January 10th, 2010

Արձակուրդից հետո ուժասպառ

Էս Նոր տարին չափից դուրս շատ էր ու չափից դուրս երկար: Բան չունեմ ասելու, ոչինչ պարտադրված չեմ արել. ամեն մեկի տուն գնալը, դրսում հանդիպելը կամ քեֆերին մասնակցելն ինձ համար մեծ հաճույք էր, բայց զգում եմ, որ շատ ավելին էր, քան ես կարող էի դիմանալ:

Էս Նոր տարին ուրիշ էր: Հիմա մտածում եմ՝ ինչու: Ախր Նոր տարի էր էլի... Նույն իրար տուն գնալով, նույն հազար տարվա ծանոթներիդ հազար տարի ընդմիջումից հետո տեսնելու լավ առիթը, նույն գիշերային անհասկանալի դեպրեսիան: Բայց ինչու՞ էս անգամ ուժասպառ եղա: Հա, լուրջ, էս 10 օրվա ընթացքում ավելի շատ եմ հոգնել, քան ամբողջ «լարված», «աշխատանքային» կիսամյակի: 

Նախ, արձակուրդից հետո քննաշրջան չկա, հետևաբար չէի կարող պատճառ բռնել, թե պարապում եմ, ու մերժել բոլոր հրավերները կամ էլ ծայրահեղ դեպքում ամեն ինչ խտացնել առաջին երեք օրվա մեջ: Հա, քննաշրջանը կա, բայց դեռ սարի հետևում է. հեչ պետք չէր դրա համար Նոր տարի «փչացնել»: Հետո դպրոցական չէի... Ճիշտ է՝ էն ժամանակ էլ դասարանից դուրս ընկերներիս հետ ավելի մտերիմ էի, բայց նրանք բավական քիչ էին, ու մեկ-երկու տուն գնալով ու նրանց մեր տանն ընդունելով ամեն ինչ վերջանում էր:

Բացի էս ամեն ինչից, ուղեղս անընդհատ աշխատում էր: Որտեղ էլ լինեի, քնի մեջ, թե արթմնի, ոնց որ մի հատ ֆռռիկ միացրած լիներ ու առանց հոգնելու մտքեր արտադրեր: Ոչ մի կերպ չէի կարողանում անջատել դրանք, ու քանի որ թարմությունը պարտադիր պայման չէր արձակուրդին, դեղ էլ չէի խմում:

Մի խոսքով, ստացվեց այնպես, որ 2010 թվի հունվարի 1-ից մինչև 10-ը ոչ մի օր չեղավ, որ տանը վերընկնեմ, ոտքերս դնեմ դիմացի աթոռին, գիրք կարդամ կամ էլ գոնե գրեմ: Արդյունքը եղավ այն, որ հիմա սատկած եմ, ու ինձ հաստատ հանգիստ է պետք: Ինչ լավ է՝ արդեն Նորք եմ գնալու: Էդ կօգնի գոնե ռեժիմս կարգավորել ու նորմալ քնել:

Էս պոստիցս թող ոչ ոք չնեղանա: Լուրջ շատ հաճելի էր բոլորիդ տեսնելը: Ավելին՝ տարին սկսվեց հավես ծանոթություններով (ձեզ չթվարկեմ, դուք էլ գիտեք) ու մենակ ինձ սիրելի մարդկանց տեսնելով: Ուղղակի էդ ամեն ինչն ինձ համար չափից դուրս շատ էր: Սովոր չեմ մարդկանց հետ էդքան շփվել: Դրա համար ուղղակի խնդրում եմ գոնե երկուշաբթի ինձ չզանգել ու թույլ տալ գոնե մի օր տանը վերընկնել (չի բացառվում, որ դրա պատճառով նույնիսկ Նորք չգնամ):