October 29th, 2007

(no subject)

Վիրաբուժության հիվանդությունների ցիկլ… Դասախոսը դուրս էր եկել ու չէր վերադառնում: Դա հատուկ է մեր բուհում դասավանդվող կլինիկական առարկաներին: Մենք էլ, լինելով հինգերորդ կուրսեցիներ, այսինքն՝ հիվանդանոցում պարապ նստելու մեծ փորձ ունենալով, մեզ հետ բերել էինք կողմնակի բաներ, որ չձանձրանանք: «Մաֆիա» խաղալու առաջարկ կար, բայց կարծես ոչ ոք հավես չուներ:
Սենյակում ահավոր աղմուկ էր: Մի քանիսն անկյունում հավաքված լուսանկարվում էին, մեկ ուրիշը հեռախոսով երաժշտություն էր միացրել, մյուսն անգլերեն էր պարապում, ես էլ ֆրանսերենս էի հանել, բարձրաձայն կարդում էի: Քիչ անց Վարդանը սկսեց ֆրանսերեն հանրահայտ երգերից նախադասություններ ասել, և ես փորձում էի թարգմանել: Չգիտեմ, թե ինչպես եղավ, որ խոսակցությունը բոլորովին այլ ուղղություն ստացավ:
- Հեմինգուեյն է իր գործերում շատ ֆրանսերեն արտահայտություններ օգտագործում,- ասաց Վարդանը:
- Հա՛, հատկապես «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպում:
- Ես հիմա հենց այդ գիրքն եմ կարդում:
- Ես էլ,- ասացի ու պայուսակիցս հանեցի նշված գիրքը:
Երևի նրանք, ովքեր փորձել են իմանալ, թե ինչու է պայուսակս միշտ այդքան ծանր, ստացան իրենց հարցի պատասխանը. հետս զանազան գրքեր-տետրեր եմ տանում, որ անվերջանալի դասամիջոցին չձանձրանամ:
Հետո մենք խորացանք գրքի բովանդակության մեջ: Հետաքրքիր ու գեղեցիկ տողերն էինք հիշում և պատմում միմյանք:
Անկեղծ ասած, ես զարմացել էի, որ իմ խմբեցու հետ կարող եմ նման թեմաների շուրջ զրուցել:
- Դու՞ էլ «Հրեշտակների քաղաքում» տեսար այդ գիրքը, դրա համար կարդացիր:
Ես նորից զարմացա. իմ սիրած ֆիլմերից էր, որտեղ հնչում են իմ սիրած երգերը, դեռ մի բան էլ ավելանում է մի գիրք, որն իմ սիրելիների ցանկում գրանցվելու բոլոր հնարավորություններն ունի… Ու չնայած այդքան շատ դիտել էի ֆիլմը, չէի նկատել, որ այդ գրքի մասին խոսվում է:
- Չէ՛, պարզապես այստեղ իմ սիրած գրողներից մեկի՝ Սքոթ Ֆիցջերալդի մասին է գրված, դրա համար էլ կարդում եմ… Ամբողջ Ամստերդամը ոտքի տակ եմ տվել, որ գտնեմ:

Մենք ապրում ենք շրջապատված բազմաթիվ մարդկանցով, որոնց չենք ճանաչում, չնայած գրեթե ամեն օր տեսնում ենք: Ուշադի՛ր եղիր, շփվի՛ր նրանց հետ, և դու հաստատ ինչ-որ փոքրիկ ընդհանրություն կգտնես… Գուցե պարզվի, որ երկուսդ էլ նույն գիրքն եք կարդում կամ նույն երաժշտությունն եք սիրում… Գուցե պարզվի, որ կարող եք շատ լավ ընկերներ լինել: