ լիմոնը կոլայի շագանակագույն երանգն էր ստացել: Իսկ ես սարսափելի ծարավ էի: Կոլայագույն լիմոնը միանգամից կուլ տվեցի ու Ծովինարին հիշեցի՝ նայելով ծովին: Հետո սառը կոլան ումպ-ումպ խմեցի, որ մի քիչ երկար վայելեմ սառնությունը:

Մարուշան վառեց սիգարետը ու չգիտես ինչու պատմեց, թե ինչպես է նույն ծրագրով Մոլդովա մեկնած ընկերը դավաճանել իրեն լեհ աղջկա հետ ու այդ ամենի մասին ասել սկայպով:
- Դրա համար էի էն օրը լացում,- եզրափակեց,- ի՞նչ ես կարծում՝ արժե՞ ներել նրան:
Չսպասեց պատասխանի:
- Ես ուժեղ կին եմ, գիտե՞ս: Կարող եմ առանց նրա ապրել:

Եվ քայլեցինք դեպի ծովը: Ավազը փափուկ էր: Սրբիչներ փռեցինք: Խխունջներ չկային, որ մեր ոտքերը ծակծկեին:
- Ինչքան էլ խորվաթներին չսիրենք, պետք է խոստովանեմ, որ նրանց ծովափերի նմանը չկա աշխարհում:

Արևից պաշտպանող կրեմ քսեցինք: Որոշեցինք հերթով ջուրը մտնել, որ միմյանց իրերին հետևենք: Ես առաջինն էի: Եվ ահա ոտքս սահեց կյանքիս մեջ երկրորդ ծովի վրայով: Միջերկրականն էր: Ու թեև դրսում արևն այրում էր, ջուրը սառն էր: Կամաց-կամաց առաջ գնացի. վախենում էի ամբողջ մարմինս ծովին հանձնելուց, ասես դրանից պիտի սառցակալեի: Իսկ երբ ոտքերս այլևս սառնություն չէին զգում, տրվեցի ջրին, սկսեցի լողալ: Հեռացա ափից: Կանգնեցի: Խորը չէր: Արևն ուժեղ էր: Ճառագայթները ծակում-անցնում էին մարմնիս միջով՝ անմիջապես սեփականացնելով ծովից թռցրած աղի կաթիլները: Փորձեցի դեպի ափ լողալ, բայց ալիքներն ինձ հետ էին շպրտում: Հասկացա, թե ինչու են շատ լողորդներ խեղդվում հետդարձի ճամփին: Իսկ ես շատ չէի խորացել. ոտքերս հասնում էին հատակին (դե պատկերացրեք, որ իմ բոյով գոնե աչքի չեմ ընկնում): Ու ես քայլեցի՝ ալիքներին քացի տալով: Երբ հասա ափ, նստեցի ու սպասեցի ալիքների հարվածներին: Եվ նրանք գալիս էին՝ մերթ նուրբ շոյելով, մերթ դաժան հարվածներով ու մերթ համբուրելով իրենց աղի շուրթերով, որոնց համը դեռ երկար պիտի զգայի:

Դուրս եկա ծովից, գնացի Մարուշայի մոտ:
- Չե՞ս նեղանա, եթե կրծքերս մերկացնեմ... Գիտես, էս լողազգեստը խանգարում է: Բնականը լրիվ մերկ ծովը մտնելն է: Էդպես դու ես ու բնությունը:

Պատկեցի ավազին, մինչ Մարուշան ջուրը կմտներ: Իսկ արևը շատ դաժան էր ու խորամանկ: Սկսեց քնքշորեն չորացնելով վրայիս բոլոր կաթիլները: Եվ ես սպիտակ ու գոհ էի, երբ հեռացա: Բայց նրա թողած կնիքը միայն Սևիլյա վերադառնալուց հետո նկատեցի:



Հ.Գ. Էն ժամանակ դեռ չգիտեի, որ ոչ թե Միջերկրականի, այլ Ատլանտյան օվկիանոսի ափին էի: